Գնել Սանոսյան․ 35 միլիոն դրամ՝ «Լիդիանից», եվ անհայտ բարերարների առատաձեռնությունը

2025 թվականին Գնել Սանոսյանը «Լիդիան Արմենիա» ընկերությունից ստացել է 35 միլիոն 102 հազար 500 դրամ։ Այս գումարը նա չի ստացել պետական համակարգում երկարամյա աշխատանքի, նախարարություն ղեկավարելու կամ համապետական խնդիրներ լուծելու դիմաց։ Այդ գումարը նրան վճարել է Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությունը՝ հենց այն ընկերությունը, որի շուրջ տարիներ շարունակ բուռն վեճեր են ծավալվել բնապահպանական ռիսկերի, ջրային պաշարների անվտանգության և հանքի շահագործման թույլատրելիության վերաբերյալ։ Այս մասին վկայում է Սանոսյանի հայտարարագիրը, որն ուսումնասիրել է Factor.am-ը։
Սանոսյանը դարձել է ընկերության տնօրենների խորհրդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը։ Այսինքն՝ պետությունն իր ներկայացուցչին գործուղել է այն ընկերության կառավարման մարմին, որտեղ բաժնեմաս ունի։ Եվ այդ ներկայացուցիչը 2025 թվականի ընթացքում նույն ընկերությունից ստացել է ավելի քան 35 միլիոն դրամ։ Ահա այսպես են դասավորվել գործերը․ պետական շահերը՝ պետությանը, իսկ աշխատավարձը՝ ընկերությունից։ Թե նման պայմաններում ինչպես է ապահովվում կառավարության ներկայացուցչի անկախությունը և ում շահերն է նա պարտավոր պաշտպանել վիճահարույց իրավիճակներում, հայտարարագիրը, բնականաբար, չի պարզաբանում։
Թե կոնկրետ քանի ամիս է Սանոսյանը ստացել այդ աշխատավարձը, տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են հաշվում։ Factor.am-ը նշում է վեց ամիս՝ հաշվարկը սկսելով 2025 թվականի հունիսի 30-ին նրա նշանակման օրվանից։ Իսկ «Հրապարակը», համադրելով գումարը սեպտեմբերի 9-ին անձամբ Սանոսյանի արած հրապարակային հայտարարության հետ, ենթադրում է, որ խոսքը մոտ չորս ամսվա մասին է։ Առաջին հաշվարկով ամսական վարձատրությունը կազմում է շուրջ 5 միլիոն 850 հազար դրամ, երկրորդով՝ գրեթե 8 միլիոն 800 հազար։ Աշխատանքի ճշգրիտ տևողությունը կարելի է պարզել միայն ընկերության փաստաթղթերով։ Բայց հաշվարկի որ տարբերակն էլ ընդունենք, խոսքը բավական պատկառելի վարձատրության մասին է։ Համեմատության համար նշենք, որ Սանոսյանի հայտարարագրում նշված տարեկան եկամուտը կազմել է շուրջ 66 միլիոն 600 հազար դրամ։
Իսկ հիմա վերադառնանք Ամուլսարի պատմության ակունքներին։ 2019 թվականին երկրի այսօրվա իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի պատգամավորները հրապարակավ մտահոգություններ էին հայտնում հանքավայրի շահագործման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Hetq-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե հանքարդյունահանումը վտանգ է ներկայացնում Կեչուտի ջրամբարի և, հետևաբար, Սևանա լճի համար, ապա հանքը չպետք է շահագործվի։ Նա հնարավոր էր համարում հանքի շահագործումը միայն այն պայմանով, որ միջազգային փորձաքննությունները չհաստատեն այդ վտանգները։ Իսկ Yerkir.am-ը՝ հղում անելով «Ժամանակ» թերթի աղբյուրներին, գրել էր նաև «Իմ քայլը» խմբակցության ներսում առկա տարաձայնությունների մասին։ Որոշ պատգամավորներ շարունակում էին դեմ լինել նախագծի գործարկմանը նույնիսկ այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, թե Ամուլսարի հանքը պետք է շահագործվի։
Այդ ժամանակ իր խոստումն էր տվել նաև անձամբ Փաշինյանը։ Նա հայտարարել էր, որ Ամուլսարի շահագործման հարցը կորոշվի միջազգային փորձաքննության արդյունքներով։ 2019 թվականի մարտին վարչապետը հստակ ասել էր․ եթե ուսումնասիրությունը Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի համար անընդունելի վտանգներ բացահայտի, նախագիծը կփակվի, իսկ եթե ռիսկերը կառավարելի լինեն, հանքարդյունահանումը կշարունակվի։
Հետագայում կառավարությունը որպես հիմնավորում վկայակոչում էր ELARD ընկերության եզրակացությունը, ըստ որի՝ աղտոտված ջրերի՝ Ջերմուկի տաք աղբյուրներ հասնելու հավանականությունը շատ ցածր էր, իսկ մի շարք բնապահպանական ազդեցություններ հնարավոր էր կառավարել՝ վերահսկողության և պաշտպանության միջոցառումների պատշաճ իրականացման դեպքում։
Սակայն դա ամենևին չէր նշանակում, թե բնապահպանական վեճերը հարթվել են։ Դրանք շարունակվում էին նաև հանքի հանդիսավոր գործարկումից հետո։ Դրանից ընդամենը մեկ շաբաթ անց Hetq-ը հաղորդեց, որ բողոքի ակցիաները չեն դադարել, իսկ բնապահպանները շարունակում են նախագծի վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացնել։
2026 թվականի հոկտեմբերին իշխանության քաղաքական դիրքորոշումն արդեն վերջնականապես ընդունել էր նրա համար ամենահարմար ձևը։ Հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց Ամուլսարի հանքի պաշտոնական բացման արարողությանը։ Այժմ, նրա հավաստմամբ, բնապահպանական բոլոր հարցերն արդեն ստացել են իրենց պատասխանները, և մտահոգվելու որևէ հիմք չկա։ Կառավարական տոնակատարությունը կայացավ։ Արարողության ընթացքում խոսվեց 750 միլիոն դոլարի ներդրումների, ավելի քան 4 հազար ուղղակի և անուղղակի աշխատատեղերի, ինչպես նաև տարեկան 130 միլիոն դոլարի հարկերի ու ռոյալթիների մասին։ Սրանք կառավարության և ընկերության կանխատեսումներն են, ոչ թե արդեն արձանագրված արդյունքներ։ Բայց ճառերն այնպիսի տպավորություն էին ստեղծում, ասես խոստացված միլիոններն արդեն մուտք են գործել պետական բյուջե, իսկ բնապահպանական բոլոր մտահոգություններն ու բողոքողները մնացել են հանքի ցանկապատից այն կողմ։
Կա ևս մեկ հանգամանք, որի վրա Սանոսյանի հայտարարագրում դժվար է ուշադրություն չդարձնել։ «Լիդիանից» ստացած աշխատավարձից բացի, Սանոսյանը եղբայրներից շուրջ 2,3 միլիոն ռուբլու նվերներ է ստացել։ Ընկերներն ու բարեկամներն էլ նրան նվիրել են 28,8 հազար դոլար, 12,3 հազար եվրո և շուրջ 2,5 միլիոն դրամ։ Մի քանի արժույթով արտահայտված՝ բավական կլորիկ գումարներ։ Ովքե՞ր են այդ առատաձեռն բարեկամներն ու ընկերները, ինչո՞վ են զբաղվում, որտեղի՞ց նրանց հնարավորությունը՝ պետական պաշտոնյային տասնյակ հազարավոր դոլարների ու եվրոների նվերներ մատուցելու։ Հայտարարագիրը նշում է նվիրատուների խմբերը, բայց այս հարցերին պատասխան չի տալիս։ Բարձր պետական պաշտոններ զբաղեցրած, իսկ այժմ մասնավոր ընկերության խորհրդում կառավարությունը ներկայացնող մարդու պարագայում նման մուտքերի թափանցիկությունը բնավ էլ պարապ հետաքրքրասիրություն չէ։
Մեր տեղեկություններով՝ Գնել Սանոսյանի եղբայրներն աշխատում են Մոսկվայում։ Վերջերս նրանք ձեռք են բերել շինարարական և այլ մասնագիտացված տեխնիկայի բավական մեծ պարկ, որն այժմ վարձակալությամբ են տրամադրում։ Ինչպես տեսնում ենք Սանոսյանի հայտարարագրից, իր բաժինն այդ բիզնեսից ռուբլով ստանում է նաև մեր պաշտոնյա-գործարար Գնել Սանոսյանը։
Ուշագրավ է, որ Սանոսյան եղբայրների կողմից Ռուսաստանում թանկարժեք տեխնիկայի ձեռքբերումը ժամանակագրորեն համընկնում է Հայաստանում Գնելի ֆինանսական վերելքի հետ։ Այնպես որ՝ միանշանակ ասել՝ Մոսկվայից նրան նվե՞րներ են ուղարկում, թե՞ պարզապես վերադարձնում են ներդրված գումարները, դժվար է։
2019 թվականին Փաշինյանի թիմակիցները դեռ հանդես էին գալիս Սևանի ու Ջերմուկի անզիջում պաշտպանների դերում, խոսում բնապահպանական սպառնալիքների մասին և պահանջում թույլ չտալ Ամուլսարի շահագործումը, եթե փորձաքննությամբ հաստատվեն ռիսկերը։ Մի քանի տարի անց այդ ամբողջ սկզբունքայնությունը գոլորշիացավ։ Փաշինյանն արդեն հանդիսավորությամբ բացում է հանքը, իսկ ընկերության խորհրդում կառավարության նշանակած ներկայացուցիչը նույն ընկերությունից 35 միլիոն դրամ է ստանում։
Իհարկե, կարելի է շարունակել թափանցիկության, հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին ճառեր ասել։ Իշխանությունն, առհասարակ, գեղեցիկ բառերի արտադրության հարցում դժվարություններ չունի։ Գործնականում, սակայն, պատկերն ավելի հետաքրքիր է․ այսօրվա իշխանության պատկերացմամբ՝ թափանցիկությունն այն է, որ հայտարարագրում նշված գումարները տեսանելի են բոլորին։ Իսկ թե կոնկրետ ովքեր են պաշտոնյաներին տասնյակ հազարավոր դոլարներ ու եվրոներ նվիրում, և ինչի՞ դիմաց են պետական պաշտոնյաները մասնավոր ընկերությունում ընդամենը 4-6 ամսվա ընթացքում 35 միլիոն դրամ վաստակում, դա, ըստ երևույթին, արդեն անձնական կյանքի հարց է։