«Ազատություն» ռադիոկայան․ Տիգրան Ավինյանի աշխատավարձը կկազմի առնվազն 2 մլն 80 հազար դրամ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատավարձը 2027 թվականի հունվարի 1-ից կկազմի առնվազն 2 մլն 80 հազար դրամ՝ ներառյալ հարկերը։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Երևանի ավագանին հաստատել է վարձատրության հաշվարկման նոր համակարգը, որով սահմանվել են քաղաքապետարանի պաշտոնատար անձանց աշխատավարձերի հաշվարկման գործակիցները։
Նոր համակարգով քաղաքապետի պաշտոնի համար սահմանվել է ամենաբարձր գործակիցը։ Արդյունքում՝ Ավինյանի աշխատավարձը ներկայիս 1 մլն 320 հազար դրամի փոխարեն կավելանա առնվազն 760 հազար դրամով։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի խոսքով՝ փոփոխության նպատակը աշխատավարձերի վերանայումն է։ Նա պարզաբանել է, որ վերջնական չափերը կախված կլինեն 2027 թվականի բյուջեում սահմանվելիք բազային աշխատավարձից, որը, օրենքով, չի կարող նվազագույն աշխատավարձի 80-ապատիկից ցածր լինել։
Աշխատավարձերի փոփոխությունը կվերաբերի նաև քաղաքապետի տեղակալներին, օգնականներին, խոսնակին, վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի մյուս աշխատակիցներին։ Գալջյանի խոսքով՝ նախատեսվում է նախկինում աշխատավարձից առանձին վճարվող պարգևավճարները ներառել աշխատավարձի կազմում։ Նա պնդել է, որ որոշ աշխատակիցների ընդհանուր վարձատրությունը նոր համակարգով կարող է նույնիսկ նվազել՝ համեմատած ներկայում ստացվող աշխատավարձի և պարգևավճարների հանրագումարի հետ, սակայն կոնկրետ թվեր չի ներկայացրել։
Նախագծին դեմ է քվեարկել ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը քննադատել է աշխատավարձերի բարձրացման մտադրությունը՝ մատնանշելով տրանսպորտի, կարմիր գծերի, գույքահարկի և տեղական վճարների թանկացումը, ինչպես նաև Երևանի խցանումներն ու բնապահպանական խնդիրները։ Նրա խոսքով՝ քաղաքացիների ֆինանսական բեռը մեծացել է, մինչդեռ քաղաքի խնդիրները չեն լուծվել։
Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության (ՀԱՆ) գնահատմամբ՝ բյուջեի պակասուրդի և դրանից բխող արտաքին պարտք ներգրավելու անհրաժեշտության պայմաններում քաղաքապետարանի աշխատավարձերի կտրուկ բարձրացումը առնվազն տարօրինակ է։ Առավել ևս՝ հաշվի առնելով, որ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանը մինչ օրս առանձնապես արդյունավետ աշխատանքով աչքի չի ընկել։