Աշխարհը՝ պատերազմի շեմին, Հայաստանը՝ դեֆոլտի շեմին, իսկ վարչապետը թմբուկ է խփում

«Հայաստանի անվտանգային, տնտեսական, արտաքին-քաղաքական, ներքաղաքական, սոցիալական վիճակն առավել քան մտահոգիչ է, սակայն Նիկոլ Փաշինյանը փոխանակ դրանցով զբաղվի, շարունակում է պարապ վախտի խաղալիքներով զբաղվել, «Վարչաբենդում» և «Վարչաֆեստում» թմբուկ խփել, «Վարչապետի գավաթ» մրցումներ կազմակերպել, դրանց միջոցով մսխել պարտքերի տակ խրված Հայաստանի պետական բյուջեից զգալի գումարներ։ Ավելի քան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ»։

Լրագրող Վոսկան Սարգսյանի այս խոսքերը՝ սոցիալական ցանցերում հերթական հարձակում չեն։ Ասվածը կոշտ է։ Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը,՝ դիպուկ։ Աշխարհը, պարոնայք, սրընթաց վերադառնում է XIX դարի աշխարհաքաղաքական իրողություններին՝ միայն հրթիռների ու նեյրոցանցերի ուղղումով։ Իսկ Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 179 մլն դրամ է հատկացնում «Վարչաֆեստ 2026» երիտասարդական-երաժշտական փառատոնի անցկացմանը։ Միջոցառումը խոստանում է մասշտաբային լինել․ շուրջ հարյուր երաժշտական խմբեր, այդ թվում՝ օտարերկրյա մասնակիցներ, Սևանի ափին վրանային ճամբար, երեք հազար հանդիսատես և 10 մլն դրամ մրցանակային ֆոնդ։

Հրաշալի է։ Հատկապես այն ֆոնին, որ 2026 թվականի երկրի բյուջեն կազմվել է 537,5 մլրդ դրամ պակասուրդով։ Միայն պետական պարտքի սպասարկման՝ տոկոսների վճարման համար, այս տարի կծախսվի 423 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրլն 53 մլրդ դրամ, ինչը կազմում է բյուջետային բոլոր ծախսերի 11,7 տոկոսը։ Համեմատության համար՝ առողջապահությանը հատկացված է բյուջեի ընդամենը 5,9 տոկոսը։

Պարտքերի մեջ խրված երկրի դիմանկարը

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը հասել էր 12 մլրդ 842 մլն դոլարի։ 2025 թվականի ընթացքում այն աճեց՝ հասնելով 13 մլրդ 736 մլն դոլարի՝ անկախության ողջ պատմության բացարձակ ռեկորդի։ Երկրի յուրաքանչյուր բնակիչ, այդ թվում՝ նորածինները, պարտատերերին պարտք է 4458 դոլար։

Միաժամանակ, վերջին 8 տարիներին պարտքի կուտակման տեմպերը նախորդ ժամանակահատվածի համեմատ արագացել են գրեթե երեք անգամ։ Եթե 2017 թվականին՝ «թավշյա հեղափոխությունից» առաջ, պետական պարտքը կազմում էր 6 մլրդ 774,6 մլն դոլար, ապա այժմ այն ավելի քան կրկնապատկվել է։

Ուշագրավ է նաև այն, որ պարտքի աճին զուգահեռ Հայաստանը ստիպված է ավելի բարձր տոկոսներով փոխառություններ վերցնել։ Եթե 2017 թվականին վարկերի միջին տոկոսադրույքը կազմում էր 4,9 տոկոս, ապա 2025-ին արդեն՝ 7,4 տոկոս։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր փոխառություն ավելի ու ավելի ծանր է նստում հարկատուների ուսերին։

Պաշտպանությունը՝ ծվատված, զվարճանքները՝ առաջնահերթ

Առանձնահատուկ ուշադրության է արժանի պաշտպանության ոլորտի ծախսային հոդվածը։ 2026 թվականի բյուջեում այն կրճատվում է 102 մլրդ դրամով կամ 15,2 տոկոսով՝ 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ։ Փաշինյանը դա բացատրում է նախորդ տարվա «բարձր բազայով»՝ իբր ռազմական վարկերի մի մասը վաղաժամկետ մարվել է։ Բայց սահմաններին պահպանվող լարվածության և չկարգավորված հակամարտությունների պայմաններում նման խնայողությունը, մեղմ ասած, ռիսկային է թվում։

Եվ հենց այստեղ էլ՝ 179 մլն դրամ փառատոնի համար։ Իրավիճակի ցինիզմն այն է, որ այդ ծախսերն արդարացվում են «երիտասարդության ստեղծագործական ներուժի» մասին հոգածությամբ։ Բայց ինչո՞վ պետք է զբաղվի երիտասարդությունը, եթե երկիրը կորցնում է պաշտպանունակությունը, իսկ տնտեսությունը քարշ է գալիս ահռելի պարտքերի ծանրության տակ։ Փառատոնների մեկնի՞։ Դա էլ այն դեպքում, եթե չհասցնի երկրից ընդմիշտ հեռանալ։

Երբ «տոնախմբությունները» դառնում են ախտորոշում

Լրագրող Վոսկան Սարգսյանն արդեն նախազգուշացրել էր․ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում «մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը»։ Եվ սա խոսքի պատկերավոր արտահայտություն չէ, այլ փաստի արձանագրում։ Նրա իշխանության տարիներին Հայաստանը պարտվել է Ադրբեջանի հետ պատերազմում, կորցրել է վերահսկողությունը Արցախի նկատմամբ, իսկ բնակչությունը հազարներով լքում է երկիրը։

Այն ֆոնին, երբ աշխարհը սրընթաց վերադառնում է XIX դարի իրողություններին, Հայաստանի վարչապետը թմբուկային կատարումներով է զվարճացնում հանրությանը։ Հնարավոր է՝ նա պատրաստվում է փողոցային երաժշտի կարիերայի, բայց երկրին շոումեն չէ պետք, այլ մարդ, որն ի վիճակի է հավասարակշռություն պահել աշխարհաքաղաքական ճնշումների արանքում։ Ժողովուրդը տառապում է, արքան զվարճանում։ Իսկ ինչ-որ մեկը, այս ամենին նայելով, անկեղծորեն հավատում է, թե հայոց պատմության վերջին էջը չի շրջվելու։ Վախենամ հիասթափեցնել բոլոր անուղղելի լավատեսներին։ Կշրջվի, եթե ծաղրածուն շարունակի արքայի դեր խաղալ։

Հանրային Տրիբունալ

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև