«Ազատություն». իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի նախընտրական շտաբների գրեթե մեկ երրորդը ստացել է անհատույց

«Ազատություն» ռադիոկայանի իրականացրած հետաքննությունը  հարցեր է առաջացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում լրագրողները պարզել են, որ կուսակցության նախընտրական ենթակառուցվածքի զգալի մասը նրան տրամադրվել է անհատույց՝ տարբեր ֆիզիկական անձանց կողմից, որոնց թվում կան գործող պաշտոնյաներ, խոշոր գործարարներ, ինչպես նաև նախկին և ներկայիս քաղաքական ու տնտեսական ազդեցիկ շրջանակների հետ փոխկապակցված անձինք։

«Ազատության» տվյալներով՝ միայն Երևանում «Քաղաքացիական պայմանագիրն» ունեցել է 106 նախընտրական շտաբ, որոնցից առնվազն 36-ը, այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր երրորդը, կուսակցությունը ստացել է անհատույց օգտագործման իրավունքով։ Շատ դեպքերում պայմանագրերը կնքվել են պաշտոնական քարոզարշավի ամբողջ ժամանակահատվածի համար՝ մայիսի 1-ից մինչև հունիսի 15-ը։

Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ անշարժ գույքի անհատույց տրամադրումը համարվում է բնեղեն նվիրատվություն և ենթակա է արտացոլման կուսակցության ֆինանսական հաշվետվություններում։

Հետաքննությունը ներկայացնում է նման նվիրատվությունների մի շարք օրինակներ։

Այսպես, Երևանի Էրեբունի վարչական շրջանում 340 քառակուսի մետր մակերեսով տարածք «Քաղաքացիական պայմանագրին» տրամադրել է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի կինը՝ «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը։ Շտաբը տեղակայված է եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարևանությամբ։

Նույն վարչական շրջանում մեկ այլ տարածք կուսակցությանը տրամադրել է Արտակ Գևորգյանը։ «Ազատությունը» նշում է, որ նրա ընտանիքը կապված է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունների հետ։ Այդ ընկերությունների մի շարք ակտիվներ նախկինում ընդգրկված են եղել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատավարություններում։

Էրեբունու մեկ այլ շտաբ էլ տեղակայվել է «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտի սեփականատեր Հակոբ Սաֆարյանի տրամադրած տարածքում։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ անցած տարի նրա ընկերության գործունեությունը ժամանակավորապես կասեցվել էր սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով, իսկ ավելի ուշ գործարարի անունը կրկին հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում՝ իրեն պատկանող Bentley Continental մակնիշի ավտոմեքենայի գողության առնչությամբ։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում կուսակցությանը անվճար տրամադրված տարածքներից մեկը գտնվում է Բրյուսովի փողոցում։ Այն պատկանում է Վարազդատ Ղիմոյանին։ «Ազատությունը» հիշեցնում է, որ վերջինիս հայրը՝ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ Միքայել Ղիմոյանը, անցնում է կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով։ Գործի դատաքննությունը դեռ շարունակվում է։

Կասկադի տարածքում գտնվող՝ Երևանի ամենաթանկ հատվածներից մեկում, 177 քառակուսի մետր մակերեսով մեկ այլ տարածք կուսակցությանը տրամադրել է Աննա Գևորգյանը՝ Ռուսաստանում բնակվող գործարար Արգամ Վերդյանի կինը։ Ինչպես նշում է «Ազատությունը», Վերդյանը Մոսկվայում զբաղվում է բիզնեսով, ղեկավարում է բարեգործական հիմնադրամ և նախկինում ընդգրկված է եղել Արա Աբրահամյանի ղեկավարած Ռուսաստանի հայերի միության կազմում։

Հետաքննության համաձայն՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում 450 քառակուսի մետր մակերեսով գրասենյակ «Քաղաքացիական պայմանագրին» անհատույց տրամադրել է Համլետ Սիմոնյանը՝ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին։

Աջափնյակ վարչական շրջանում կուսակցության շտաբի համար տարածք է տրամադրել Ռոզա Շիրինյանը։ Լրագրողները նշում են, որ նրա թոռնուհին աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում՝ որպես դատախազ։

Առանձին ուշադրություն է դարձվում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին։ Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը կուսակցությանը անհատույց տրամադրել է իրեն պատկանող երկու տարածք, իսկ ևս մեկ՝ 515 քառակուսի մետր մակերեսով շտաբ տրամադրել է նրա ազգական Ամասիա Սեդրակյանը՝ «Բիգ էներգո» ընկերության սեփականատերը։ «Ազատությունը» հիշեցնում է, որ այս ընկերությունը նախկինում հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում՝ պետական էներգետիկ կառույցների հետ կնքված պայմանագրերի կատարման ընթացքում ենթադրյալ ֆինանսական չարաշահումների գործով։ Ինքը՝ Ամասիա Սեդրակյանը, 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։

Հետաքննության հեղինակները շեշտում են, որ նման անհատույց տրամադրումները քաղաքական կուսակցությանը կատարված նվիրատվություններ են և օրենքի պահանջով պետք է ներառվեն կուսակցության ֆինանսական հաշվետվություններում։

Միաժամանակ «Ազատությունը» հիշեցնում է, որ դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկին անկախ դիտորդները բարձրաձայնել էին իշխող կուսակցության հնարավոր ապօրինի բնեղեն ֆինանսավորման վերաբերյալ մտահոգությունները։

Լրատվամիջոցը նաև անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման շուրջ նախկինում ծագած այլ հարցերին։ Մասնավորապես, հիշատակվում է Fast Bank-ի աջակցությամբ անցկացված «Խաղաղության ձայնը» խորագրով համերգների պատմությունը։ «Ազատության» տվյալներով՝ միջոցառումները ակտիվորեն գովազդվել էին իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից, իսկ դրանց անվանումը համընկնում էր «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսներից մեկի հետ։ Չնայած այդ կապակցությամբ ներկայացված դիմումներին՝ քրեական վարույթ այդպես էլ չի նախաձեռնվել, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել։

Բացի այդ, արդեն երկրորդ տարին է շարունակվում է 2022 թվականին «Քաղաքացիական պայմանագրի» ենթադրյալ ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Վարույթը հարուցվել էր նվիրատվությունների թույլատրելի առավելագույն չափը գերազանցելու և օրենքով չթույլատրված աղբյուրներից ֆինանսավորում ստանալու հատկանիշներով։ Նույն թեմայով մեկ այլ քրեական վարույթ, որը վերաբերում էր կուսակցության օգտին առանձնապես խոշոր չափերով ենթադրյալ ապօրինի նվիրատվություններին, հետագայում կարճվել է։

Այսպիսով, «Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը կրկին հանրային ուշադրության կենտրոն է բերել իշխող կուսակցության ֆինանսավորման թափանցիկության և քաղաքական նվիրատվությունների օրինականության հարցը։ Թե արդյոք հրապարակված փաստերը կստանան իրավական գնահատական իրավասու մարմինների կողմից, առայժմ մնում է բաց հարց։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև