«Հրապարակ». Իշխանությունը գտել է Կաթողիկոսի գործը քննելու համար «ամենահարմար» թեկնածուին

Արդեն հայտնի է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործը փոխանցվել է նոր դատավորի։ Այն քննելու է Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը։ 29-ամյա դատավորը դեռևս նոր նիստի օրը չի նշանակել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ հրաժարվելով քննել այս գործը։

Սերժ Ռուշանյանը դատավոր է նշանակվել 2023 թվականին։ Մինչ այդ նա աշխատել է Արդարադատության նախարարությունում, իսկ 2017–2020 թվականներին եղել է «Արդարադատություն և իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության նախագահը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից պարզվում է, որ 2025 թվականի հունվարին Սերժ Ռուշանյանը տատիկից և պապիկից նվեր է ստացել Երևանում գտնվող բնակարան, որը մեկ ամիս անց նվիրել է իր հորը՝ Արտյոմ Ռուշանյանին։ 2025 թվականին նա նաև 4 մլն դրամով վաճառել է նախկինում նվեր ստացած Land Rover ավտոմեքենան։ Նույն թվականին Ռուշանյանը դարձել է 2025 թվականի արտադրության Toyota ավտոմեքենայի սեփականատեր։ Նրա բանկային հաշվին առկա է եղել 145 հազար 247 դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 13,5 մլն դրամ։ Ռուշանյանն ունի հիփոթեքով ձեռք բերված բնակարան, որի հիմնական պարտքի մնացորդը կազմում է 26,3 մլն դրամ։ Բացի այդ, նա ունի այլ վարկեր՝ ընդհանուր 13,8 մլն դրամի չափով։

Տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 40 մլն 598 հազար դրամ, որից՝

• 5,5 մլն դրամ՝ ստացված վարկ,

• 4 մլն դրամ՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված միջոցներ,

• 2,3 մլն դրամ՝ եկամտային հարկի վերադարձ,

• 13 մլն 240 հազար դրամ՝ աշխատավարձ,

• 8 մլն դրամ և 20 հազար դոլար՝ հարսանեկան նվերներ։

Նրա հետ բնակվող քույրը՝ Միլենա Ռուշանյանը, աշխատում է նոտար Հելեն Արամյանի օգնական։ Նրա հայրը և տատիկը անհատ ձեռնարկատերեր են, իսկ մայրը աշխատում է տատիկի ԱՁ-ում՝ որպես մենեջեր։ Մայրը՝ Մարգարիտա Մելքոնյանը, համատեղ սեփականության իրավունքով հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ 2014 թվականին ձեռք բերված հողամաս, 2022 թվականին գնված ավտոտնակ և 2024 թվականին ձեռք բերված առանձնատուն։ Բացի այդ, նա հայտարարագրել է 3 մլն դրամ կանխիկ գումար։ Նրա եկամուտների մեջ ներառվել է նաև սկեսրոջ կողմից վճարված 107 հազար 640 դրամ աշխատավարձը։

Դատավորի քրոջ՝ Միլենա Ռուշանյանի նկատմամբ տատիկը՝ Ալվարդ Ալոյանը, նույնպես առատաձեռն է գտնվել՝ նրան նվիրելով 3 մլն դրամ։ Դատավորի օգնականի պաշտոնում Միլենան ստացել է 954 հազար դրամ աշխատավարձ։ Հայրը՝ Արտյոմ Ռուշանյանը, հայտարարագրել է 2025 թվականին Երևանում ձեռք բերված առանձնատուն։ Նրա սեփականության տակ են նաև Toyota և Nissan մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ձեռք են բերվել համապատասխանաբար 2017 և 2024 թվականներին։ Նա հայտարարագրել է 25 մլն դրամ կանխիկ գումար։ Բացի այդ, նրա մայրը՝ Ալվարդ Ալոյանը, նրան նվիրել է 5 մլն դրամ։

Դատավորի պապը՝ Սերժիկ Ռուշանյանը, թոշակառու է։ Նա հայտարարագրել է 559 հազար դրամ եկամուտ՝ ստացված կենսաթոշակի տեսքով, ինչպես նաև 12 մլն 900 հազար դրամ կանխիկ գումար։ Տատիկը՝ Ալվարդ Ալոյանը, հայտարարագրել է 15 մլն դրամ կանխիկ գումար։ Նրա եկամուտները կազմել են 31 մլն 112 հազար դրամ՝ որպես անհատ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, և 18 հազար 751 դրամ՝ «ԿԱՐԱՏ ԹՐԵՅԴ» ընկերությունից՝ քաղաքացիաիրավական պայմանագրով ստացված եկամուտ։ Բացի այդ, նա ունի 50 մլն 843 հազար դրամի վարկ։

Ակնհայտ է, որ բարձր աշխատավարձը կարող է դատավորների աքիլլեսյան գարշապարը լինել։ Հանուն դրա նրանք կատարում են վերևից իջեցված ցուցումները, հատկապես եթե խոսքը երիտասարդ դատավորների մասին է, որոնք վարկեր մարելու անհրաժեշտություն ունեն։ Այս պարագայում իշխանության աչքում Ս. Ռուշանյանը արտաքուստ «ճիշտ» դատավոր է երևում՝ պաշտոնի և նյութական շահի համար պատրաստ քննելու անգամ ամենաաբսուրդային գործերը և իշխանություններին ձեռնտու որոշումներ կայացնելու։ Իսկ այն, որ Պատրիարքի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործն աբսուրդի գագաթնակետն է, ընդհանրապես քննարկման ենթակա չէ։

Հիշեցնենք, որ նրանց պատժում են այն բանի համար, որ թեմական ղեկավարներից մեկին՝ դավաճան Գևորգ Սարոյանին, ազատել են թեմի առաջնորդի պաշտոնից, իսկ այնուհետև չեն կատարել նրան պաշտոնում վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշումը։

"Հրապարակ օրաթերթ"

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև