Տիգրան Ավինյանի եկամուտները. աշխատավարձ, նվերներ և կրիպտոարժույթ

​2018-2024 թվականներին Տիգրան Ավինյանի պաշտոնական տարեկան եկամուտն աճել է 13,27 մլն դրամից և 14,6 հազար դոլարից մինչև 54,62 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան չորս անգամ։ Եթե առաջին տարիներին մուտքերի հիմքը պետական աշխատավարձն էր, ապա 2022 թվականից հետո եկամուտների կառուցվածքը զգալիորեն փոխվեց։

​2018 թ. Ավինյանը հայտարարագրել է 12,4 մլն դրամ աշխատավարձ,

2019 թ.՝ արդեն 19,65 մլն դրամ,

​2020 թ.՝ 24,61 մլն դրամ։

​2021 թ. եկամուտը նվազել է մինչև 19,15 մլն դրամ, ինչից հետո սկսվել է նոր աճ։

2022 թվականը բեկումնային դարձավ։ Բացի աշխատավարձից հայտարարագրում հայտնվեցին 13,19 մլն դրամ «Հայբիզնեսբանկի» հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրից, 11 մլն դրամ դրամական նվեր Արմեն Ավինյանից, 19,3 մլն դրամի գույք՝ բնաիրային տեսքով, 5,21 մլն դրամի վճարումներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, 5,41 մլն դրամի եկամուտ Poolin-ից և 3,7 մլն դրամ աշխատավարձ քաղաքապետարանից։ Տարվա ընթացքում դրամական մուտքերը կազմել են 38,52 մլն դրամ՝ չհաշված գույքը։

2023 թվականին եկամուտը հասել է 45,4 մլն դրամի։ Դրանից 20,07 մլն դրամը կազմել է քաղաքապետարանի աշխատավարձը, 11,3 մլն-ը ստացվել է Poolin-ից, ևս 14,03 մլն դրամ ստացվել է ավտոտնակը Երևանի քաղաքապետարանի կառույցին վաճառելուց։ Ձևականորեն խոսքը գործարքի մասին էր, սակայն փաստացի գույքը վաճառվել էր այն համակարգին, որն Ավինյանն այդ պահին գլխավորում էր։

​2024 թվականին գրանցվել է նոր առավելագույն ցուցանիշ՝ 54,62 մլն դրամ: Այս գումարից 27,34 մլն դրամը կազմել է քաղաքապետի աշխատավարձը, 2,98 մլն-ը՝ քաղաքապետարանից ստացված այլ վճարումներ, ևս 24,3 մլն դրամ ստացվել է Poolin-ից:

​Միաժամանակ աճել են նաև ակտիվները։ Բանկային հաշիվները 2023 թվականի սկզբի 1,89 մլն դրամից տարվա վերջին հասել են 16,64 մլն դրամի, իսկ 2024 թվականի վերջին կազմել են 13,71 մլն դրամ։ Կանխիկ միջոցները հասել են 24,43 մլն դրամի:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ընտանիքի կրիպտո-պորտֆելը։ Դեռևս 2017 թվականին Ավինյանն ու իր հայրը, ըստ սեփական հայտարարությունների, կրիպտոարժույթներում ներդրել էին շուրջ 80 հազար դոլար։ Ավելի ուշ ընտանեկան ընկերություններից մեկը կառուցել է 1,5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան, որի էլեկտրաէներգիան օգտագործվում էր մայնինգի համար։

​2024 թվականի վերջին Ավինյանը հայտարարագրել է 4,57 Bitcoin, 5 Ethereum և 1 483 ADA Cardano: Այդ ժամանակահատվածի շուկայական գնահատականներով՝ միայն բիթքոյնների արժեքը գերազանցում էր 500 հազար դոլարը: Դրան զուգահեռ աճել են նաև Poolin-ից ստացվող մուտքերը՝ 2022 թվականի 5,4 մլն դրամից 2024 թվականին հասնելով 24,3 մլն դրամի։

​Ընդհանուր պատկերը բացահայտ է. իշխանության գալուց հետո Ավինյանի եկամուտներն աճել են արդեն ոչ միայն պաշտոնեական աշխատավարձի, այլև արտաքին վճարումների, նվերների, գույքային գործարքների, կրիպտո-եկամուտների և ակտիվների կուտակման հաշվին։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև