Արմեն Սարգսյանի ընտանիքին պատկանող Pepsi-ի բիզնեսը Հայաստանում անցնում է Carlsberg-ին

Դանիական Carlsberg ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել PepsiCo-ի արտադրական բիզնեսը Հայաստանում և Վրաստանում։ Այս մասին, վկայակոչելով Carlsberg-ի հաղորդագրությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Գործարքի արդյունքում Carlsberg-ը պատասխանատու կլինի երկու երկրներում PepsiCo-ի արտադրանքի շշալցման և վաճառքի համար։ Ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի շուկաներ մուտքը թույլ կտա Հարավային Կովկասում ձևավորել «ուժեղ կլաստեր»՝ միավորելով տարածաշրջանում իր գործունեությունը նաև Ադրբեջանի բիզնեսի հետ։ Ավելի վաղ Carlsberg-ը նմանատիպ պայմանագիր էր կնքել Ադրբեջանում՝ ստանձնելով PepsiCo-ի շշալցումը այդ երկրում։
Ո՞ւմ է պատկանում Pepsi-ի բիզնեսը Հայաստանում
«Ազատության» տվյալներով՝ Վրաստանում PepsiCo-ի ներկայացուցիչը Iberia Refreshments ընկերությունն է, իսկ Հայաստանում՝ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի կոլա բոթթլեր Արմենիա»-ն։ Երկու ընկերություններն էլ պատկանում են Revery Group-ին։
Revery Group-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը Հայկ Սարգսյանն է՝ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի կոլա բոթթլեր Արմենիա»-ի բաժնետերերի թվում է նաև ղազախ խոշոր գործարար Ալմաս Սուլթանգազինը, որը Արմեն Սարգսյանի բիզնես գործընկերներից է։
Carlsberg-ի հետ Սարգսյանների գործարար կապերը նոր չեն։ Նրանց պատկանող «Պրեմիեր ֆուդս» ընկերությունը Հայաստանում Carlsberg-ի գարեջրի պաշտոնական ներկայացուցիչն է։
Հայաստանում և Վրաստանում PepsiCo-ի բիզնեսի ձեռքբերման պայմանագրերն արդեն կնքվել են, սակայն գործարքը դեռ պետք է ստանա Հայաստանի համապատասխան մարմինների հավանությունը։ Մասնավորապես, անհրաժեշտ է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համաձայնությունը՝ բաժնետոմսերի փոխանցումն իրականացնելու համար։
Carlsberg Group-ի փոխնախագահ Նիկոս Կալաիցիտակիսը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է արագացնել PepsiCo-ի բիզնեսի զարգացումը և ուսումնասիրել Հայաստանում ու Վրաստանում լրացուցիչ հնարավորությունները։
Pepsi-ի հայկական բիզնեսը՝ միլիարդավոր դրամների շրջանառությամբ
Հայաստանում PepsiCo-ի հիմնական մրցակիցը Coca-Cola-ն է։ «Ազատությունը» նշում է, որ Coca-Cola-ի հայկական ընկերության տվյալներով՝ ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայում այն ունի 76 տոկոս մասնաբաժին։
«Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի կոլա բոթթլեր Արմենիա»-ի ապրանքային պորտֆելում Pepsi-ից բացի ներառված են Mirinda, 7Up և Max Power ապրանքանիշերը։ Ընկերությունը նաև ներմուծում և վաճառում է Lays, Doritos և Chitos չիպսերը։
2011 թվականից ընկերությունը ներդրել է ըմպելիքների արտադրության երկու հոսքագիծ։ 2025 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ միայն ըմպելիքների վաճառքից ընկերության հասույթը գերազանցել է 5,8 մլրդ դրամը։
Jyske բանկի վերլուծաբան Հայդեր Անջումը Reuters-ին ասել է, որ ներդրողների համար գործարքի կարևորությունը պայմանավորված է ոչ այնքան Հայաստանի և Վրաստանի շուկաների չափով, որքան PepsiCo-ի և Carlsberg-ի միջև խորացող գործարար հարաբերություններով։
Carlsberg-ը հիմնադրվել է 1847 թվականին։ Թեև ընկերությունն առավել հայտնի է գարեջրի արտադրությամբ, այն ունի նաև զովացուցիչ ըմպելիքների լայն տեսականի և գործունեություն է ծավալում աշխարհի շուրջ 150 շուկաներում։ Ընկերությունը համարվում է աշխարհի չորս խոշորագույն գարեջրագործական խմբերից մեկը։