Hetq.am. Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ:

Էդքան խոսում են առավոտից իրիկուն՝ կոռուպցիայի դեմ պայքարենք։ Ձեզ թվում ա՝ կոռուպցիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞։ Է՛ս ա կոռուպցիան։

Նիկոլ Փաշինյան, ԱԺ պատգամավոր, 21.05.2014

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը (վարչապետի աներորդին) սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական կղզիներից մեկում գործարար, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ:

Էգեյան ծովի Միկոնոս կղզին մագնիսի պես ձգում է աշխարհի հայտնիներին ու հարուստներին: Աթենքից 150 կմ հեռավորության վրա գտնվող կղզին զբոսաշրջիկներին սկսել է գրավել 1920-ականներից, երբ հնագետներն ու անտիկ իրերի «որսորդները» այն բազա էին դարձրել՝ հարեւան Դելոս կղզու հնավայրեր այցելելու համար: Տարիներ անց այստեղ տեսան ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու այրուն՝ Ժակլինին, եւ նրա երկրորդ ամուսնուն՝ հույն մեծահարուստ Արիստոտել Օնասիսին: Հետո հերթը հասավ կինոաստղերին՝ Գրեյս Քելի, Բրիջիթ Բարդո, Սոֆի Լորեն: Լողափերով եւ յուրահատուկ խոհանոցով հայտնի Միկոնոսը երբեմն անվանում են նաեւ «քամիների կղզի», քանի որ այստեղ բավականին ուժեղ քամիներ են փչում, բայց դա չի խանգարում, որ հատկապես գիշերները տեղական ակումբներն ու ռեստորանները եռան զվարճացող այցելուներով:

Իսկ հայտնի այցելուների պակաս Միկոնոսը վերջին տասնամյակներում չի ունեցել. Մարլոն Բրանդո, Էլիզաբեթ Թեյլոր, Շերոն Սթոուն, Մել Գիբսոն, Փերիս Հիլթոն, Լեոնարդո Դի Կապրիո, Լինդսի Լոհան, Քեյթ Մոս…

Հայաստանի օրենսդիրներ Ալեն Սիմոնյանին, Էդուարդ Աղաջանյանին ու Հրաչյա Հակոբյանին այդ աստղերի շարքին չես դասի, նրանց դրսում գրեթե ոչ մեկ չի ճանաչում, եւ պապարացիներն ու «շարքային» տուրիստները նրանց չեն լուսանկարում ծովափում կամ փողոցում: Բայց այս անգամ եղավ հակառակը՝ հայ պատգամավորների զվարճանքները հայտնվեցին համացանցում:

Երբ օրեր անց ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցրեց, թե Սիմոնյանը որքան գումար է ծախսել հունական կղզում՝ նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է այդ հանգստի ծախսերը հոգացել (նկատի ուներ Վիգեն Բադալյանին), ԱԺ խոսնակը պատասխանեց. «Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»:

Սիմոնյանը, ով նախաձեռնեց եռակի բարձրացնել զրպարտության եւ վիրավորանքի համար դրամային փոխհատուցման չափերը, վերջին ամիսներին իր մասին քննադատական հրապարակումները ջանասիրաբար տեղավորում է դեղին մամուլի ու ստերի տիրույթում: Մեծ հաշվով, նրա իրավունքն է անձնական կյանքի վերաբերյալ հարցերին չպատասխանելը, բայց ցանկացած ժողովրդավար հասարակությունում հանրային ծառայողները խոշորացույցի տակ են, ինչը նորմալ է. նրանք աշխատավարձ են ստանում հանրության վճարած հարկերից գոյացող պետբյուջեից, հետեւաբար պաշտոնյայի ծախսերի վերաբերյալ հանրային հետաքրքրությունն էլ հիմնավոր է ու տրամաբանական:

Սեպտեմբերի 6-9-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց միջազգային երկու հավաքի: Դրա կազմում ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը չեն եղել, բայց նրանք Սիմոնյանի հետ գտնվել են Միկոնոսում: ԱԺ նախագահը «Հետքին» հայտնել է, որ մինչեւ Վիեննա մեկնելը արձակուրդում չի եղել, սակայն սեպտեմբերի 6-ին «Ինստագրամ» սոցցանցի իր էջում նա Հունաստանից լուսանկար էր հրապարակել կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ՝ գրելով՝ «3 օր հանգիստ միասին, երեք տարի անց»:

Սիմոնյանն ու ընկերները Միկոնոսում են եղել ամսի 6-ին նախորդող օրերին: Մեր հարցին, թե որ օրերին է եղել կղզում, պաշտոնյան պատասխանել է. «Մասնավոր կյանքին առնչվող մեկնաբանություններ չեմ անում»։ Այսկերպ նա պատասխանել է մեր 12 հարցից 5-ին:

Աղմուկ հանած տեսանյութը, որում պարում են ԱԺ խոսնակն ու վարչապետի աներորդի Հ. Հակոբյանը, նկարվել է սեպտեմբերի 4-ին: Տեսանյութը մոնտաժված է, բայց դրա մի դրվագում տեսանելի է ամսաթիվը: «Հետքը» պարզել է, որ տեսանյութում Միկոնոսի հյուսիսում գտնվող Պանորմոս ծովածոցի «Պրինսիպոտե» ռեստորանն է, որն ունի նաեւ լողափ՝ իր հարմարություններով (ինստագրամյան իր էջում այս լողափից լուսանկար է հրապարակել Սիմոնյանի կինը): Օնլայն ամրագրումների tripadvisor.com կայքում զգալի են բողոքներն այս ռեստորանի ու լողափի ծառայությունների վատ որակից եւ թանկ գներից: Ալեն Սիմոնյանը չի պատասխանել հարցին, թե ինչ կարծիք ունի ինքը, եւ արդյոք ԱԺ նախագահի համար մատչելի էր «Պրինսիպոտեն»:

Ռեստորանի տեսանյութում պարելիս երեւում են ոչ միայն Սիմոնյանն ու Հակոբյանը, այլեւ ԱԺ նախագահի կինն ու «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Բադալյան եղբայրներից կրտսերը՝ Վիգենը: Տեսանյութում նա սեւ-սպիտակ գլխարկով է, որը կարելի է տեսնել նաեւ գործարարի ֆեյսբուքյան նկարներում:

Սեպտեմբերի 5-ին համացանցում տարածվեցին նաեւ լուսանկարներ, որտեղ երեւում են կղզու ամենամեծ քաղաքի՝ Միկոնոսի «Void» գիշերային ակումբի մուտքի մոտ կանգնած Սիմոնյանը (հավանաբար, կնոջ հետ), Աղաջանյանը, Հակոբյանն ու Վիգեն Բադալյանը:

Ակումբն առաջարկում է տարբեր հարմարություններ՝ բար եւ պարահրապարակ, առանձին սեղաններ, VIP սրահ՝ առանձին DJ-ով եւ բարով: Ակումբի մուտքի գինը մեկ անձի համար 20-25 դոլար է, համերգներից շատերի համար վաճառվում են տոմսեր (30-35 դոլար), սակայն, կախված DJ-ի կամ կատարողի հայտնի լինելուց, այդ արժեքը բարձրանում է:

Ակումբում գործում է դրես կոդ: Մեկ կոկտեյլի գինն այստեղ 10-15 դոլար է, խմիչքի ամբողջ շշինը՝ 300-500 դոլար, կա նաեւ «bottle service», որը համարվում է ակումբի ծառայություններից օգտվելու եւ նախապես տեղ ամրագրելու լավագույն հնարավորությունը: Եթե սովորական այցելության դեպքում ակումբի հաճախորդները ծախսում են մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար դոլար, ապա «bottle service»-ի պարագայում ծախսերը բազմապատիկ ավելի են:

Թե որտեղ է ժամանակ անցկացրել ԱԺ նախագահը, ակամա օգնել են պարզել ինքն ու կինը՝ «Ինստագրամում» նկարներ հրապարակելով կղզու տարբեր կետերից: Սիմոնյանի հրապարակած լուսանկարն արվել է Միկոնոսի հարավային Օրնոս ծովածոցի մոտ: Այդտեղից լուսանկարներ է տեղադրել նաեւ պաշտոնյայի կինը՝ Մարիամ Մարգարյանը: Դրանց տեղորոշումը թույլ է տալիս ասել, որ ԱԺ խոսնակը ժամանակ է անցկացրել «Marriott» համաշխարհային ցանցի «Santa Marina» 5-աստղանի հանգստավայրում, որն Օրնոս ծոցի ափին առաջարկում է հյուրանոցային համարներ ու վիլլաներ, սպա կենտրոն, բարեր եւ ռեստորան, ընդհանուր լողավազան եւ լողափ: Ալեն Սիմոնյանի կնոջ հրապարակած լուսանկարներն արվել են հյուրանոցային համարներից մեկի բացօթյա պատշգամբում եւ «Buddah-Bar»-ում: Վերջինս եւս համաշխարհային ցանց է՝ ներկայացված տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Միկոնոսում: Այն առաջարկում է ասիական խոհանոց եւ ծովամթերքներ: Օրինակ՝ սեւ խավիարի 28 գրամը 280 եվրո է, մեկ անձի համար ճաշի արժեքը՝ 107-150 եվրո:

Hetq.am

Ի՞նչ են արել կենսաթոշակային ֆոնդերի փողերը

Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում ահռելի գումարներ են կուտակվել։ Բանկային համակարգին չեն հասնում, բայց նաև փոքր գումարներ չեն։ Պետական բյուջեին կիսով չափ են զիջում։ Խոսքը գրեթե 1.5 տրիլիոն դրամի մասին է, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է ավելի քան 4 մլրդ դոլարի։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքն արդեն 5 օր է՝ աշխատում է մասամբ։ Կայքում հնարավոր չէ մուտք գործել հայտարարագրերի ռեեստր, որտեղ հրապարակվում են պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը։ Բանն այն է, որ հունիսի 1-ին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվել էր։ ԿԿՀ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ կայքում առկա է տեխնիկական խնդիր, եւ հնարավոր չէ ժամկետներ նշել, թե երբ հայտարարագրերի ռեեստրը նորից հասանելի կդառնա

Կարդալ ավելին

​Ում բաժին հասան քովիդյան միլիարդները. մատակարարներ, հրատապ գնումներ և պայմանագրեր առանց մրցակցության

​Հրատապ գնումների մասին տվյալների հրապարակումից հետո հնարավոր դարձավ հետևել, թե որ ընկերություններին են բաշխվել համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները։ Հրապարակված պայմանագրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ֆինանսավորման խոշորագույն ծավալները կենտրոնացած էին պատվաստանյութերի միջազգային մատակարարների և երկրի ներսում խոշոր կապալառուների սահմանափակ շրջանակի շուրջ։

Կարդալ ավելին

​Համավարակ առանց տենդերների. ինչպես տասնյակ միլիարդավոր դրամներ դուրս բերվեցին պետական գնումների սովորական ռեժիմից

​Համավարակի շրջանում իշխանությունների առաջին որոշումներից մեկը դարձավ քովիդյան գնումների փաստացի դուրսբերումը պետական վերահսկողության ստանդարտ համակարգից։ Ավելին, 2020 թվականի մարտի 12-ին ընդունված որոշմանը տրվեց հետադարձ ուժ. դրա գործողությունը տարածվեց հունվարի 25-ից կնքված գործարքների վրա, երբ Հայաստանում դեռևս կորոնավիրուսի ոչ մի պաշտոնական դեպք չէր գրանցվել։ Երկրում COVID-19-ի առաջին պաշտոնական դեպքն արձանագրվել էր միայն մարտի 1-ին։

Կարդալ ավելին

«Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Երևանի Սարյան փողոցի բնակիչների շուրջ ստեղծված իրավիճակը գնալով ավելի շատ է հիշեցնում երկու տասնամյակ առաջ Բյուզանդի և Արամի փողոցներում տեղի ունեցած իրադարձությունները։ Այն ժամանակ իշխանությունները քաղաքացիներին զրկում էին իրենց տներից՝ «Հյուսիսային պողոտայի» կառուցման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այսօր նույն տրամաբանությունը վերադարձել է նոր փաթեթավորմամբ՝ «Համաշխարհային առևտրի կենտրոնի» ծրագրի անվան տակ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև