Factor.am․ Միքայել Մինասյանը հրավիրվել է դատախազություն․ ովքեր են նրա հետ նույն վարույթում հայտնված անձինք

Հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազություն է հրավիրվել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը շուրջ վեց տարի Հայաստանում չէ և հետախուզվում է։ Դատախազությունը մտադիր է նրանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք։ 

Factor.am-ը, համադրելով հրապարակված ծանուցումները, դատական փաստաթղթերն ու բաց աղբյուրներում առկա տեղեկությունները, ներկայացրել է, թե ինչ գույքի մասին է խոսքը, ովքեր են նույն վարույթում ներգրավված անձինք և ինչ կապեր կան նրանց միջև։

Միքայել Մինասյանի ենթադրյալ ապօրինի գույքի վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռևս հունիսի 4-ին՝ նախընտրական եզրափակիչ բանավեճի ժամանակ։ «Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի փեսա Միշիկին, մենք Միշիկի ապօրինի գույքերն ենք այսօր հետ վերադարձնում»,- ասել էր վարչապետը։ Այդ պահին, սակայն, Մինասյանի գույքի վերաբերյալ որևէ մանրամասն հրապարակային տեղեկություն չկար։ Միայն սեպտեմբերի 29-ին հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում սկսեցին հայտնվել նրան և փոխկապակցված անձանց վերաբերող ծանուցումները։

«Շանթ»-ի բաժնեմասը և դասընկեր Արամ Մնացականյանը

Դատախազություն հրավիրված անձանց թվում է Միքայել Մինասյանի դասընկեր Արամ Մնացականյանը, որին պատկանում է «Շանթ» հեռուստաընկերության 48 տոկոս բաժնեմասը։ Նա նաև «Մերիան գրուպ» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերն է․ ընկերությունը զբաղվում է դեղերի մեծածախ առևտրով։

Դատախազությունը դեռևս 2025 թվականին հայտնել էր, որ Արամ Մնացականյանը, Միքայել Մինասյանը և ևս մեկ անձ նախնական համաձայնությամբ փորձել են թաքցնել «Շանթ» ՍՊԸ-ի 48 տոկոս բաժնեմասի իրական ծագումն ու պատկանելությունը։

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ քննությամբ հիմնավորվել է, որ Մնացականյանը Մինասյանի և Լ. Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է փողերի լվացում՝ ձեռք բերելով, օգտագործելով և տնօրինելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք։ Ըստ մեղադրանքի՝ դրա ընթացքում թաքցվել և խեղաթյուրվել են գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, իրական բնույթն ու ծագման աղբյուրը։

«Երևան Մոլ»-ի գործով՝ Վազրիկ Սեկոյանը

Դատախազություն հրավիրվածների թվում է նաև «Երևան Մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը, որը նախկինում ղեկավարել է PanArmenian Media Group-ը։ Նա անցնում է նաև Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործերից մեկով։

Ըստ մեղադրանքի՝ Սեկոյանը 2013 թվականին նշանակվել է այն ժամանակվա «Շին Տավր» ընկերության, հետագայում՝ «Երևան Մոլ»-ի տնօրեն։ Իսկ 2019 թվականին նրա անունով ձևակերպվել է MLRE LTD-ին պատկանող «Երևան Մոլ»-ի 30 տոկոս բաժնեմասի վաճառքը՝ շուրջ 3.2 միլիարդ դրամով։ Դատախազությունը գործարքը համարում է ձևական։

Գործի փաստական նկարագրության համաձայն՝ Միքայել Մինասյանը, Արմինե Հասրաթյանը, Լեոնիդ Արևշատյանը, Արշակ Պողոսյանն ու Վազրիկ Սեկոյանը ենթադրյալ հանցավոր կազմակերպության կազմում քողարկել են 3 միլիարդ 124 միլիոն 800 հազար դրամի ծագումն ու տեղաշարժը։ Գումարը, ըստ մեղադրանքի, տարբեր պայմանագրերի և չորս կազմակերպությունների հաշվեհամարների միջոցով շրջանառվելուց հետո փոխանցվել է «Շին Տավր» ՍՊԸ-ին՝ ընկերության բաժնեմասերի դիմաց վճարում կատարելու նպատակով։ Այնուհետև Արշակ Պողոսյանը փոխանցել է, իսկ Վազրիկ Սեկոյանը ձեռք է բերել արդեն «Երևան Մոլ» անվանումը կրող ընկերության բաժնեմասերը՝ թաքցնելով դրանց իրական պատկանելությունը։

«SI Holding»-ի ստվերային կառավարումը

Ծանուցում է հրապարակվել նաև Տիգրան Եղոյանի վերաբերյալ։ Ըստ մեղադրանքի նկարագրության՝ նա ընդգրկված է եղել Միքայել Մինասյանի և Լեոնիդ Արևշատյանի ղեկավարած ենթադրյալ հանցավոր կազմակերպության առավել վստահելի մասնակիցների շրջանակում և մասնակցել «SI Holding»-ում ձևավորված ստվերային կառավարմանը։

Գործի նյութերի համաձայն՝ ընկերությունում անցկացված խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, գույքի ձեռքբերումն ու փոխանցումը, ֆինանսական հոսքերի կառավարումը, շահույթների բաշխումը և պաշտոնատար անձանց միջոցով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու հարցերը։ Փաստաթղթում հիշատակվում է նաև «փողերի լվացքը վերջացնելու» հարցը։

Խորհրդակցությունների արձանագրությունները, ըստ մեղադրանքի նկարագրության, Լեոնիդ Արևշատյանի օգնական Մերի Գրիգորյանի էլեկտրոնային հասցեից ուղարկվել են Միքայել Մինասյանին, Լեոնիդ Արևշատյանին, Տիգրան Եղոյանին, Արմեն Պետրոսյանին, Ռոզա Ստեփանյանին, Բագրատ Սարգսյանին, Վազրիկ Սեկոյանին և այլ անձանց։

MIS գովազդային ընկերությունն ու հեռուստաչափումների հարցը

Դատախազություն է հրավիրվել նաև Տիգրան Սաֆարյանը, որը երկար տարիներ կապված է Media International Service (MIS) գովազդային ընկերության հետ։ 2014 թվականի տեղեկատուում նա նշված է որպես ընկերության գլխավոր տնօրեն, իսկ 2025 թվականի իրական շահառուների հայտարարագրում՝ 2013 թվականից ընկերության 100 տոկոս իրական շահառու։

Media Ownership Monitor-ը MIS-ը ներկայացնում է որպես Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված ընկերություն։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ MIS-ը, PanArmenian Media Group-ը և Admospher-ը դիտարկվել են որպես Մինասյանի հետ կապված մեդիա և գովազդային համակարգի մաս։

Admospher-ը տվյալ ժամանակահատվածում Հայաստանում հեռուստալսարանի չափումներ իրականացնող միակ ընկերությունն էր։ Սակայն շուկայի մի շարք մասնակիցներ կասկածի տակ էին դնում նրա տվյալների արժանահավատությունը։ 2022 թվականին անցկացված միջազգային աուդիտի եզրակացությամբ՝ ընկերության չափման համակարգը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին։

Դատախազություն է հրավիրվել նաև Անուշ Մինասյանը

Հրավիրվածների թվում է նաև Միքայել Մինասյանի կինը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դուստրը՝ Անուշ Մինասյանը։

Միքայել Մինասյանին «Ձորագետ Հիդրո»-ի գործով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2023 թվականի օգոստոսին։ Նույն գործով անցնում է նաև Արմեն Պետրոսյանը, որի վերաբերյալ նույնպես դատախազությունում ուսումնասիրություն է իրականացվել։

Գործի փաստական նկարագրության համաձայն՝ Մինասյանը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, մինչև 2016 թվականն անձամբ, ինչպես նաև իր մտերիմներ Արմեն Պետրոսյանի և Լեոնիդ Արևշատյանի միջոցով մասնակցել է 2010 թվականին հիմնադրված ընկերության կառավարմանը։ Մեղադրանքի համաձայն՝ այդ կերպ օրինականացվել է ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք։

Ի՞նչ է լինելու հետագայում

Factor.am-ի հրապարակման համաձայն՝ դատախազություն հրավիրված անձանց ցանկը կարող է ամբողջական չլինել։ Հրավիրվածները կարող են ծանոթանալ ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, ներկայացնել իրենց դիրքորոշումը և հայտարարագրեր ներկայացնել։

Միքայել Մինասյանի՝ դատախազություն ներկայանալու հարցը մնում է բաց՝ հաշվի առնելով, որ նա տարիներ շարունակ Հայաստանում չէ և հետախուզվում է։ Մինչ նրա գտնվելու վայրի և արդարադատության առջև ներկայանալու հնարավորությունների վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ չլուծված՝ նախկին դեսպանը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի քաղաքական կյանքի վերաբերյալ վերլուծություններով և Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցեին քննադատական տեսանյութերով։

Հրապարակված ծանուցումներն ու գործերի նյութերը նոր մանրամասներ են բացահայտում Մինասյանի հետ կապվող բիզնեսների, մեդիա կառույցների և ֆինանսական գործարքների վերաբերյալ։ Դատախազության ուսումնասիրության արդյունքներն ու գույքի հնարավոր բռնագանձման գործընթացի հետագա ընթացքը ցույց կտան, թե ինչ ծավալի գույքի մասին է խոսքը և ինչ որոշումներ կընդունվեն դրա պատկանելության հարցում։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնությունը հրապարակել էր Միքայել Մինասյանի բիզնես ակտիվներին և քաղաքական գործունեությանը նվիրված հետաքննություն։

Factor.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև