"Հետք"․ Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ

Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հոր նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից ամիսներ անց դարձել է համայնքապետարանի խոշոր գնումների հաղթողը։ 2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է 134 մլն դրամի 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ միայն 2026 թվականի հունիսին։

«Էմ էյ շին» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականտերը Խաչիկ Ասատրյանն է։

2026-ի ապրիլին ընկերությունն առաջին պայմանագիրն է կնքել համայնքապետարանի հետ։ Գնիշիկ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթելուց հետո «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հետ կնքվել է 5.4 մլն դրամի պայմանագիր։

2026-ի հունիսի 9-ին, 12-ին և 26-ին, օրերի տարբերությամբ, «Էմ էյ շին» ՍՊԸ-ն երեք պայմանագիր է կնքել Արենիի համայնքապետարանի հետ։

Մայիսին համայնքապետարանը երկու չափաբաժնով մրցույթ էր հայտարարել Ռինդ և Արփի բնակավայրերի ոռոգման ջրագծի կառուցման համար։ Երկու չափաբաժիններով էլ հաղթող է ճանաչվել «Էմ էյ շին» ՍՊԸ-ն։ Հունիսի 9-ին ընկերության հետ կնքվել է 43.3 մլն դրամի պայմանագիր։

Ռինդ բնակավայրի ոռոգման ներքին ցանցի մեկ այլ հատվածի կառուցման համար հայտարարված մրցությում ևս հաղթել է «Էմ էյ շին» ՍՊԸ-ն։ Սակայն, այս դեպքում, ի տարբերություն նախորդ երկու մրցույթների, «Էմ էյ շին»-ը միակ մասնակիցն է եղել։ Նրա հետ կնքվել է 59.5 մլն դրամի պայմանագիր։

Արենի համայնքի Ռինդ բնակավայրում 50 խմ տարողությամբ ռեզերվուարի, երկու կապտաժների կառուցման և խմելու ջրի արտաքին ցանցի մասնակի վերանորոգման աշխատանքներ ձեռք բերելու նպատակով հունիսի 22-ին պայմանագիր է կնքվել «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի գինը 25.6 մլն դրամ է։

Այսպիսով, հիմնադրվելուց մի քանի ամիս անց Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հորը պատկանող ընկերությունը նույն համայնքի հետ կնքել է 4 պայմանագիր՝ ընդհանուր 134 մլն դրամ արժեքով։

«Հետքի» հետ զրույցում Մհեր Ասատրյանն ասաց, որ թեև «Էմ էյ շին» ՍՊԸ-ն նոր է հիմնադրվել, սակայն հայրը երկար տարիներ զբաղվել է շինարարությամբ։

«Հայրս ցանկացել է այդ մրցույթներին մասնակցել ու ի հաջողություն իրեն կարողացել է շահել ու պայմանագրերը կնքել: Դրան զուգահեռ կարող եք նաև տեսնել, որ բազմաթիվ ուրիշ ընկերություններ էլ են մասնակցել մրցույթներին ու հաղթել: Այդ առումով որևէ խտրականություն չկա։ Բաց մրցույթներ են հայտարարվել, ինչպես ընթացակարգը պահանջում է, և բոլորը ունեցել են հնարավորություն մասնակցելու»,- ասաց Ասատրյանը։

Hetq.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև