Ագնեսա Խամոյան․ Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Քննչական կոմիտեին մեղադրել է դատարանի որոշումը չկատարելու մեջ՝ հայտարարելով, որ Օլիմպավանի կապարակնքման ապօրինության վերաբերյալ դատական ակտը մինչ օրս չի կատարվել։ Այս մասին հայտնում է «Yerevan.Today»-ը։
Խամոյանի խոսքով՝ սեպտեմբերի 28-ին դատարանը որոշել է, որ Օլիմպավանի կապարակնքումն ապօրինի է եղել։ Սակայն, պատգամավորի պնդմամբ, Քննչական կոմիտեն չի կատարել դատարանի որոշումը՝ այն ուղարկելով հսկող դատախազին՝ բողոքարկման հարցը քննարկելու նպատակով։
Պատգամավորը Քննչական կոմիտեի այս դիրքորոշումը իրավական անհեթեթություն է համարել՝ ընդգծելով, որ դատարանի որոշումները ենթակա են կատարման։ Նա նշել է, որ Օլիմպավանի փակման հետևանքով տնտեսվարողն ու աշխատակիցները ամիսներ շարունակ զրկված են եղել աշխատանքից։
Ագնեսա Խամոյանը հայտնել է, որ դատարանի որոշումը չկատարելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն և սպասում է պատասխանին։ Նա նաև զգուշացրել է, որ ապօրինությունների համար պատասխանատվությունից չեն խուսափելու նաև գործող իշխանության ներկայացուցիչները։