Pastinfo․ Երևանի բժշկական կենտրոններից մեկում բժիշկը առանց համաձայնության հեռացրել է օտարերկրացու աջ ամորձին

Երևանի բժշկական կենտրոններից մեկում արտառոց դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ինչպես հայտնում է Pastinfo-ն, օտարերկրացի Սալիմ Փ.-ն դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ բժիշկն առանց իր համաձայնության հեռացրել է իր աջ ամորձին։
Դիմումատուի ներկայացմամբ՝ ինքը բժշկի հետ պայմանավորվել էր փոքր վիրահատության մասին․ ամորձու մաշկի մեջ առկա կիստան պետք է հեռացվեր տեղային անզգայացմամբ։ Սակայն, ըստ նրա, վիրահատության ընթացքում բժիշկն առանց իր համաձայնության կիրառել է ընդհանուր անզգայացում և ամբողջությամբ հեռացրել աջ ամորձին՝ առանց որևէ բժշկական անհրաժեշտության կամ հիմնավորման։
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննությունը շարունակվում է։ Քննչական մարմինը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չի հրապարակում բժշկական կենտրոնի անվանումը և վիրահատությունն իրականացրած բժշկի ինքնությունը։
Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ վիրահատության իրական պատճառներն ու բժշկական միջամտության իրավաչափությունը, պետք է պարզվեն քննության ընթացքում։