Verelq․ Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Այրարատ» կինոթատրոնի շենքը

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի շենքը բռնագանձելու պահանջով։ Անշարժ գույքը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Պահանջի հիմքում, ըստ Դատախազության, այն է, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը նշված անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով նախատեսված՝ 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումները չեն կատարվել։
Հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 5-ի որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, մասնավորապես, ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության: