Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»» վերնագրով հոդվածը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրվել էր 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը տրամադրվել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի մայր ընկերության՝ Lion Finance Group-ի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար (FTSE 100) ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։

Քանի որ լուսաբանող նյութերում երևում էր, որ նախարարին ուղեկցում է նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումներ էր ուղարկել երկու գերատեսչություններին՝ պարզելու այս թանկարժեք և կասկածելի ուղևորության, պաշտոնյաների կանանց ուղեկցության և լոնդոնյան գերթանկարժեք ընթրիքի մանրամասները։ Եվ այսպես՝ ստացված պատասխաններն ավելի շատ նոր հարցեր են ծնում, քան փարատում կասկածները, հատկապես՝ Ֆինանսների նախարարության մասով։

Մասնավոր ինքնաթիռն ու պետբյուջեն

«Ժողովուրդ» օրաթերթը հարցրել էր, թե արդյոք հայտարարագրված 567 հազար 463 դրամը ներառում է նաև ԿԲ նախագահի թռիչքը, և եթե նա չի օգտվել դրանից, ինչո՞ւ է նախարարը գնացել այդ քայլին։

ԿԲ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ Մարտին Գալստյանը չի օգտվել մասնավոր ինքնաթիռի այդ նվերից։ Նրա մասնակցության բոլոր ծախսերը (մեկնում, կացություն և այլն) իրականացվել են ԿԲ նախագահի գործուղման բյուջեի միջոցների հաշվին։

Ստացվում է, որ ոլորտային գերատեսչության ղեկավարը մեկնել է պետական բյուջեի հաշվին, իսկ քաղաքական պաշտոն զբաղեցնող Ֆինանսների նախարարն ընդունել է կես միլիոն դրամը գերազանցող մասնավոր թռիչքը որպես նվեր։

ԿԲ նախագահն էլ է կնոջ հետ մեկնել՝ բանախոսության

Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե արդյոք ԿԲ նախագահին ուղեկցել է կինը, և ով է վճարել նրա ծախսերը, ԿԲ-ն հաստատել է կնոջ ներկայությունը՝ նշելով, որ ընտանիքի անդամների ճամփորդությունն իրականացվել է անձնական միջոցների հաշվին և ենթակա չէ հայտարարագրման։

Իսկ ահա լոնդոնյան չափանիշներով անգամ գերթանկարժեք համարվող ռեստորանում կազմակերպված ճաշկերույթին ԿԲ նախագահի և նրա կնոջ մասնակցության վերաբերյալ ԿԲ-ն նշել է, որ Lion Finance Group-ի կազմակերպած ընթրիքին ԿԲ նախագահը հրավիրված է եղել որպես բանախոս՝ Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարը միջազգային ներդրումային համայնքին ներկայացնելու նպատակով։

ԿԲ-ն պարզաբանել է, որ նման միջոցառումները երկիրը միջազգային ֆինանսական շրջանակներում առավել տեսանելի դարձնելու լավ առիթներ են։

Ֆինանսների նախարարությունը թաքցնում է ամենակարևորը․ ո՞վ է վճարել կնոջ և գերթանկարժեք ընթրիքի համար

Եթե Կենտրոնական բանկը գոնե փորձել է կետ առ կետ անդրադառնալ մեր հարցերին, ապա Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ղեկավարած կառույցն ընտրել է տեղեկատվությունը կոծկելու և հարցերից խուսանավելու ամենապարզունակ ճանապարհը։

«Ժողովուրդ» օրաթերթը հստակ հարցրել էր՝ արդյո՞ք նախարարին ուղեկցել է կինը, և եթե այո, ապա ինչո՞ւ այդ փաստը և ծախսերը չեն հայտարարագրվել։ Մենք հարցրել էինք նաև գերթանկարժեք ճաշկերույթին նախարարի և նրա տիկնոջ մասնակցության ու դրա չհայտարարագրման մասին։

Ֆինանսների նախարարությունը, ի դեմս նախարարի, ուղղակի խուսափել է պատասխանել կնոջն ու ռեստորանային թանկարժեք հաճույքներին վերաբերող հարցերին՝ բառացիորեն ոչ մի տող չգրելով դրանց մասին։ Փոխարենը գերատեսչությունը բավարարվել է լղոզված ձևակերպմամբ, թե նվերներ ստանալն ու հայտարարագրելը կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով, և որ նախարարի նվերները «հաշվառված են սահմանված կարգով»։

Փաստացի ստացվում է, որ նախարարությունը ոչ հերքել է, ոչ հաստատել նախարարի կնոջ մեկնումը․ պարզապես խուսափել է պատասխանել։

Այսպիսով, տոմսը հայտարարագրել են, բայց կնոջ ուղևորությունն ու հարյուրավոր, գուցե հազարավոր ֆունտ ստեռլինգ արժեցող ընթրիքը նախարարը որոշել է կոծկե՞լ։

Politik.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև