Գործադիր իշխանություն
Միքայել Արայի Մինասյան

Միքայել Արայի Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան

Հայ դիվանագետ, քաղաքական գործիչ, 2008 թվականից մինչև 2011 թվականի նոյեմբերի 3-ը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ Վատիկանում Հայաստանի դեսպան (2013-2018):

«ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼԸ», ՈՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ՄԻՇԻԿ» ՄՆԱՑ

Միքայել Մինասյանը Հայաստանի վերջին երկու տասնամյակների քաղաքական ու տնտեսական կյանքի ամենաազդեցիկ և միաժամանակ ամենահակասական կերպարներից է։ Սերժ Սարգսյանի փեսան, նրա նախագահական աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, հետագայում՝ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանը, Մինասյանը տարիներ շարունակ հայտնվել է նաև հայկական մամուլի և հետաքննողների ուշադրության կենտրոնում՝ մեդիա շուկայի, էներգետիկայի, հանքարդյունաբերության և հյուրանոցային բիզնեսի հետ կապված տարբեր պատմությունների շրջանակում։

Մինասյանի անունը քաղաքական ու հասարակական դաշտում ուղեկցվում էր «Միշիկ» մականվամբ, իսկ նրա շուրջ ձևավորվել էր «մոխրագույն կարդինալի» համբավը՝ իշխանության պաշտոնական կառուցվածքներից այն կողմ գործող, սակայն ազդեցության, կապերի և որոշումների վրա ներգործելու լայն հնարավորություններ ունեցող գործչի կերպարը։ Այդ կերպարի հիմքում տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ դրվագներ էին՝ իշխանության բարձրագույն օղակներին նրա մերձավորությունը, խոշոր տնտեսական ակտիվների շուրջ ծավալված պատմությունները, ինչպես նաև մեդիան քաղաքական ազդեցության գործիք դարձնելու հնարավորությունը։

«ՀԱՆ»-ի սույն հետաքննությունը Մինասյանի տնտեսական և քաղաքական նախագծերի, քննության առարկա դարձած սխեմաների, ինչպես նաև այն դերի մասին է, որը նա ունեցել է 2018 թվականի քաղաքական զրգացումների նախապատրաստման և իրականացման գործում։

Վաղտարիներ, իշխանությանմերձավորշրջանըևդիվանագիտական «դադարը»

Մինասյանը եվրոպական կրթություն է ստացել․ 1993–1996 թվականներին սովորել է Վենետիկի «Մուրադ-Ռաֆայելյան» հայկական քոլեջում, այնուհետև մինչև 2000 թվականը՝ Տրիեստի համալսարանի համապատասխան բաժնում՝ միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն մասնագիտությամբ։ 2001–2004 թվականներին ասպիրանտուրա է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։

Եվրոպական կապերը՝ Եվրախորհրդարանի պատգամավորի աշխատակազմում աշխատանքը, դիվանագետների պատրաստման ծրագրի ղեկավարումը, դարձան միջազգային կարիերայի կարևոր նախադրյալներից մեկը։ Սակայն Հայաստանում նրա քաղաքական ճանապարհը շատ ավելի կոնկրետ ուղղություն ստացավ՝ կապվելով Սերժ Սարգսյանի հետ։

Սկզբում նա Սարգսյանի օգնականն էր, իսկ 2008 թվականին դարձավ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը։ Այդ նույն ժամանակ Մինասյանը մտավ նաև նախագահի ընտանիքի ամենամերձավոր շրջանակ․ նա ամուսնացած է Սերժ Սարգսյանի ավագ դստեր՝ Անուշի հետ։

2011 թվականի նոյեմբերին նա պաշտոնապես հեռացավ նախագահական աշխատակազմից։ Բայց իշխանության կենտրոնից հեռանալը դեռևս չէր նշանակում քաղաքական կյանքից դուրս մնալ։ Մինասյանը տեղափոխվեց Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ և համակարգեց 2012–2013 թվականների ընտրական արշավները։

2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը փեսային ուղարկեց դիվանագիտական ծառայության։ 2013 թվականի մարտի 9-ին Մինասյանը նշանակվեց Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան։ Հետագայում այդ պաշտոնին ավելացան նաև Մալթայի Ինքնիշխան ուխտում՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ից, և Պորտուգալիայում՝ 2016 թվականի մայիսից, դեսպանի գործառույթները։

Դիտորդների աչքում այդ նշանակումը երկակի նշանակություն ուներ․ մի կողմից՝ դիվանագիտական կարգավիճակի բարձրացում, մյուս կողմից՝ ընտանեկան շրջապատի ամենահակասական կերպարներից մեկին ներքաղաքական բեմից որոշակիորեն հեռացնելու հնարավորություն։

Բայց քաղաքական ազդեցությունը կիլոմետրերով չի չափվում։ Հռոմում կամ Լիսաբոնում գտնվելը դեռ չէր նշանակում, որ Մինասյանը կորցրել էր Հայաստանի ներքաղաքական և տնտեսական գործընթացների վրա ազդելու հնարավորությունը։ Տարբեր վկայություններ և հրապարակումներ նրան շարունակում էին կապել մեդիա ռեսուրսների և բիզնես շահերի հետ։

Մեդիան՝ որպես քաղաքական զենք

Մինասյանի ազդեցության կարևոր հենասյուներից մեկը PanArmenian Media Group-ի շուրջ ձևավորված մեդիա համակարգն էր, որը գործեց մոտավորապես 2012–2019 թվականներին։

Հոլդինգի կազմում էին «Արմենիա TV»-ն, «Արմնյուզ»-ը, ATV-ն, PanArmenian TV-ն, Tert.am-ը, BlogNews.am-ը, Radio Jan-ը և «Լավ Ռադիոն»։

Փաստաթղթերով սեփականատերերը տարբեր անձինք ու ընկերություններ էին՝ Արթուր Ջանիբեկյան, ինչպես նաև ԱՄՆ-ում կամ օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ։ Սակայն լրագրողական հետաքննություններն ու հրապարակված կապերի շղթաները մատնանշում էին Միքայել Մինասյանի կապը այդ բոլոր ընկռրությունների հետ։

Press Stand-ը՝ մամուլի տարածման ընկերությունը, որն ուներ հարյուրավոր կրպակներ, ապահովում էր տպագիր մամուլի տարածման ամբողջ լոգիստիկան։ Այսպիսով ձևավորվում էր ազդեցության ևս մեկ ենթակառուցվածք, որը օգտագործվում էր տեղեկատվական դաշտը վերահսկելու և դրա վրա ազդեցություն գործադրելու համար։

Մեդիան այստեղ միայն բիզնես չէր։ Այն քաղաքական գործիք էր։

Այն հնարավորություն էր տալիս ամեն օր ձևավորել հանրային կերպարներ, մեկին քաղաքական դաշտում «միացնել», մյուսին՝ «անջատել», անհրաժեշտ պահին փոխել օրակարգի շեշտադրումները և հանրային ուշադրությունը տեղափոխել այնտեղ, որտեղ դա պետք էր։

2019 թվականին, իշխանափոխությունից հետո, հոլդինգը «տրոհվեց»․ ակտիվները բաժանվեցին տարբեր սեփականատերերի միջև, մեդիա ռեսուրսների մի մասը վերակառուցվեց։ Սակայն անձնական կապերի ցանցը դրանով չվերացավ։

Բիզնես կայսրությունը և նույնությամբ կրկնվող գործարքների մեխանիզմը

Էներգետիկայի, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և հյուրանոցային ոլորտների հետ կապված մի շարք խոշոր սեփականաշնորհումներ և գործարքներ հայտնվեցին քրեական քննությունների ու լրագրողական հետաքննությունների կենտրոնում։

Տարբեր դրվագներում կրկնվում էր գրեթե նույն մեխանիզմը․ պետական ակտիվը վաճառվում էր կարճ ժամանակում ստեղծված կամ ձևակերպված ընկերությունների միջոցով, հաճախ՝ օֆշորային կառույցների մասնակցությամբ։ Գործարքի գինը փաստաթղթերով նվազեցվում էր կամ գործարքը ներկայացվում էր որպես կեղծ վարկային հարաբերություն։ Այնուհետև փոխվում էին կարգավորող պայմանները՝ արտոնյալ սակագներ, փոքր ՀԷԿ-երի դասակարգման չափանիշներ և այլ նորմեր, ինչի արդյունքում ապահովվում էր գերշահույթ։ Իսկ վերջնական շահառուները մնում էին անվանական սեփականատերերի ստվերում։

Քննության նյութերում և լրագրողական հետաքննություններում հաճախ հիշատակվող օրինակները հետևյալն են։

«ՁորաԳԷՍ»։ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կառավարությունը հավանություն տվեց համալիրի վաճառքին «Ձորագետ Հիդրո» ընկերությանը՝ 3,6 միլիարդ դրամով։

Մինչ վաճառքը կայանի էլեկտրաէներգիայի սակագինը կտրուկ վերանայվել էր։ Հրապարակումներում նշվում է նախ դրա նվազեցման, ապա 2011 թվականին փոքր ՀԷԿ-երի հզորության շեմը 10-ից 30 ՄՎտ բարձրացնելուց հետո կայանը արտոնյալ կատեգորիա տեղափոխելու մասին։

Մեղադրանքի համաձայն՝ սեփականատերերը ստացել են արտոնյալ սակագներ և զգալի լրացուցիչ եկամուտ։ Դատախազությունը մատնանշում է վստահված անձանց միջոցով բաժնեմասերի կեղծ ձևակերպման դեպքեր, ինչպես նաև արտասահմանյան հաշիվներով միջոցների փոխանցումներ։ Շրջապատի միջոցով ձևակերպված բաժնեմասին վերագրվող շահաբաժինները քննությունը գնահատում է հարյուրավոր միլիոն դրամների չափով։

Դրվագի առնչությամբ քրեական վարույթները սկսվել են 2019 թվականին։ 2024–2025 թվականներին գործերն առանձնացվել են առանձին վարույթների, և մի շարք անձանց նկատմամբ քննությունը շարունակվել է հեռակա կարգով։

Որոտանի կասկադ։ Երկրի էլեկտրաէներգիայի զգալի մասը արտադրող կասկադի վաճառքը 2014 թվականի հունվարի 29-ին ձևակերպվեց «ContourGlobal Hydro Cascade» ընկերությանը՝ 180 միլիոն դոլարով։

Օֆշորային հետքը, Լյուքսեմբուրգի և Դելավերի իրավազորություններում գրանցված կառույցները, Հայաստանում գնորդ ընկերության գրանցված ցածր կանոնադրական կապիտալը և արտաքին միջոցների փաստացի մուտքի վերաբերյալ կասկածները դարձան բազմաթիվ հրապարակային հարցերի և հետաքննությունների հիմք։

Որոշ հրապարակումների համաձայն՝ գնորդի գրասենյակը Երևանում գտնվել է Մինասյանի շրջապատի հետ կապվող տարածքում։ Այլ հրապարակումներ մատնանշել են բանկային գործարքների և գրավների բարդ շղթա։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)։ Սեփականատերերի փոփոխությունների շղթայում հայտնվում էին կիպրական և դուբայյան ընկերություններ, ինչպես նաև խոշոր փոխառություններ։

2018 թվականի հուլիսին կիպրական Walnort ընկերությունը 2 009 988 դոլարով ձեռք բերեց Moon Metals ընկերությունը, որին պատկանում էր ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսը։ Հետագայում դատախազությունը հայտարարել է այնպիսի սխեմաների մասին, որոնց դեպքում խոշոր վարկերը մարվել են հենց կոմբինատի միջոցներով, իսկ բաժնեմասերի նկատմամբ փաստացի վերահսկողությունը հաստատվել է փոխկապակցված կառույցների միջոցով։

«Շանթ» հեռուստաընկերությունը, Նորատուսի ռադիոկայանը, Spike-ը՝ գյուղմթերքի արտահանողը, Ucom-ը, «Երևան Մոլը», հյուրանոցները՝ DoubleTree-ն ու Opera Suite-ը, Renco-ի նախագծերը Ֆլորենցիայում, ինչպես նաև Jazzve սրճարանների ցանցը։

Այս բոլոր դրվագներում քննությունն ու լրագրողները արձանագրել են մարդկանց և ընկերությունների փոխկապակցվածություններ, օֆշորային սեփականատերեր, անվանական բաժնետերեր և խոշոր դրամական փոխանցումներ։

Jazzve-ն այն հազվադեպ օրինակներից է, որտեղ Մինասյանի մասնակցությունը փաստաթղթավորված է։ Ըստ ռեգիստրի՝ 2003–2011 թվականներին նա եղել է ընկերության միակ մասնակիցը, այնուհետև բաժնեմասերն անցել են Jazzve Holding-ին (BVI), իսկ 2018 թվականին, ըստ ռեգիստրային տվյալների, սեփականատերեր են դարձել Արթուր Ջանիբեկյանը և այլ անձինք։

Այս պատմությունների մեջ անընդհատ նույն անուններն են հայտնվում՝ Լեոնիդ Արևշատյան, որին հրապարակումները կապում էին Մինասյանի որոշ բիզնեսների կառավարման հետ, Արմեն Պետրոսյան, Արթուր Ջանիբեկյան, Տիգրան Եղոյան։

Քննության համար նրանք վստահված անձանց և անվանական սեփականատերերի ցանցի մասն են։ Պաշտպանության համար՝ ինքնուրույն ձեռնարկատերեր։

Համակարգիչ, կալանքներ և մեղադրանքի 76 դրվագ

Քննության համար կարևորագույն աղբյուրներից մեկը այն համակարգիչն է, որից Մինասյանն օգտվել է 2009–2014 թվականներին։

Նյութերում հիշատակվում է մոտ 9 հազար ֆայլ՝ նամակագրություն, պայմանագրեր, բանկային քաղվածքներ և հարկային փաստաթղթեր։ Դատախազության վարկածով՝ այդ համակարգիչը ընկերությունների, միջնորդների և պետական պաշտոնյաների միջև կապերի մի ամբողջ «քարտեզ» է։

2020 թվականի գարնանը սկսվեցին ապահովման միջոցները՝ մի շարք ընկերություններում՝ Jazzve, «Օֆիս Կլաս», «Ձորագետ Հիդրո», «Սպայկա», PanArmenian Media Group, «Արմենիա TV» և այլն, գործարքների արգելքներ և բաժնեմասերի կալանքներ։

2024 թվականի օգոստոսի 6-ին դատախազությունը Մինասյանի նկատմամբ հրապարակային քրեական հետապնդում սկսեց 76 դրվագով, որոնք որակավորվել էին Քրեական օրենսգրքի 13 հոդվածներով՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցությունից մինչև փողերի լվացում և հանցավոր կազմակերպություն ստեղծելը։

Պետությանը ենթադրյալ պատճառված վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոն դոլար։

Որոշ դրվագներով գործերն առանձնացվել և ուղարկվել են դատարան, իսկ Մինասյանի նկատմամբ մի շարք դեպքերում իրականացվում է հեռակա վարույթ։

2022 թվականի հուլիսին Ինտերպոլը նրա անունով միջազգային հետախուզումը կասեցրել է։

Քաղաքական բաղադրիչը․ ընդդիմության «աճեցումը» և 2018 թվականը

Մինասյանի կենսագրության ամենավիճահարույց և ամենաշատ քննարկվող կողմը նրա քաղաքական դերն է։

Այստեղ էականը միայն առանձին գործարքները չեն։ Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող էին տնտեսական և մեդիա ռեսուրսները ծառայել քաղաքական քարտեզի ձևավորմանը։

Այստեղ առանձնանում են երկու առանցքային ուղղություններ։

Առաջինը՝ վաղեմի ծանոթները Փաշինյանի թիմում

Մարդիկ, որոնք հետագայում հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատում, որոշ դրվագներում Մինասյանի հետ առնչվել էին դեռևս 2018 թվականից շատ առաջ։

Օրինակ՝ 2004 թվականին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 19 արժեքավոր գրքերի անհետացման պատմությունը։ Գործը, որը հարուցվեց միայն 2007 թվականին, հրապարակումներում ներկայացվում էր որպես կապող օղակ երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների միջև։ Այդ շրջանակում հիշատակվում էին Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Հետագայում երկուսն էլ հայտնվեցին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։

Քաղաքական կենսագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ անձնական շփումները և վաղեմի մասնագիտական կապերը կարող էին դառնալ հաղորդակցության ուղիներ, որոնք պահպանվեցին նաև իշխանափոխությունից հետո։

Երկրորդը՝ «Հայկական ժամանակի» ֆինանսավորումը և «կառավարվող ընդդիմությունը»

Մինասյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ տարիներ շարունակ գնել է Նիկոլ Փաշինյանի թերթի չվաճառված տպաքանակները՝ ընտանիքի հասցեին հնչող «զրպարտությանը» վերջ տալու համար։

Սակայն 2008–2018 թվականների իշխանական իրականության տրամաբանության մեջ այս պատմությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Այդ ժամանակ ուժային և վերահսկողական ինստիտուտները գտնվում էին նախկին էլիտայի վերահսկողության ներքո։ Հետևաբար այն վարկածը, թե հրապարակումները տարիներ շարունակ կարող էին քննադատել Մինասյանին՝ առանց որևէ հետևանքի, այնքան էլ համոզիչ չի թվում։

Այստեղից էլ առաջանում է մեկ այլ մեկնաբանություն․ թերթի ֆինանսավորումը կարող էր լինել ոչ թե հակազդեցություն, այլ ռազմավարական ներդրում՝ ճանաչելի, «ժողովրդական» ընդդիմադիր առաջնորդ ձևավորելու համար, որը իշխանության անհրաժեշտ վերադասավորման պահին կարող էր դառնալ հարմար գործիչ։

Գործնականում դա նշանակում էր թույլատրելի սահմաններում պահվող ընդդիմություն՝ ընդդիմադիր հարթակ, որը կարող էր քննադատել իշխանությանը, սակայն չէր սպառնում իշխանական համակարգի հիմքերին։

Այդ ռազմավարության արդյունքը երևաց 2017 թվականին։

«Ելք» դաշինքը, որի կազմում էին նաև Փաշինյանի կառույցները, անցավ խորհրդարան՝ ստանալով 7,79 տոկոս և 9 մանդատ։ Սա բավարար էր լեգիտիմ ընդդիմության կարգավիճակ ունենալու համար, սակայն՝ ոչ իշխանությունը վերցնելու։

Ընտրական համակարգի նկատմամբ վերահսկողության պայմաններում, երբ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը հանդիսանում էր որպես նախկին իշխանությանը հավատարիմ գործիչ, ընդդիմության «փոքր» արդյունքները կարող էին գիտակցաբար ապահովվել՝ որպես քաղաքական պահեստային տարբերակ։

Այս վարկածը ամրապնդվում է նաև այն հանգամանքով, որ «Ելք»-ը ընտրություններից հետո հրապարակայնորեն հայտարարել էր խախտումների մասին, սակայն, ի վերջո, չէր վիճարկել արդյունքները։ «Կառավարվող ընդդիմության» տրամաբանության համար սա բավական հարմար վարքագիծ էր։

Կոլերովը և «Մինասյանի կանխատեսումը»

«Կառավարվող տրանսֆերի» վարկածի համատեքստում ամենաշատ ուշադրության արժանի դրվագներից մեկը ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի վկայությունն է։

Կոլերովի խոսքով՝ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի տարի առաջ ինքը Երևանում զրուցել է Մինասյանի հետ։ Եվ Մինասյանն այդ ժամանակ վստահորեն հայտարարել է․

«Այս կուսակցությունը հաջորդ ընտրություններում մեծամասնություն կստանա»։

Այդ պահին «Իմ քայլը» խորհրդարանում հազիվ 8 տոկոս ուներ և ամենևին էլ հաղթանակի հավակնորդ չէր թվում։

Կոլերովը հարցրել է․ «Քեզ դա ինչո՞ւ է պետք», և ստացել, իր բնորոշմամբ, սթափեցնող պատասխանը․ «Դե, այդպես»։

Եթե Կոլերովի վկայությունը հավաստի է, ապա այստեղ գործ ունենք ուշագրավ հանգամանքի հետ․ Մինասյանը, ըստ այդ վկայության, ուներ ոչ միայն տեղեկություն, այլև քաղաքական խաղի վերջնական ելքի նկատմամբ վստահություն՝ այն ժամանակ, երբ այդ ելքը դեռևս ակնհայտ չէր։

Հենց այս դրվագն էլ դառնում է 2018 թվականը մասամբ էլիտաների կողմից նախապատրաստված սցենար դիտարկելու վարկածի կարևոր հիմքերից մեկը՝ քաղաքական կառուցվածքը վերահսկելի պայմաններում փոփոխելու նպատակով։

Գաղտնի նյութերի հասանելիություն և հրապարակային արտահոսքեր

Իշխանափոխությունից հետո Մինասյանը հայտնվեց արդեն բացահայտ ընդդիմության դաշտում։

Նա հրապարակում էր տեսաուղերձներ, տարածում փաստաթղթեր, այդ թվում՝ Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ-ի հետ համագործակցության վերաբերյալ ձեռագիր հայտարարությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին ուղղված 2020 թվականի սեպտեմբերի 1-ի նամակը, ինչպես նաև Պուտինի և Մերկելի՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ի զրույցից հատվածներ։

Մինասյանը պնդում էր, որ իր տրամադրության տակ կա փակ տեղեկատվության մեծածավալ շտեմարան, որի մի մասը անվտանգության նկատառումներով չի օգտագործում։

Հրապարակումները առաջացրին դատախազական ստուգումներ և վեճեր փաստաթղթերի իսկության ու բովանդակության շուրջ։ Միաժամանակ դրանք ցույց էին տալիս, որ Մինասյանն հասանելիություն է ունեցել դիվանագիտական և ուժային շրջանակներում շրջանառվող նյութերին։

Երկու աշխատանքային վարկած և տեղի ունեցողի իմաստը

Փաստերի ամբողջության՝ տնտեսական սխեմաների, երկարաժամկետ մեդիա ներդրումների, փոխկապակցված կապերի և Կոլերովի վկայության համադրությամբ ձևավորվում են երկու աշխատանքային վարկած։

  1. Խախտված պայմանավորվածության վարկածը։ Հնարավոր է՝ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» հիմնված էր իշխանության փոխանցման վերաբերյալ կուլիսային պայմանավորվածությունների վրա, որոնք հետագայում խախտվեցին։ Այս տրամաբանությամբ Սերժ Սարգսյանի նկատմամբ իրական քրեական հետապնդման բացակայությունը ոչ թե ժողովրդավարության դրսևորում է, այլ Փաշինյանի՝ նախկին նախագահի հնարավոր բացահայտումներից պաշտպանվելու հարկադրված միջոց։
  2. «Վերահսկվող կեղծիքի» վարկածը։ Դատական ակտիվությունը կարող է ծխածածկույթ ծառայել՝ թաքցնելով հին վերնախավի և նոր իշխանության կապերի իրական բնույթը։ Այն փաստը, որ Ինտերպոլը դադարեցրել է Մինասյանի հետախուզումը, հաստատում է, որ Երևանի կողմից իրական քաղաքական կամքի առկայության դեպքում արդյունքներն այլ կլինեին։

Այս պարադիգմում հետապնդումների մի մասը ցուցադրական է, մյուս մասը՝ իրական, սակայն դրանց վերջնական ընթացքը որոշվում է ոչ միայն իրավական փաստարկներով, այլև քաղաքական նպատակահարմարությամբ։

Եզրակացություն

Այս ամբողջ պատմությունը թույլ է տալիս ենթադրել, որ մենք ականատես ենք ոչ թե համակարգի մաքրմանը, այլ դրա վերահսկվող վերափոխմանը։ Չի բացառվում, որ այսօր Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներն իշխանության հակադարձ փոխանցման նախերգանքն են։ Այն կարող է տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանի գլխավոր պատմական առաքելության՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից վերջնականապես դուրս մղելու ավարտից հետո։ Այս ռազմավարության զոհն արդեն դարձել են Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ ներկայիս «կոռուպցիայի դեմ պայքարը» ծառայում է ընդամենը որպես ակտիվների վերաբաշխման և վերնախավի նոր դասավորության համար հող նախապատրաստելու գործիք, որտեղ հին դերակատարները կարող են կրկին իրենց տեղը գտնել։

Ի վերջո, Միքայել Մինասյանի պատմությունն այն մարդու պատմությունն է, որը հասավ իշխանության գագաթին, սակայն այդպես էլ չզբաղեցրեց այն՝ քաղաքական հիշողության մեջ մնալով «Միշիկ»։ Նրա կերպարը շարունակում է հարմար ցուցիչ մնալ․ եթե ներկայիս դատական համակարգն այդպես էլ չկարողանա գործը հասցնել տրամաբանական ավարտին, դա կնշանակի, որ «գորշ կարդինալների» դեմ պայքարն ընդամենը ավելի լայնածավալ և հանրության աչքից թաքնված միստիֆիկացիայի մի մասն է։

Կենսագրական տեղեկանք

Միքայել Արայի Մինասյան (1977, հոկտեմբերի 1, Երևան), հայ դիվանագետ, քաղաքական գործիչ, Վատիկանում Հայաստանի դեսպան (2013-2018):

Ծնվել է 1977 թ. հոկտեմբերի 1-ին:

1993-1996 թթ. սովորել է Վենետիկի «Մուրատ-Ռաֆայելյան» վարժարանում: 1996-2000 թթ. սովորել է Տրիեստեի համալսարանի մագիստրատուրայում: Ատենախոսության թեման՝ «Կովկասյան աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական դինամիկան»: 2001-2004 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում. գիտական թեման՝ «Հայկական հարցը և հայ եկեղեցին 1877-1878 թթ.»։

1999-2000 թվականներին աշխատել է Տրիեստեի համալսարանում՝ որպես ՀՀ և Իտալիայի արտաքին գործերի նախարարության կրտսեր դիվանագետների համար մասնագիտական ուսուցման համատեղ ծրագրի ղեկավար:

1999-2002 թթ. աշխատել է Եվրոպական խորհրդարանի անդամ Դեմետրիո Վոլչիչի աշխատակազմում՝ որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հարավային Կովկաս պատվիրակության փոխնախագահ, հարաբերությունների գծով խորհրդական։

2000-2003 թթ. հանդիսացել է Հայաստանում Միջազգային եվրոպական շարժման հանձնաժողովի անդամ, Հայաստանում «Եվրոպական շարժման» հիմնադիր:

2005-2013 թթ. եղել է Սան Մարինոյի Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Հայաստանում:

2007-2008 թթ. եղել է ՀՀ վարչապետի ավագ օգնական: 2008 թվականից մինչև 2011 թվականի նոյեմբերի 3-ը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

2012 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ընդգրկվել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի կազմում։ 2013 թ. հունվարին դարձել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ։

2013 թվականի մարտին նշանակվել է Վատիկանում Հայաստանի դեսպան՝ դառնալով ոչ համատեղության կարգով այդ պաշտոնն զբաղեցրած առաջին դիվանագետը: 2013 թ. դեկտեմբերի 10-ին նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: 2016 թ. մայիսին համատեղության կարգով նշանակվել է Պորտուգալիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վատիկան): 2018 թ. նոյեմբերին Մինասյանը հետ է կանչվել Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

2018 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն Մինասյանին մեղադրում է ապօրինի հարստացման, եկամուտների և գույքի հայտարարագրում կեղծ տեղեկություններ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռքբերված գույքն օրինականացնելու մեջ։ 2020 թ. մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը: Արդեն հաջորդ ամիս Վերաքննիչ քրեական դատարանը բեկանում է այդ որոշումը: 2020 թ. սեպտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին Մինասյանին կալանավորելու որոշում է կայացնում:

2019 թ. փետրվարին հայտարարել է «Հասրաթյան-Մինասյան» կրթամշակութային հիմնադրամի ստեղծման մասին։

2020 թ. Մինասյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատներին մեղադրեց ծխախոտի, զենքի և ադամանդների մաքսանենգության մեջ։ Այն բանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Փաշինյանը ստորագրեց Արցախում հրադադարի մասին հայտարարությունը, Մինասյանը հանդես էր եկել հետևյալ գրառմամբ. «Ստորագրեց… չհասցրեցինք։ Գաղտնի բոլորից, խաբեց մինչև վերջ։ Անմեղսունակ վիժվածքը առոչինչ դարձրեց մեր հաղթանակը, լափեց մեր ապագան… Անիծվեք դուք՝ Նիկոլ և ոհմակ»:

Պարգևներ և կոչումներ

«Վաչագան Բարեպաշտ» մեդալ (2015 թ. մայիսի 5, Արցախի Հանրապետություն) :

Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշան (2016 թ. մարտի 16, Վատիկան):

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2016 թ. սեպտեմբերի 17):

Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի Մեծ Սպայի Խաչ (2016 թ. հոկտեմբերի 24, Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտ):

Մալթայի Ուխտի արժանիքների համար Մեծ Խաչ (2017 թ. դեկտեմբերի 11, Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտ):

Անձնական կյանք

Ամուսնացած է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ավագ դստեր՝ Անուշ Սարգսյանի հետ:

Միքայել Մինասյանի սանիկը Վիկտոր Մնացականյանն է, որ հանդիսանում էր Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի անդամ:

Իրավական տեղեկատվություն

Այս էջում ներկայացված տեղեկատվությունը միայն տեղեկատվական նպատակներով է և հիմնված է բաց աղբյուրների վրա: Բոլոր տեղեկությունները վերաբերում են թվարկված անձանց հասարակական գործունեությանը: Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հնարավոր անճշտությունների համար: Եթե ունեք լրացուցիչ տեղեկատվություն, խնդրում ենք կապվել մեզ հետ:

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև