"Հրապարակ"․ Կոտայքի թեմի առաջնորդի ճոխ նվիրատվությունները՝ ՊՎԾ պետին

14 հունիս, 2019,  Հրապարակ օրաթերթը գրում է․

«Էն ամեն ինչը, այդ թվում՝ շարժական եւ անշարժ գույքը, ես առաջին իսկ պահից հայտարարագրել եմ, հետեւաբար, հստակ կարելի է ֆիքսել, որ դա չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, ինչը պաշտոնատար անձի համար հաշվետու լինելու հիմնական ցուցանիշն ու չափորոշիչն է»․ 28 տարեկանում իր պատկառելի ունեցվածքն այսպես է բացատրում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Նա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 30 մլն դրամ, 48 հազար դոլար, 4 հողամաս, 2 անհատական բնակելի տուն` հողամասով, տնտեսական շինություններով, այլ անշարժ գույք, ավտոտնակ, ավտոհանգրվանով եւ ավտոկայանատեղիով։ Հայտարարագրում նաեւ մեկ շարժական գույք է նշված՝ Mercedes C-180 ավտոմեքենա, որն իր ողջ ունեցվածքի թերեւս ամենահամեստ գույքն է։

Երբ աղմուկ բարձրացավ, թե որտեղից երիտասարդ պաշտոնյային այսքան ունեցվածք, նա պարզաբանեց, թե հայտարարագրում ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին։ Գումարների մի մասն էլ, ըստ Քյարամյանի պարզաբանման, ձեւավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականների եւ ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից։

Այս բացատրությունից հետո սոցցանցում սկսվեցին տարատեսակ զվարճալի մեկնաբանություններ՝ կասկածի տակ դնելով նման առատաձեռն քեռու գոյությունը։ Ապա տեղեկություն տարածվեց, թե այս ամենի հիմնական «հովանավորը» նրա հայրն է՝ Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը (Առաքել եպիսկոպոս), որը, սակայն, հերքել է նրա հայրը լինելու հանգամանքը՝ նշելով, թե Արգիշտին իր հորեղբոր թոռն է։ Սակայն Արգիշտի Քյարամյանի հայրանունը հենց Էլբեկ է։ Հայաստանում էլ, ըստ ՀՀ ընտրողների պետռեգիստրի, միայն մեկ Էլբեկ Քյարամյան կա։ Արգիշտի Քյարամյանն էլ իր հարցազրույցներից մեկում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր՝ Էլբեկ Քյարամյանն իր հա՞յրն է, թե՞ ոչ․ նա դա համարում է անձնական տվյալ։ Հոր ու որդու այս տարօրինակ հարաբերությունները, երբ հայրը չի «ճանաչում» որդուն, որդին էլ չի ուզում բացահայտել, թե ով է հայրը, «պարզաջրում» են մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը, որոնցով ակնհայտ է դառնում, թե ով է Արգիշտի Քյարամյանին այսքան անշարժ գույք նվիրաբերել։ Խոսքն այն հողամասերի ու բնակելի տների, շինությունների մասին է, որոնց վերաբերյալ տվյալներն Արգիշտի Քյարամյանի ներկայացրած հայտարարագրում պաշտպանված են, այսինքն՝ փակ են։

Օրինակ․ Էլբեկ Երեմի Քյարամյանը՝ գրանցված Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, 2016 թվականի հունվարի 29-ին նոտարական վավերացմամբ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր է կնքել Արգիշտի Էլբեկի Քյարամյանի հետ՝ նրան նվիրաբերելով կամ անհատույց սեփականության հանձնելով Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2 բնակելի տունը՝ հողամասով եւ շինությունով ամբողջությամբ։

Նույն օրը՝ 2016-ի հունվարի 29-ին, Արգիշտի Քյարամյանի հետ անշարժ գույքի նվիրատվության եւս մեկ պայմանագիր է կնքվել, որով Ա․ Քյարամյանին են անհատույց սեփականության իրավունքով հանձնվել արդեն Երանոս համայնքի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 8 հողամասի 1/2-ական բաժիններն ամբողջությամբ։ Այս դեպքում նվիրատուները երկուսն են՝ Էլբեկ Երեմի Քյարամյանն ու Լարիսա Ռուբենի Գրիգորյանը։ Վերջինս, ինչպես երեւում է, Արգիշտի Քյարամյանի մայրն է, սակայն, ի տարբերություն Երանոսում հաշվառված Էլբեկ Քյարամյանի, հաշվառված է Երեւանում՝ Քանաքեռ-Զեյթունում, Մ․ Մելիքյան փողոցում։ Ի դեպ, Արգիշտի Քյարամյանը նույնպես Քանաքեռ-Զեյթունում է հաշվառված, պարզապես՝ Ա․ Ահարոնյան փողոցում, որտեղ ունի շքեղ առանձնատուն։ Արգիշտին ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի։ Դստեր անունը հենց Լարիսա է, իսկ որդունը՝ Առաքել, որն Էլբեկ Քյարամյանի եկեղեցական անունն է։ Այսինքն՝ այստեղ միայն ԴՆԹ անալիզն է պակասում՝ հաստատելու, որ Էլբեկ եւ Արգիշտի Քյարամյանները հայր եւ որդի են։ Նույն ամսաթվով կնքված մեկ այլ պայմանագրով էլ Էլբեկ Քյարամյանն ու Լարիսա Գրիգորյանը Արգիշտի Քյարամյանին են նվիրել Երանոս համայնքի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 4 հողամասի նվիրատուներին պատկանող 1/3-ական բաժիններն ամբողջությամբ։

Նույն օրը կնքված եւս մեկ պայմանագրով այս նույն զույգը՝ Էլբեկ Քյարամյանն ու Լարիսա Գրիգորյանը, Արգիշտի Քյարամյանին են նվիրաբերել Երանոս համայնքում գտնվող մեկ այլ հողամաս՝ 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 6 հողամասի իրենց պատկանող 1/2-ական բաժիններն ամբողջությամբ։ Բայց սա դեռ ամենը չէ։ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին նոտարական կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Էլբեկ Քյարամյանն Արգիշտի Քյարամյանին է նվիրաբերել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Սարալանջի 2-րդ նրբանցք, թիվ 7 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը, որն իրենից ներկայացնում 0.10 հա մակերեսով հողամաս՝ հանգստի համար նախատեսված նպատակային նշանակությամբ։ Մենք տեղեկացանք, որ Ծաղկաձորում գործող նորակառույց «Էլեգանտ» հյուրանոցի մի մասը հենց այս հողամասի վրա է կառուցված։ Հյուրանոցն էլ պատկանում է Արգիշտի Քյարամյանի բարեկամներին, որոնք Երանոս գյուղից են։

Նույն ամսաթվով՝ 2015 թվականի դեկտեմբերի 28, կնքված մեկ այլ պայմանագրով Էլբեկ Քյարամյանն Արգիշտի Քյարամյանին է նվիրաբերել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 43 փողոց, թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը։ Այն իրենից ներկայացնում է 115.3 քմ մակերեսով կիսակառույց բնակելի տուն, 12.15 քմ մակերեսով ջրավազան, 0.1054 քմ մակերեսով հողամաս։ Այդ օրը կնքվել է եւս մեկ նվիրատվության պայմանագիր։ Սրանով էլ Էլբեկ Քյարամյանն Արգիշտի Քյարամյանին է նվիրել արդեն Երեւանի Ա․ Ահարոնյան փողոցում գտնվող թիվ 53 անշարժ գույքը, որն իրենից ներկայացնում է 477.7 քմ մակերեսով բնակելի տուն՝ 55.3 գծամետր պարսպով, 0.0442 քմ մակերեսով հողամասով։ Սա այն հասցեն է, որտեղ գրանցված է Արգիշտի Քյարամյանը՝ ք․ Երեւան, Ա․ Ահարոնյան 53։ Այսինքն՝ նրա ողջ անշարժ գույքը՝ հողամասեր, բնակելի տներ, շենք-շինություններ, նվիրել է հայրը՝ Կոտայքի թեմի երկարամյա առաջնորդ Էլբեկ Քյարամյանը, որից, չգիտես ինչու, հրաժարվում է Արգիշտի Քյարամյանը։ Իսկ եթե նույնիսկ հայրը չէ, ինչը գրեթե անհավանական է թվում, ապա ո՞վ է Էլբեկ Քյարամյանն Արգիշտի Քյարամյանի համար, որ այսքան մեծ շռայլություններ է թույլ տվել՝ նման խոշոր չափի ունեցվածք նվիրաբերելով մեկին, ում հետ ազգակցական կապն այդպես էլ կողմերից որեւէ մեկը «դուխով» չի հաստատում։

Եվ սա դեռ Արգիշտի Քյարամյանի՝ հայտարարագրում ներկայացված ունեցվածքն է։ Չի բացառվում՝ երիտասարդ պաշտոնյան իր անունով գրանցված կամ իրեն պատկանող էլի շարժական կամ անշարժ գույք ունի, որը ներկայացված չէ հայտարարագրում։ Բայց այստեղ մեկ այլ հարց է առաջանում՝ որտեղի՞ց Կոտայքի թեմի առաջնորդին այսքան պատկառելի հարստություն, ով թվում է, պետք է ժուժկալ կյանքով ապրող մի համեստ հոգեւորական լիներ (ինչպես մեր հոգեւորականների մեծամասնությունն է), որ դեռ նվիրաբերել է իր «հորեղբոր թոռանը», ինչպես նշել էր ինքը հարցազրույցում։

«Հրապարակ օրաթերթ»

Դարի գործարքը, թե՞ կոռուպցիոն սխեմա․ պետական եվ կալանքի տակ գտնվող գույքի վաճառքը Նարեկ Նալբանդյանին

Գրոշներով վաճառված հյուրանոց։ Նախկին վարչապետի առանձնատուն, որն իրացվել է՝ չնայած դրա նկատմամբ դրված կալանքին։ Երկրի խոշորագույն ցեմենտի գործարաններից մեկը, որն անցել է մեկ գործարարի ձեռքը։ Եվ վարչապետ, որը հրապարակավ անիծում է նրա անունը։ Նարեկ Նալբանդյանի պատմությունը մի դետեկտիվ պատմություն է այն մասին, թե ինչպես մի քանի տարվա ընթացքում սուպերմարկետների ցանցի համեստ սեփականատերը դարձավ Հայաստանի ամենաաղմկահարույց ակտիվների գլխավոր ձեռքբերողներից մեկը։ Եվ այն մասին, թե ինչու պաշտոնյաները դրանում կոռուպցիա չեն տեսնում։

Կարդալ ավելին

Ստվերային տոնախմբություն․ ինչպես երկու ընկերություններ առանց մրցույթի ավելի քան 7 միլիարդ դրամ ստացան Երևանի զարդարման համար

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը բացահայտել է մի սխեմա, որի շրջանակում պետական միջոցները զանգվածաբար, շրջանցելով օրենքը, փոխանցվում են երկու փոխկապակցված ընկերությունների։ Նրա գնահատմամբ՝ ծառայությունների իրական արժեքը ստացված գումարների ընդամենը 10–15 տոկոսն է կազմում։ Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության (ՀԱՆ) լրագրողական հետաքննությունն ուսումնասիրել է այս սկանդալի մանրամասները։

Կարդալ ավելին

ORAGIR.NEWS. 1 մլրդ. 450 հազար դրամի վերանորոգում՝ Աննա Հակոբյանի ազգականի ղեկավարած պոլիկլինիկայում

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքում հունիսից մեկնարկել են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Գյումրիի ամենամեծ և ամենահին պոլիկլինիկաներից մեկը հիմնանորոգվում է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի ներդրմամբ։

Կարդալ ավելին

75 միլիոն դրամ՝ մի դռան համար․ Փաշինյանի իշխանության նոր «գլուխգործոցը»

Հայաստանի կառավարությունը 2025 թվականի դեկտեմբերին որոշում է ընդունել, որը, անկախ փորձագետների կարծիքով, պետական միջոցների բացահայտ ոչ նպատակային օգտագործման ցայտուն օրինակ է։ Խոսքը լոնդոնյան «Sam Fogg» պատկերասրահից XII դարի դռան փեղկ ձեռք բերելու մասին է։ Գործարքի արժեքը՝ ներառյալ առաքումը, կազմել է 175 մլն 360 հազար դրամ՝ մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար։

Կարդալ ավելին

Հանրային Տրիբունալ․Պետական տեռոր՝ ժողովրդավարության մասին փաշինյանական դասերը

Հայաստանում՝ մի երկրում, որն իշխանությունների շուրթերով 2018 թվականից ի վեր հպարտորեն իրեն հռչակում է «ժողովրդավարության բաստիոն», այսօր քաղբանտարկյալների թիվը հասնում է 248 -ի։ Իրավապաշտպանները ահազանգում են, միջազգային դիտորդները խոսում են «քաղաքական բռնաճնշումների» և «ավտորիտար միտումների» մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին երդվում էր, թե «թավշյա հեղափոխությամբ» Հայաստանում սկսվել է օրենքի գերակայության դարաշրջանը, այսօր առավոտից երեկո հրահանգներ է տալիս՝ հաջորդը ում պետք է ձերբակալել։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև