Factor TV․ Մանկապարտեզի տնօրենի պաշտոնը՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց

Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակումը հարցեր է առաջացրել մրցույթի արդարության և հնարավոր քաղաքական միջամտության վերաբերյալ։ Factor TV-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցած Գոհար Վարդանյանը ճիշտ է պատասխանել բոլոր հինգ հարցերին, իսկ տնօրեն նշանակված Անի Աբրահամյանը՝ ընդամենը երեքին։ Չնայած դրան՝ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը մրցույթից մեկ օր անց պաշտոնը վստահել է Աբրահամյանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված դիմումում Գոհար Վարդանյանը պնդել է, որ համայնքապետն իրեն հայտնել է՝ իր նշանակման հարցը կապված է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ցուցումների հետ։ Ըստ դիմումատուի՝ որոշումը պայմանավորված է եղել նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի կողմից Նիկողոսյանի թեկնածությունը պաշտպանելու հարցով։ Դիմումում հիշատակվում է նաև ՔՊ պատգամավոր Լուսինե Ավետիսյանը։
Նշված պաշտոնյաները հերքել են իրենց միջամտության մասին պնդումները։ Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն էլ չի կարողացել հստակ բացատրել, թե ինչ չափանիշներով է Նիկողոսյանը նախապատվությունը տվել ավելի քիչ ճիշտ պատասխանած Անի Աբրահամյանի թեկնածությանը։
Հատկանշական է նաև բողոքի ընթացքը․ վարչապետի աշխատակազմից այն փոխանցվել է մարզպետարան, որտեղից պարզաբանում են պահանջել հենց այն համայնքապետից, որի որոշումը վիճարկվում էր։ Նոր մրցույթ չի անցկացվել։ Ավելին՝ Քննչական կոմիտեն Factor TV-ին հայտնել է, որ վարչապետի աշխատակազմից այս գործով հանցագործության մասին հաղորդում կամ գրություն չի ստացել։
Այսպիսով, հանրությանը հայտնի են մրցույթի արդյունքները և նշանակման ժամկետները, բայց այդպես էլ չի պարզաբանվել, թե ինչու է ընտրվել ավելի քիչ ճիշտ պատասխանած թեկնածուն։ Իսկ եթե Փաշինյանն իսկապես մտադիր է պատժել ընտրություններին ապօրինի միջամտող պաշտոնյաներին, ապա Սպիտակի դեպքը նրա խոստումների առաջին լուրջ փորձությունն է։ Սակայն բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր միջամտության մասին ահազանգը մնացել է առանց իրավապահների քննության, իսկ մանկապարտեզի տնօրենի նշանակման շուրջ ծագած հարցերը՝ անպատասխան։ Իշխանությունը խոսում է ժողովրդավարության և ազատ ընտրությունների մասին, բայց երբ կասկածի տակ է հայտնվում սեփական թիմի ներկայացուցիչների վարքագիծը, գործը մնում է նամակագրության ու պարզաբանումների տիրույթում, իսկ իրավական գնահատական այդպես էլ չի տրվում։ Ստացվում է՝ Փաշինյանի հերթական հրապարակային խոստումները համալրեցին վանվերջանալի ստերի շարքին։
Քանի որ համայնքապետի պաշտոնի համար կուսակցական աջակցությունը կապված է մանկապարտեզի տնօրենի նշանակման հետ, ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում որոշիչը լինելու է քաղաքացիների կամքը, այլ ոչ թե իշխանական միջանցքներում ձեռք բերված պայմանավորվածությունը։
Սպիտակում ՏԻՄ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին, իսկ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն դեռ հայտնի չէ։