Հետք․ Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները

Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամի պարգևավճար: Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետքին» ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։

«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։ Խնդրել էինք նաև առանձնացնել մարզպետների ու նրանց տեղակալների վերաբերյալ նշված տեղեկությունը։ Ութ մարզպետարանների աշխատակիցները մոտ 4 մլրդ 368 մլն դրամ պարգևավճար են ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարանների աշխատակիցների պարգևավճարները: Այս երկու մարզպետները չեն տրամադրել պարգևավճար ստացած աշխատակիցների ու պարգևավճարի չափի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ: Իսկ Արմավիրի ու Շիրակի մարզպետները չեն հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել:

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրավոր պատասխանում նշել է, թե մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցները, այդ թվում՝ պարգևատրման գումարները, արտացոլվում են Հայաստանի՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

«Հայտնում եմ նաև, որ մարզպետը, մարզպետի տեղակալները, խորհրդականները և օգնականները հանդիսանում են հայտարարատու պաշտոնյաներ»,-նշված է մարզպետ Արսենյանի պատասխանում։ Նա, փաստացի, խուսափել է տեղեկություններ տրամադրել։

Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տրամադրած տեղեկատվությունն ամբողջական ու արժանահավատ չէ: Մեզ ուղղված պատասխանում նա նշել է, օրինակ, որ 2025թ. մարզպետարանի բոլոր աշխատակիցները պարգևատրվել են 115 հազ. 444 դրամի չափով, 2024-ին՝ 132 հազ. 759 դրամի չափով և այլն: Չկա տեղեկատվություն, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևատրվել, որքա՞ն գումար է հատկացվել այդ նպատակով: Արդյոք վարչության պետը, տեխնիկական աշխատողն ու մարզպետը նույն չափով են վարձատրվել:

Մարզպետի ու իր տեղակալների՝ տարվա կտրվածքով ստացած պարգևավճարների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հղում է կատարվել հայտարարագրերին, որ այդ անձինք հայտարարատու են: Մինչդեռ տարին մեկ անգամ հրապարակվող հայտարարագրում չկա առանձնացված տեղեկատվություն, թե եկամուտների որ մասն է աշխատավարձը, որը՝ պարգևավճարը։

Հարկ է նշել, որ թե՛ մարզպետը, թե՛ տեղակալները պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։ Այսինքն՝ 2025թ. հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2026թ. մայիսի 31-ը, ինչը նշանակում է, որ դրանից շուտ տեսականորեն հնարավոր չէ պարգևավճարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:

Արմավիրի ու Շիրակի մարզպետարաններն էլ չեն հայտնել, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևավճար ստացել, հետևաբար հնարավոր չէ տվյալները միջինացնել:

Նշենք, որ 2024թ. համեմատ պարգևավճարների ընդհանուր չափը 2025թ.-ին կրճատվել է միայն Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի մարզերում (խոսքը 8 մարզի մասին է՝ բացառությամբ՝ Սյունիքի ու Վայոց ձորի): Օրինակ՝ Գեղարքունիքում 2024թ. ընդհանուր պարգևավճարի չափը կազմել է մոտ 180 մլն դրամ՝ 106 աշխատակցի հաշվով, իսկ 2025-ին 102 աշխատակից ստացել է մոտ 139 մլն դրամ:

Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների պարգևավճարների ընդհանուր գումարն ավելացել է: Օրինակ՝ եթե 2024թ.-ին Արմավիրի մարզի աշխատակիցները ստացել են 43 մլն 527 հազ. դրամ պարգևավճար, ապա 2025-ին՝ մոտ 68 մլն դրամ, Շիրակում 2024թ.-ին ստացել են 92 մլն 476 մլն դրամ, 2025-ին՝ մոտ 104 մլն և այլն:

Անդրադառնալով պարգևավճարների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ տրամադրած 6 մարզպետարաններին, նշենք, որ 2025թ. միջինում ամենամեծ չափով պարգևատրվել են Տավուշի մարզպետարանի աշխատակիցները՝ 1 մլն 399 հազ դրամ: Պարգևավճարի չափով հաջորդում են Արագածոտնի և Գեղարքունիքի մարզպետարանների աշխատակիցները՝ համապատասխանաբար 1 մլն 365 հազ. դրամ և 1 մլն 362 հազ. դրամի չափով: Միջինում ամենաքիչ չափով պարգևավճար ստացել են Արարատի մարզպետարանի աշխատակիցները՝ 817 հազ. դրամ:

Ներկայացված տվյալները չեն նշանակում, որ մարզպետարանների բոլոր աշխատակիցները ստացել են նույնքան պարգևավճար: Բարձր պաշտոններ զբաղեցնողները պարգևատրվել են ավելի շատ, ինչի պատճառով էլ աշխատողների ընդհանուր թվի միջինացված տվյալներով՝ մեկ անձի հաշվով գումարի չափը մեծանում է:

Օրինակ՝ Կոտայքի մարզպետն ու իր 2 տեղակալները 2025թ. ստացել են ընդհանուրը մոտ 25 մլն 407 հազ. դրամ պարգևավճար, իսկ մարզպետարանի 81 աշխատակիցները միասին՝ 77 մլն 611 հազ. դրամ: Ստացվում է, որ մարզպետն ու իր տեղակալները միջինում ստացել են 8 մլն 469 հազ. դրամ պարգևավճար, իսկ աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ մոտ 958 հազ. դրամ:

2024թ. համեմատ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի ու իր 2 տեղակալների պարգևավճարը շեշտակի ավելացել է, իսկ մարզպետարանների աշխատակիցներինը, հակառակը՝ նվազել: 2024թ. մարզպետն ու տեղակալները ստացել են մոտ 18 մլն դրամ պարգևավճար, իսկ 84 աշխատակիցները՝ 134 մլն դրամ։

6 մարզերից ամենամեծ թվով աշխատակիցներ պարգևատրվել են Գեղարքունիքի մարզպետարանում՝ 5 տարում 639 մարդ, այնուհետև Լոռու մարզպետարանում՝ 577 մարդ: Ամենաքիչ թվով աշխատողներ պարգևատրվել են Տավուշի մարզպետարանում՝ 366 մարդ: Փոխարենն այս մարզպետարանի աշխատակիցների պարգևավճարի չափն է բարձր եղել:

Փաստացի, զգալի հանրային միջոցներ են ծախսվում, սակայն հանրությունը չի տեղեկանում, թե ինչի՞ համար են պարգևատրվում պետական մարմինների աշխատակիցները, ի՞նչ արդյունքի համար։

hetq.am

Դարի գործարքը, թե՞ կոռուպցիոն սխեմա․ պետական եվ կալանքի տակ գտնվող գույքի վաճառքը Նարեկ Նալբանդյանին

Գրոշներով վաճառված հյուրանոց։ Նախկին վարչապետի առանձնատուն, որն իրացվել է՝ չնայած դրա նկատմամբ դրված կալանքին։ Երկրի խոշորագույն ցեմենտի գործարաններից մեկը, որն անցել է մեկ գործարարի ձեռքը։ Եվ վարչապետ, որը հրապարակավ անիծում է նրա անունը։ Նարեկ Նալբանդյանի պատմությունը մի դետեկտիվ պատմություն է այն մասին, թե ինչպես մի քանի տարվա ընթացքում սուպերմարկետների ցանցի համեստ սեփականատերը դարձավ Հայաստանի ամենաաղմկահարույց ակտիվների գլխավոր ձեռքբերողներից մեկը։ Եվ այն մասին, թե ինչու պաշտոնյաները դրանում կոռուպցիա չեն տեսնում։

Կարդալ ավելին

Ստվերային տոնախմբություն․ ինչպես երկու ընկերություններ առանց մրցույթի ավելի քան 7 միլիարդ դրամ ստացան Երևանի զարդարման համար

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը բացահայտել է մի սխեմա, որի շրջանակում պետական միջոցները զանգվածաբար, շրջանցելով օրենքը, փոխանցվում են երկու փոխկապակցված ընկերությունների։ Նրա գնահատմամբ՝ ծառայությունների իրական արժեքը ստացված գումարների ընդամենը 10–15 տոկոսն է կազմում։ Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության (ՀԱՆ) լրագրողական հետաքննությունն ուսումնասիրել է այս սկանդալի մանրամասները։

Կարդալ ավելին

ORAGIR.NEWS. 1 մլրդ. 450 հազար դրամի վերանորոգում՝ Աննա Հակոբյանի ազգականի ղեկավարած պոլիկլինիկայում

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքում հունիսից մեկնարկել են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Գյումրիի ամենամեծ և ամենահին պոլիկլինիկաներից մեկը հիմնանորոգվում է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի ներդրմամբ։

Կարդալ ավելին

75 միլիոն դրամ՝ մի դռան համար․ Փաշինյանի իշխանության նոր «գլուխգործոցը»

Հայաստանի կառավարությունը 2025 թվականի դեկտեմբերին որոշում է ընդունել, որը, անկախ փորձագետների կարծիքով, պետական միջոցների բացահայտ ոչ նպատակային օգտագործման ցայտուն օրինակ է։ Խոսքը լոնդոնյան «Sam Fogg» պատկերասրահից XII դարի դռան փեղկ ձեռք բերելու մասին է։ Գործարքի արժեքը՝ ներառյալ առաքումը, կազմել է 175 մլն 360 հազար դրամ՝ մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար։

Կարդալ ավելին

Հանրային Տրիբունալ․Պետական տեռոր՝ ժողովրդավարության մասին փաշինյանական դասերը

Հայաստանում՝ մի երկրում, որն իշխանությունների շուրթերով 2018 թվականից ի վեր հպարտորեն իրեն հռչակում է «ժողովրդավարության բաստիոն», այսօր քաղբանտարկյալների թիվը հասնում է 248 -ի։ Իրավապաշտպանները ահազանգում են, միջազգային դիտորդները խոսում են «քաղաքական բռնաճնշումների» և «ավտորիտար միտումների» մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին երդվում էր, թե «թավշյա հեղափոխությամբ» Հայաստանում սկսվել է օրենքի գերակայության դարաշրջանը, այսօր առավոտից երեկո հրահանգներ է տալիս՝ հաջորդը ում պետք է ձերբակալել։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև