Լիանա Մանուկյանը՝ COP17-ի բրենդային նվերների պետական գնումների մասին․ հայտարարված ծախսը՝ շուրջ 290 միլիոն դրամ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը հայտարարել է, որ COP17-ի բրենդային նվերների ձեռքբերման համար պետական բյուջեից նախատեսվել կամ ծախսվել է շուրջ 290 միլիոն դրամ։ Իր ելույթում նա ներկայացրել է մի շարք ապրանքների ձեռքբերման քանակներն ու պայմանագրային գները՝ դրանք համեմատելով շուկայում իր ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված գների հետ։ Պատգամավորի խոսքով՝ պայմանագրերում ապրանքների բնութագրերի բացակայությունը դժվարացրել է դրանց արժեքի համարժեք գնահատումը։
Մանուկյանը նշել է, որ իրականացրել է շուկայի ուսումնասիրություն՝ ձեռք բերելով ապրանքների տարբեր նմուշներ և համեմատելով դրանց գները պետական գնումներում նշված արժեքների հետ։
Թերմոսներ։ Պատգամավորի ներկայացրած տվյալներով՝ ձեռք է բերվել 16 500 թերմոս՝ յուրաքանչյուրը 7 800 դրամով։ Նրա խոսքով՝ շուկայում առկա չորս տարբեր մոդելների մանրածախ գները տատանվել են 2 000–3 500 դրամի սահմաններում։ Բրենդային տպագրության համար հավելյալ 1 000 դրամ հաշվարկելու դեպքում մեկ թերմոսի առավելագույն արժեքը, ըստ նրա գնահատման, կկազմեր 4 500 դրամ։ Այս հաշվարկով պետական գնումների գնի և նշված առավելագույն արժեքի տարբերությունը կկազմեր 3 300 դրամ մեկ միավորի համար։
Բեյջ-պարաններ։ Մանուկյանի խոսքով՝ պետությունը ձեռք է բերել 19 700 հատ՝ յուրաքանչյուրը 1 248 դրամով։ Նա հայտնել է, որ շուկայում իրականացված որոնումների ընթացքում չի կարողացել գտնել 55 դրամը գերազանցող առաջարկ, սակայն շուկայի մասնագետների գնահատականների հիման վրա նշել է, որ բարձրորակ, բրենդային տպագրությամբ տարբերակի արժեքը կարող է հասնել 600 դրամի։ Պատգամավորն ընդգծել է, որ 1 248 դրամ պայմանագրային գինը զգալիորեն գերազանցում է իր ներկայացրած համեմատական արժեքը։
Էկոպայուսակներ։ Ըստ պատգամավորի՝ ձեռք է բերվել 16 500 էկոպայուսակ՝ յուրաքանչյուրը 3 432 դրամով։ Մանուկյանը նշել է, որ մանրածախ վաճառքում ինքը ձեռք է բերել արդեն բրենդավորված էկոպայուսակ՝ 3 000 դրամով։ Այսպիսով, նրա բերած օրինակում մեկ միավորի գների տարբերությունը կազմում է 432 դրամ։
Կրծքանշաններ։ Պատգամավորի ներկայացմամբ՝ գնվել է 18 550 կրծքանշան՝ յուրաքանչյուրը 2 340–2 964 դրամով։ Մանուկյանի խոսքով՝ շուկայում ամենաբարձր որակի կրծքանշանների գինը կազմում է շուրջ 1 800 դրամ։ Նա նաև ուշադրություն է հրավիրել պայմանագրում ներառված այլ ծախսային հոդվածների վրա՝ նշելով, որ դրանց մի մասը, իր գնահատմամբ, տրամաբանորեն հիմնավորման կարիք ունի։
Ելույթի ավարտին Լիանա Մանուկյանը հայտարարել է, որ, չլինելով պետական գնումների մասնագետ և ծախսելով ընդամենը մեկ օր շուկայի ուսումնասիրության վրա, իրեն հաջողվել է իր հաշվարկներով արձանագրել 84 միլիոն 984 հազար 600 դրամի հնարավոր խնայողություն
Այսպիսով, ևս մեկ անգամ ականատես ենք լինում պետական բյուջեի միջոցների հնարավոր անարդյունավետ ծախսման հերթական դրվագին։ Լիանա Մանուկյանի ներկայացրած հաշվարկները՝ շուրջ 85 միլիոն դրամի հնարավոր խնայողության վերաբերյալ, լուրջ հարցեր են առաջացնում պետական գնումների կազմակերպման և դրանց նկատմամբ վերահսկողության արդյունավետության մասին։ Սակայն դժվար է ազատվել այն մտահոգությունից, որ ընդիմադիր պադգամավորի փաստարկները չեն արժանանա հակակոռուպցիոն մարմինների պատշաճ արձագանքին՝ անտեսելով, որ հանրային միջոցների տնօրինման նկատմամբ վերահսկողությունը պետք է գործի անկախ քաղաքական հանգամանքներից, իսկ յուրաքանչյուր կասկածելի գնում պետք է արժանանա պատշաճ քննության։ Արձագանքի բացակայության պարագայում պետական բյուջեի նկատմամբ պատասխանատվության մասին իշխանությունների հայտարարությունները կմնան ընդամենը դատարկ խոսքեր, իսկ հարկատուները կրկին կզրկվեն հանրային միջոցների ծախսման վերաբերյալ հիմնավոր պատասխաններ ստանալու հնարավորությունից։