Factor TV․ Արթիկի ՔՊ-ական ավագանու անդամի ընտանիքին պատկանող ընկերությունը համայնքից հարյուրավոր միլիոնների պայմանագրեր է ստացել

Արթիկի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Ճանշին» ՓԲԸ-ն վերջին տարիներին Արթիկի համայնքապետարանի հետ բազմամիլիոնանոց պայմանագրեր է կնքել։ Ինչպես հայտնում է Factor TV-ն՝ վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգի տվյալները, ընկերությունը համայնքում ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացրել՝ ստանալով հարյուրավոր միլիոնավոր դրամների պատվերներ։

Factor TV-ի տվյալներով՝ մարտին Արթիկի համայնքապետարանի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմել է 75 միլիոն դրամ։ Դրանով ընկերությունը պարտավորվել է Արթիկի վեց բնակավայրերում սալապատել ներհամայնքային ճանապարհները տուֆ քարով և իրականացնել ջրահեռացման աշխատանքներ։ Երկու ամիս անց՝ մայիսին, համայնքապետարանը «Ճանշին» ՓԲԸ-ի հետ կնքել է ևս մեկ պայմանագիր՝ 434 միլիոն դրամի չափով՝ Արթիկի չորս փողոցների հիմնանորոգման և ասֆալտապատման համար։ Մայիսին շուրջ 60 միլիոն դրամի մեկ այլ պայմանագրով ընկերությունը նաև Արթիկում և գյուղական բնակավայրերում փոսալցման ու ասֆալտապատման աշխատանքներ է իրականացրել։

Պայմանագրերը կնքվել են նաև պետական այլ կառույցների հետ։ Այս տարվա սկզբին Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ ստորագրվել է շուրջ 60 միլիոն դրամի պայմանագիր՝ Արթիկում մարզային նշանակության ճանապարհների պահպանման համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ «Ճանշին» ՓԲԸ-ի հետ 61 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի ջրահեռացման համակարգի աշխատանքների համար։

Factor TV-ն արձանագրում է, որ ընկերության և Արթիկի համայնքապետարանի միջև բազմամիլիոնանոց պայմանագրերի կնքումը համընկել է Տիգրան Բաղդասարյանի՝ ավագանու անդամ դառնալու ժամանակահատվածի հետ։ Բաղդասարյանը, որը «Ճանշին» ՓԲԸ-ի տնօրենն է, ավագանու անդամ է դարձել 2021 թվականին։ Նույն տարվանից ընկերությունը սկսել է համայնքապետարանի հետ բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքել։

Գնումների պետական համակարգի տվյալներով՝ 2021 թվականին կնքվել է երկու պայմանագիր՝ ընդհանուր 70 միլիոն դրամի չափով, 2022-ին՝ երեք պայմանագիր՝ 139 միլիոն դրամի, իսկ 2023-ին՝ երկու պայմանագիր՝ 91 միլիոն դրամի չափով։ 2024 թվականին երեք պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 126 միլիոն դրամ։ 2025-ին ընկերությունը 233 միլիոն դրամ է ստացել Արթիկի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման և հիմնանորոգման համար։ Նախորդ տարի շուրջ 50 միլիոն դրամի աշխատանքներ են իրականացվել նաև Արթիկում և գյուղական բնակավայրերում՝ փոսալցման ու ասֆալտապատման ուղղությամբ։

Factor TV-ի հետ զրույցում ընկերության սեփականատեր Վահագն Բաղդասարյանը՝ Տիգրան Բաղդասարյանի հայրը, հայտարարել է, որ իր ընկերությունները մասնակցել են մրցույթների և հաղթող ճանաչվել։ Նա պնդել է, որ հաղթել են ընդամենը երկու մրցույթում՝ չնայած պետական գնումների համակարգում հրապարակված տվյալները ցույց են տալիս ավելի մեծ թվով պայմանագրեր։

«Առաջ, որ իմ տղան ՔՊ խմբակցությունում չէր, ես մրցույթներում չէի՞ շահում։ Միշտ էլ շահել եմ, ես որևէ կուսակցության չեմ պատկանում»,- ասել է Վահագն Բաղդասարյանը։

Factor TV-ն ուսումնասիրել է նաև մինչև 2021 թվականը «Ճանշին» ՓԲԸ-ի և Արթիկի համայնքի միջև կնքված պայմանագրերը։ Ըստ պետական գնումների համակարգի՝ 2019 թվականին կնքվել է երկու պայմանագիր՝ ընդհանուր 8,4 միլիոն դրամի, 2018-ին՝ մեկ պայմանագիր՝ 2,3 միլիոն դրամի, իսկ 2017-ին պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 16 միլիոն դրամ։ Այս տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ 2021 թվականից հետո ընկերության հետ կնքված պայմանագրերի ծավալը զգալիորեն աճել է։

Հրապարակման մեջ ներկայացված տվյալները հարցեր են առաջացնում համայնքային գնումների թափանցիկության և ավագանու անդամի ու համայնքի հետ պայմանագրեր կնքող ընկերության կապերի վերաբերյալ։ Ինքը՝ Տիգրան Բաղդասարյանը, հրապարակման մեջ առանձին մեկնաբանություն չի ներկայացրել։

Նշենք, որ Տիգրան Բաղդասարյանը հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կրկին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով՝ հավակնելով վերընտրվել Արթիկի ավագանու անդամ։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև