Ինչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ավարտեց իր պատգամավորական գործունեությունը․ նա նոր Ազգային ժողովի կազմում այլևս ընդգրկված չէ։ 2018 թվականից խորհրդարանում գտնվող Սարգսյանը նախ ընտրվել էր «Իմ քայլը» դաշինքի, ապա՝ 2021 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով։

Խորհրդարանում Հայկ Սարգսյանն առավել հայտնի էր իր հեղինակած աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններով։ Ամենամեծ քննարկումներն առաջացրին հատկապես զինվորական ծառայությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները, որոնցով առաջարկվում էր որոշ դեպքերում ծառայությունից ազատվել պետությանը վճարումներ կատարելու միջոցով, նաև մեկ այլ նախագիծ, որի նպատակն էր խստացնել և սահմանափակել մոլախաղերի ու առցանց կազինոների հասանելիությունը Հայաստանում։ Այդ նախաձեռնությունները լայն քննադատության արժանացան ոչ միայն ընդդիմության և հանրության, այլև, ըստ մամուլի հրապարակումների, միանշանակ չէին ընդունվում անգամ իշխանական թիմում։

ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածքով է Հայկ Սարգսյանը հեռացել խորհրդարանից։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայկ Սարգսյանն ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով և առաջին անգամ մուտք գործեց խորհրդարան։

Առաջին տարեկան հայտարարագրում Սարգսյանը նշել էր, որ համատեղ սեփականությամբ նվիրատվությամբ ստացել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող շինություն։ Նա հայտարարագրել էր նաև 2005 թվականի արտադրության Mercedes-Benz և 2013 թվականի արտադրության Lexus ավտոմեքենաները, որոնցից Lexus-ը ձեռք էր բերել 2019 թվականին։ Բանկային հաշիվներում ունեցել էր շուրջ 4 մլն դրամ, կանխիկ՝ 24 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև հայտարարագրել էր Bitcoin։

2020 թվականի հայտարարագրում էական փոփոխություններ գրեթե չեն եղել։ Նա շարունակում էր ունենալ նույն շինությունը, Mercedes-Benz և Lexus ավտոմեքենաները։ Բանկային հաշվում հայտարարագրել էր 3 մլն 592 հազար դրամ, կանխիկ՝ 24 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև 0.16 Bitcoin։ Տարվա եկամուտները կազմել էին շուրջ 8,2 մլն դրամ աշխատավարձ և 77 հազար դրամ այլ եկամուտ։

2021 թվականին, երբ կրկին ընտրվեց պատգամավոր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով, հայտարարագրում պահպանվել էին նույն անշարժ գույքն ու ավտոմեքենաները։ Բանկային հաշվում առկա էր 4 մլն 385 հազար դրամ, կանխիկ՝ 24 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ Bitcoin այլևս չէր հայտարարագրվել։

2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբին պատգամավորը կանխիկ ունեցել է 55 հազար ԱՄՆ դոլար և 24 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 59 հազար ԱՄՆ դոլար և 25 մլն դրամ։ Միաժամանակ բանկային հաշվի մնացորդը 4 մլն 385 հազար 183 դրամից նվազել է՝ կազմելով 2 մլն 952 հազար 755 դրամ։

Տրանսպորտային միջոցների մասով տարվա սկզբին և ավարտին Հայկ Սարգսյանը հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ 2005 թվականի արտադրության «Mercedes-Benz» և 2013 թվականի արտադրության «Lexus» մակնիշների։

Հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն 370 հազար 730 դրամ։ Այդ գումարից 10 մլն 281 հազար 100 դրամը կազմել է Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձը, իսկ 89 հազար 630 դրամը՝ «Ամերիաբանկ»-ից ստացված այլ եկամուտը։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին Հայկ Սարգսյանն ունեցել է 59 հազար ԱՄՆ դոլար և 25 մլն դրամ կանխիկ, իսկ տարեվերջին՝ արդեն 62 հազար ԱՄՆ դոլար և 29 մլն դրամ կանխիկ։ Միաժամանակ նրա բանկային հաշվի մնացորդը 2 մլն 952 հազար 755 դրամից նվազել է՝ կազմելով 818 հազար 395 դրամ։

Տրանսպորտային միջոցների մասով տարեսկզբին պատգամավորն ունեցել է 2005 թվականի արտադրության «Mercedes-Benz» և 2013 թվականի արտադրության «Lexus» մակնիշի ավտոմեքենաներ։ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին նա 1 մլն դրամով վաճառել է «Mercedes-Benz» մակնիշի մեկ ավտոմեքենա, իսկ տարեվերջին հայտարարագրել է միայն 2013 թվականի արտադրության «Lexus»-ը։

Հաշվետու տարվա ընթացքում Հայկ Սարգսյանի եկամուտները կազմել են ընդհանուր 11 մլն 97 հազար 166 դրամ։ Դրանցից 10 մլն 39 հազար 338 դրամը ստացել է որպես Ազգային ժողովի աշխատակազմից վճարված աշխատավարձ, 1 մլն դրամը՝ ավտոմեքենայի վաճառքից, իսկ 57 հազար 828 դրամը՝ «Ամերիաբանկ»-ից ստացված այլ եկամուտ։

Իսկ ինչ է հայտարարագրել վերջին երկու տարում

2024 թվականին անշարժ գույքի մասով փոփոխություններ չեն եղել։ Սարգսյանը 5 մլն դրամով ձեռք է բերել 2019 թվականի արտադրության Nissan ավտոմեքենա, սակայն նույն տարվա ընթացքում այն վաճառել է նույն արժեքով, ինչի արդյունքում տարվա վերջում պահպանվել էր միայն Lexus ավտոմեքենան։ Բանկային հաշվի մնացորդը կազմել էր 582 հազար 778 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 65 հազար ԱՄՆ դոլար և 30 մլն դրամ։ Տարվա եկամուտները կազմել էին 10 մլն 46 հազար դրամ, որոնց հիմնական մասը ձևավորվել էր պատգամավորի աշխատավարձից։

2025 թվական

Պատգամավորական գործունեության վերջին հայտարարագրի համաձայն՝ Հայկ Սարգսյանը շարունակել է համատեղ սեփականությամբ ունենալ Արաբկիր վարչական շրջանում գտնվող նույն շինությունը։ 2025 թվականի մարտին նա 6,5 մլն դրամով ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Dodge ավտոմեքենա, ինչի արդյունքում տարվա վերջում արդեն ունեցել է երկու մեքենա՝ Lexus և Dodge։ Բանկային հաշվի մնացորդը նվազել է մինչև 61 հազար 794 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 70 հազար ԱՄՆ դոլար և 22 մլն դրամ։ 2025 թվականի եկամուտները կազմել են 12 մլն 589 հազար դրամ, որից 12 մլն 547 հազարը պատգամավորի աշխատավարձն է։

Այսպիսով, շուրջ յոթ տարվա պատգամավորական գործունեությունից հետո Հայկ Սարգսյանը խորհրդարանից հեռացավ՝ հայտարարագրելով համատեղ սեփականությամբ մեկ շինություն, երկու ավտոմեքենա, 70 հազար ԱՄՆ դոլար, 22 մլն դրամ կանխիկ և բանկային հաշվում 62 հազար դրամ»։

«Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։

Կարդալ ավելին

«Քաղաքացիական պայմանագրի» մոդելի իրավական պետությունը․ ինչպես ՔԿ վարչության պետի աշխատասենյակում ծեծի ենթարկեցին ոստիկանին

Երևանում տեղի է ունեցել աղմկահարույց միջադեպ, որը կարող էր դառնալ իրավական պետության փայլուն օրինակ, սակայն իրականում համակարգային արատների վառ դրսևորման է վերածվել։ Խոսքը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի ունեցած դեպքերի մասին է, որտեղ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել Մալաթիայի ոստիկանության բաժնի պետի տեղակալը, իսկ հետո տուժածը կալանավորվել է իրեն ծեծի ենթարկած անձանց հաղորդման հիման վրա։

Կարդալ ավելին

Սկանդալային գործարք․ 2021 թվականին Փաշինյանի եղբայրը ղեկավարել է 120 դոլարով գնված ՀԷԿ-ը

Հայաստանի հյուսիսում գտնվող փոքր հիդրոէլեկտրակայանի գործադիր տնօրեն է նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը։ Միևնույն ժամանակ, նախկին սեփականատերերը օբյեկտը վաճառել են ընդամենը 50 հազար դրամով (մոտ 120 ԱՄՆ դոլարով), 2022 թվականի հուլիսին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Կարդալ ավելին

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։

Կարդալ ավելին

Կակիստոկրատիան գործնականում․ «Լուլուն» կգլխավորի՞ Հայաստանի առողջապահության խորհրդարանական հանձնաժողովը

Հայաստանում կառավարման համակարգում պաշտոնյաների նշանակման համար մասնագիտական կարողությունները այդքան էլ որոշիչ չեն։ Գլխավոր հատկանիշը, որին թեկնածուն պետք է համապատասխանը՝ հավատարմությունն է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Լուսինե Բադալյանի թեկնածությունը։ Այս որոշումը կակիստոկրատիայի վառ օրինակ է՝ այնպիսի համակարգի, որտող իշխանությունը բաշխվում է ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ անձնական նվիրվածության սկզբունքով՝ անկախ մասնագիտական որակավորումից։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև