Ֆիրդուսիի միլիոնները, պետական պարտավորությունների տապալումը եվ Ավինյանի շրջապատի կանեփի բիզնեսը․ ո՞վ շահեց, ո՞վ վնաս կրեց

Երևանի կենտրոնում՝ Ֆիրդուսի թաղամասում, արդեն շուրջ երկու տասնամյակ շարունակվող պատմությունը պետական կառավարման, հանրային սեփականության օտարման և մասնավոր շահերի հարաբերակցության բավական խոսուն օրինակ է։ Քաղաքացիներին խոստացված ժամանակակից թաղամասի փոխարեն այսօր ունենք չավարտված կառուցապատում, իրար հաջորդող ընկերություններ, չկատարված ֆինանսական պարտավորություններ, դատական վեճեր ու սեփականության համար պայքարող բնակիչներ։ Իսկ այս ամբողջ պատմության մեջ առանձին ուշադրության է արժանի գործարար Էդուարդ Մելիքյանի հետագիծը․ «Գլենդել Հիլզից» և «Դիանարից» մինչև արդյունաբերական կանեփի «Գրոուար» ընկերություն, որի բաժնետերերի ու ղեկավարների թվում հայտնվել էին Տիգրան Ավինյանի մտերիմն ու նրա նախկին աշխատակազմի ներկայացուցիչները։

Նոյեմբերի 17-ին Ֆիրդուսիի բնակիչները կրկին փողոց էին դուրս եկել։ Այս անգամ բողոքի ակցիայի վայրը Ազգային ժողովի դիմացն էր։ Նրանց էին միացել Բյուզանդի և Կոնդի բնակիչները։ Պահանջը նույնն էր՝ սեփականության դիմաց արդար փոխհատուցում, օտարման գործընթացում իրենց իրավունքների պաշտպանություն։ Բնակիչներից մեկն այդ ամենը բնութագրել էր որպես սեփականության խլում և ունեզրկում։

Սա առանձին թաղամասի բնակիչների դժգոհություն չէ միայն։ Ֆիրդուսիի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ պետությունը քաղաքացիների սեփականությունը հայտարարում է հանրային գերակա շահ, սակայն տարիներ շարունակ չի կարողանում ապահովել այդ որոշման պատշաճ կատարումը։ Ո՞վ է շահում նման գործընթացից, և ո՞վ է վճարում դրա գինը։

Հանրային գերակա շահ՝ մասնավոր կառուցապատման ճանապարհին

Ֆիրդուսիի վերակառուցման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2006 թվականին։ 2008-ին տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, իսկ ձեռքբերող է հայտարարվել «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը։ Ավելի քան 300 միլիոն դոլար գնահատվող նախագծով նախատեսվում էր կառուցել բնակելի և հասարակական նշանակության համալիրներ, ստորգետնյա ավտոկայանատեղի ու շրջանաձև հրապարակ։

Ծրագիրը, սակայն, սահմանված ժամկետներում կյանքի չկոչվեց։ Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքը սահմանում է, որ կառավարության որոշումից հետո յոթ տարվա ընթացքում ծրագրի մեկնարկը չապահովելու դեպքում հանրային շահը չի կարող շարունակել համարվել գերակա։ Հենց այս իրավական հանգամանքն էլ հանգեցրեց 2008 թվականի գործընթացի կասեցմանը։

2018-ին պետությունը վերադարձավ նույն նախագծին։ Կառավարությունը մարտի 22-ի N 332-Ն որոշմամբ տարածքը կրկին ճանաչեց հանրային գերակա շահ, իսկ կառուցապատման գործընթացում ներգրավվեց «Դիանար» ՓԲԸ-ն, որը կապվում էր Էդուարդ Մելիքյանի հետ։

CivilNet-ի 2023 թվականի հետաքննության համաձայն՝ տարածքը բաժանվել էր 18 լոտերի, որոնցից յուրաքանչյուրի համար ստեղծվել էին առանձին ընկերություններ։ Դրանք տարբեր ժամանակահատվածներում այս կամ այն կերպ առնչվել են «Դիանար»-ին կամ Մելիքյանին, իսկ հետագայում բաժնեմասերը փոխանցվել են այլ անձանց։

Աղբյուր՝ CivilNet, «Ֆիրդուսի թաղամասի անհայտ կառուցապատողը»

373 գույք, 202 պայմանագիր․ պետության չավարտված հաշվարկները

2025 թվականին հրապարակված կառավարության որոշման նախագծի հիմնավորումը թույլ է տալիս գնահատել, թե իրականում ինչ վիճակում էր հայտնվել ծրագիրը։

Պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ Ֆիրդուսի թաղամասում հաշվառվել էր օտարման ենթակա շուրջ 373 գույք։ Դրանցից «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն սեփականատերերի հետ նախկինում կնքել էր 202 պայմանագիր։

2018 թվականի որոշման ընդունման պահին դեռևս օտարված չէր 171 գույք։ Հետագա տարիներին այդ թիվը նվազել էր, բայց խնդիրը չէր լուծվել։ Կառավարության նախագծի հիմնավորման համաձայն՝ մնացել էր 39 չօտարված գույք։ Դրանցից հինգի օտարման անհրաժեշտությունն այլևս չկար, 14-ի վերաբերյալ դատական գործընթացներ էին ընթանում, իսկ մյուս 20-ի համար անհրաժեշտ էր հանրային գերակա շահի նոր որոշում։

Թվերը խոսում են ինքնին։ Գրեթե երկու տասնամյակ շարունակվող ծրագրի պայմաններում պետությունը 2025 թվականին դեռ ստիպված էր նոր իրավական ընթացակարգեր նախաձեռնել՝ նախկինում չլուծված սեփականության հարցերը կարգավորելու համար։

Բայց նույն փաստաթուղթը բացահայտում է նաև մեկ այլ հանգամանք՝ նախկին կառուցապատող «Արդահան Քոնսթրաքշն»-ի ձախողված պարտավորությունները։

Օրենքով սահմանված կարգով սեփականատերերին ուղարկվել էին օտարման պայմանագրերի նախագծերը։ Սեփականատերերը երեք ամսվա ընթացքում համաձայնություն չէին տվել պայմանագրերի կնքմանը։ Նման իրավիճակում ձեռքբերող ընկերությունը պարտավոր էր փոխհատուցման գումարը սահմանված ժամկետում փոխանցել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին։

«Արդահան Քոնսթրաքշն»-ը դա չէր արել։

Հետևանքը՝ 19 գույքի մասով հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշումը կորցրել էր իրավական ուժը։ Այսինքն՝ ընկերությունը չէր կատարել օրենքով նախատեսված ֆինանսական պարտավորությունը, և պետական որոշումը փաստացի կորցրել էր իր կիրառելիությունը։

Հանրային գերակա շահի մասին որոշում ընդունելը մի բան է, դրա հիման վրա ստանձնած պարտավորությունները կատարելը՝ բոլորովին այլ։ Ֆիրդուսիի դեպքում երկրորդը հերթական անգամ խնդրահարույց է դարձել։

Աղբյուր՝ e-draft.am, 33-րդ թաղամասի որոշ տարածքների նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմնավորում

9,2 միլիարդ դրամի ներդրում և նոր ձեռքբերող՝ «Էլիտ Հոլդինգ»

Կառավարության նույն փաստաթղթում հիշատակվում է ևս մեկ ուշագրավ հանգամանք։ «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ն դեռևս 2016 թվականից ֆինանսական միջոցներ էր ներգրավել 33-րդ թաղամասում նախատեսվող հրապարակի՝ 16-րդ, 17-րդ և 18-րդ լոտերի կառուցապատման համար։ Ներդրումների ծավալը կազմել էր շուրջ 9,2 միլիարդ դրամ։ Ըստ պաշտոնական հիմնավորման՝ այդ միջոցները պետք է ուղղվեին տարածքի օտարման գործընթացի ֆինանսավորմանը։

2024 թվականի հոկտեմբերի 17-ին կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորեց պայմանագիր կնքել «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ՝ վերջինիս ճանաչելով տարածքի նոր ձեռքբերող։

Որոշումն ընդունվել էր առանց զեկուցման։ Հիմնավորման համաձայն՝ նոր պայմանագիրը հնարավորություն էր տալու շարունակել և ավարտին հասցնել Ֆիրդուսիի կառուցապատումը, ինչպես նաև նոր տարածքների նկատմամբ կրկին ճանաչել հանրային գերակա շահ։

«Արդահան Քոնսթրաքշն»-ի հետ հարաբերությունների խզումից հետո պետությունն այսպիսով ընտրեց նոր գործընկեր՝ «Էլիտ Հոլդինգ»-ին։

2025 թվականի հունիսին e-draft.am-ում հրապարակված նախագծի հիմնավորումն արդեն նախատեսում էր նախկին «Արդահան Քոնսթրաքշն»-ի լոտում գտնվող 19 և նախկին «Կարս Քոնսթրաքշն»-ի լոտում գտնվող մեկ գույքի նկատմամբ նոր հանրային գերակա շահ ճանաչել։ Նախատեսվում էր նաև կարգավորել պետության և «Էլիտ Հոլդինգ»-ի միջև պայմանագրային հարաբերությունները։

Եվ այսպես՝ նոր որոշում, նոր պայմանագիր, նոր ձեռքբերող։ Իսկ քաղաքացիների սեփականության շուրջ տարիներ շարունակ կուտակված խնդիրները շարունակում են մնալ պետական օրակարգում։

Աղբյուր՝ «Փաստինֆո», 17.10.2024

Էդուարդ Մելիքյանի գործարար հետագիծը․ «Գլենդել Հիլզից» մինչև «Գրոուար»

Ֆիրդուսիի պատմության մեջ Էդուարդ Մելիքյանի անունը պատահական չէ։ Նա եղել է «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրենը, հետագայում՝ «Դիանար» ՓԲԸ-ի տնօրենն ու բաժնետերը։

«Գլենդել Հիլզը» տարիներ առաջ ներգրավված էր Գյումրու «Մուշ 2» և «Անի» թաղամասերի բնակարանաշինական ծրագրերում։ Շիրակի և Լոռու մարզերում անհատական բնակելի տներ կառուցելու համար կառավարությունը ընկերությանը տրամադրել էր 2 միլիարդ դրամի բյուջետային երաշխիք։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում էր շուրջ 34 միլիարդ դրամ։

CivilNet-ի 2022 թվականի հետաքննության համաձայն՝ երկրաշարժից հետո անօթևան մնացած անձանց բնակարանաշինական ծրագրերի առնչությամբ Քննչական կոմիտեում քննվում էր չարաշահումների հատկանիշներով քրեական գործ։ Ուսումնասիրվում էր նաև «Գլենդել Հիլզ»-ի կանխամտածված սնանկության հանգամանքը։

Այսպիսով՝ ընկերության շուրջ տարիներ շարունակ կուտակված խնդիրները, պետական ֆինանսական երաշխիքների և բնակարանաշինական պարտավորությունների պատմությունը հանրային վերահսկողության առարկա լինելու բավարար հիմք են հանդիսանում։

Աղբյուր՝ CivilNet, 04.07.2022

Ավինյանի մտերիմը, նրա նախկին աշխատակազմը և կանեփի բիզնեսը

2021 թվականի ապրիլի 29-ին կառավարությունը հավանություն տվեց արդյունաբերական կանեփի մշակումը, ներմուծումն ու արտահանումը թույլատրող օրենսդրական փոփոխությունների նախագծերին։ Հարցը զեկուցում էր այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իսկ համապատասխան փոփոխությունները մշակվել էին նրա գրասենյակում։

Ընդամենը երկու աշխատանքային օր անց՝ մայիսի սկզբին, Երևանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրեց «Գրոուար» ՓԲԸ-ն։

CivilNet-ի ուսումնասիրության համաձայն՝ ընկերության կանոնադրական կապիտալը գերազանցում էր 100 միլիոն դրամը։ Բաժնետոմսերը բաշխվել էին հետևյալ կերպ.

  • Ստեփան Մարգարյան՝ 45 տոկոս,
  • Սուրեն Թորոսյան՝ 22,5 տոկոս,
  • Էդուարդ Մելիքյան՝ 22,5 տոկոս,
  • Տիգրան Քրմոյան՝ 10 տոկոս։

Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն էր և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Ներկայում Նուարդ Վարդանյանը պատկանում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանեկան շրջապատին։

Ընկերության մյուս բաժնետեր Տիգրան Քրմոյանը նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի օգնականն էր։ «Հետք»-ի հրապարակումների համաձայն՝ Քրմոյանը կապ է ունեցել Այվազյանի ընտանիքի բիզնեսների կառավարման հետ։

Սակայն «Գրոուար»-ի պատմության մեջ առավել ուշագրավ է ընկերության կառավարման օղակում Ավինյանի նախկին աշխատակազմի ներկայացուցիչների հայտնվելը։

CivilNet-ը պարզել էր, որ ընկերության տնօրեն էր դարձել Սուրեն Գալստյանը, որը 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի փետրվարը աշխատել էր որպես Ավինյանի օգնական։ Ավելի ուշ Գալստյանը նշանակվել էր արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար, իսկ 2021 թվականի հոկտեմբերին ազատվել այդ պաշտոնից։

Նրան փոխարինել էր Սոնա Թևանյանը՝ Ավինյանի նախկին խորհրդականը։ Նա փոխվարչապետի աշխատակազմում աշխատել էր 2019 թվականի հունիսից մինչև 2021 թվականի օգոստոսը։ Այսինքն՝ նաև այն ժամանակահատվածում, երբ մշակվում էին արդյունաբերական կանեփի արտադրության օրենսդրական հիմքերը։

CivilNet-ը փորձել էր պարզել, թե կոնկրետ ինչ հանձնարարություններ էր ստացել Թևանյանը փոխվարչապետի աշխատակազմում կանեփի արտադրության և ոլորտի իրավական կարգավորման հարցերով։ Սակայն փոխվարչապետի գրասենյակից պատասխանել էին, որ այդ տեղեկությունները տրամադրելն անհնար է։

Իսկ Ստեփան Մարգարյանը շահերի բախման որևէ խնդիր չէր տեսնում։ Նա լրատվամիջոցին հայտնել էր, որ Ավինյանի գործոնը չի ազդել բիզնեսի հիմնադրման և հետագա գործընթացների վրա։ Մարգարյանի խոսքով՝ Մելիքյանին և Քրմոյանին ճանաչում էր ավելի քան տասը տարի։

Փաստերի հաջորդականությունն բավական է։ Արդյունաբերական կանեփի ոլորտի օրենսդրական փոփոխությունները նախապատրաստում է փոխվարչապետի աշխատակազմը։ Դրանից երկու աշխատանքային օր անց հիմնադրվում է ոլորտում գործունեություն ծավալելու նպատակ ունեցող ընկերություն։ Դրա խոշոր բաժնետերն Ավինյանի մտերիմ ընկերն է, մյուս բաժնետերերից մեկը՝ Ֆիրդուսիի կառուցապատման հետ առնչվող գործարարը, իսկ ընկերության ղեկավարումն ստանձնում են փոխվարչապետի նախկին աշխատակազմի ներկայացուցիչները։

Պետական պաշտոնյաների նախկին աշխատակիցների ներգրավումը նրանց անմիջական շրջապատի գործարարների հիմնադրած ընկերությունում, այն էլ՝ այդ ընկերության գործունեության իրավական դաշտը ձևավորելուց անմիջապես հետո, պետական լիազորությունների և մասնավոր շահերի վտանգավոր միահյուսման վկայություն է։

Մասիսի ջերմոցը․ 8110 քառակուսի մետր՝ ամսական 150 հազար դրամով

CivilNet-ի հետաքննությունը ներկայացրել էր նաև «Գրոուար»-ի արտադրական գործունեության կազմակերպման մանրամասները։

2021 թվականի օգոստոսին ընկերության տնօրեն Տիգրան Քրմոյանը Մասիսում՝ Էջմիածնի խճուղու հատվածում, տարածքի վարձակալության պայմանագիր էր կնքել Գուրգեն Մադոյանի հետ։ Վերջինս արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին է։

Ընկերությունը վարձակալել էր 8110 քառակուսի մետր արտադրական նշանակության հողատարածք՝ դրա վրա գտնվող արտադրամասով, վարչական շենքով, պահեստով և պահակակետով։ Ամսական վարձավճարը կազմել էր ընդամենը 150 հազար դրամ։

CivilNet-ի հաղորդմամբ՝ Մասիսի այն ժամանակվա քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 2021 թվականի հոկտեմբերի 10-ին ընկերությանը տրամադրել էր նախագծման թույլտվություն, իսկ հաջորդ օրը՝ շինարարության թույլտվություն։ Տարածքում կառուցվել էին ջերմոց, պարիսպ և օժանդակ շինություն, որից հետո սկսվել էր կանեփի մշակումը։

Ստեփան Մարգարյանը ցածր վարձավճարը լրատվամիջոցին բացատրել էր տարածքի անմխիթար վիճակով։ Նա բիզնեսը ներկայացրել էր որպես փորձնական ծրագիր՝ նշելով, որ հաջողության դեպքում նախատեսվում էր ընդլայնել արտադրությունը և ներգրավել վարկային միջոցներ։

Ուշադրության արժանի է նաև այն, թե ինչպիսի կապեր էին միավորվել այս ընկերության շուրջ։ Անշարժ գույքի ոլորտում գործող գործարար, նախկին պետական պաշտոնյաների ընտանիքների հետ առնչվող անձինք և իշխանության հետ մերձավոր կապեր ունեցող բաժնետերեր։

«Գրոուար»-ի գործունեության ավարտը․ լիցենզիան դադարեցվել է 2024-ին

2026 թվականի հունվարի 19-ին «Սպուտնիկ Արմենիան» հրապարակեց Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալությունից ստացված պատասխանը։ Դրանից պարզ դարձավ, թե ինչ ճակատագիր էր ունեցել արդյունաբերական կանեփի շուկա մուտք գործելու հայտ ներկայացրած «Գրոուար»-ը։

2021 թվականի հուլիսի 5-ից մինչև 2026 թվականի հունվարը արտադրական կանեփի լիցենզիա ստանալու համար նախարարություն դիմել էր 16 ընկերություն։ Դրանցից 12-ի հայտերը բավարարվել էին, չորսինը՝ մերժվել։

Սակայն լիցենզիա ստացած 12 ընկերություններից տասի գործունեությունը դադարեցվել էր։ Ինը ընկերություն սահմանված ժամկետում ընդհանրապես չէր սկսել գործունեությունը, իսկ «Գրոուար»-ի լիցենզիան դադարեցվել էր 2024 թվականին՝ հենց ընկերության դիմումի հիման վրա։

2026 թվականի հունվարի դրությամբ Հայաստանում արտադրական կանեփի գործող լիցենզիա ունեին ընդամենը երկու ընկերություն՝ «Գրին Դրիմս»-ը և «Վանաշին»-ը։ Դրանցից փաստացի գործունեություն էր իրականացնում միայն «Գրին Դրիմս»-ը։ «Վանաշին»-ը լիցենզիա էր ստացել 2025 թվականի դեկտեմբերին և դեռ արտադրություն չէր սկսել։

Այսպիսով, Ավինյանի մտերիմի, նրա նախկին աշխատակազմի ներկայացուցիչների և Էդուարդ Մելիքյանի մասնակցությամբ հիմնադրված «Գրոուար»-ը դադարեցրել էր իր գործունեությունը։ Ավելի քան 100 միլիոն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերությունը, որի ստեղծումը ժամանակագրորեն համընկել էր ոլորտի օրենսդրական կարգավորման հետ, երկարաժամկետ գործող բիզնես այդպես էլ չդարձավ։

Բայց այստեղ բացվում է ֆինանսական հաշվետվողականության մեկ այլ թեմա։ Ի՞նչ ներդրումներ է իրականում կատարել ընկերությունը, ի՞նչ տնտեսական արդյունքներ է գրանցել, որքա՞ն են կազմել ծախսերն ու եկամուտները, և ի՞նչն է ստիպել բաժնետերերին 2024 թվականին հրաժարվել լիցենզիայից։

«Սպուտնիկ Արմենիայի» հրապարակումը այս հարցերին պատասխաններ չի տալիս։ Սակայն դրանք առավել քան օրինաչափ են՝ հաշվի առնելով ընկերության հիմնադրման ժամանակագրությունը, բաժնետերերի կազմը և նախկին պետական պաշտոնյաների աշխատակազմի ներկայացուցիչների ներգրավվածությունը։

Աղբյուր՝ Sputnik Արմենիա, 19.01.2026

Բնակիչներին՝ ցածր գնահատականներ, իշխանություններին՝ նոր խոստումներ

Ֆիրդուսիի բնակիչների պայքարը շարունակվել է նաև 2026 թվականին։ Փետրվարի 4-ին նրանք բողոքի ակցիա էին անցկացրել Արդարադատության նախարարության դիմաց՝ հայտարարելով, որ իրենց տների արժեքը գնահատվում է շուկայականից չորս-հինգ անգամ ցածր։

Բնակիչները հիշեցրել էին Տիգրան Ավինյանի՝ դեռևս փոխքաղաքապետ եղած ժամանակ արած հայտարարությունը։ Նրա խոսքով՝ նախկինում առաջարկվող մեկ քառակուսի մետրի դիմաց 600-700 դոլարի փոխարեն նոր փոխհատուցումը պետք է կազմեր 1700-2000 դոլար։ Սակայն բնակիչների պնդմամբ՝ իրենց ներկայացվող իրական առաջարկները նույնիսկ 1000 դոլարի չեն հասնում։

Փետրվարի 4-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել բնակիչների հետ։ Նա հիշեցրել էր նաև նոր կարգավորումը, ըստ որի՝ հանրային գերակա շահի շրջանակում օտարվող գույքի դիմաց փոխհատուցումը հաշվարկվում է շուկայական արժեքի և լրացուցիչ 30 տոկոսի սկզբունքով, եթե սեփականատերը համաձայնում է առաջարկին և չի դիմում դատարան։

Սակայն այս կարգավորումը չի վերացնում բնակիչների հիմնական դժգոհությունը։ Վեճի առարկան հենց գույքի շուկայական գնահատականն է։ Եթե սկզբնական գնահատումն իրական շուկայական արժեքից զգալիորեն ցածր է, ապա դրա վրա ավելացված 30 տոկոսը դեռևս չի նշանակում համարժեք փոխհատուցում։

Իշխանությունը կարող է հայտարարել նոր մեթոդաբանության մասին, բայց դրանից բնակչի կորցրած սեփականությունն ինքնաբերաբար արդարացիորեն փոխհատուցված չի դառնում։ Ֆիրդուսիի բնակիչների դժգոհությունը հենց այդ հակասության մասին է։

Աղբյուր՝ NEWS.am, 04.02.2026

Ո՞վ է պատասխան տալու Ֆիրդուսիի տարիների պատմության համար

Ֆիրդուսին պետական անպատասխանատվության դասական օրինակ է․ իշխանությունը մարդկանցից խլել է սեփականությունը՝ հանրային գերակա շահի անվան տակ, բայց չի կարողացել ապահովել ո՛չ խոստացված արդյունքը, ո՛չ արդար փոխհատուցումը։ Փոխվել են ընկերությունները, ձեռքբերողները, բաժնետերերն ու պաշտոնյաները, իսկ բնակիչները մնացել են իրենց խախտված իրավունքների ու տարիներով ձգվող դատական վեճերի առջև։

Բնակիչների իրավունքների խախտման համար պետք է պատասխան տան բոլոր նրանք, ովքեր իրենց որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ մարդկանց հասցրել են այս վիճակին։ Առաջին հերթին՝ պետական պաշտոնյաները, որոնք տնօրինել են քաղաքացիների սեփականության ճակատագիրը, բայց չեն ապահովել ո՛չ օրենքի պահանջների կատարումը, ո՛չ մարդկանց իրավունքների պաշտպանությունը։ Իրենց բաժին պատասխանատվությունից չպետք է խուսափեն նաև այն ընկերությունների ղեկավարները, որոնք ստանձնել են պարտավորություններ, ապա հրաժարվել կամ թերացել են դրանք կատարել։ Պետք է պարզել, թե ով ինչ դեր է ունեցել այս գործընթացում, ստուգել շահերի հնարավոր բախումը, իրավական գնահատական տալ կայացված որոշումներին և մեղավորներին պատասխանատվության ենթարկել օրենքով սահմանված կարգով։ Ժամանակն է, որ այդ որոշումները կայացրած ու կյանքի կոչած անձինք պատասխան տան իրենց արածի համար։

Բրիտանական թագի հայաստանյան «ասպետները»․ Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Վաչե Մանուկյան Եվ Մհեր Գրիգորյան

Հայաստանում բրիտանական ազդեցության պատմությունը 2018 թվականի ապրիլին սկսված իրադարձություններով չի սահմանափակվում։ «Թավշյա հեղափոխությունից» դեռ շատ առաջ Հայաստանում արդեն հյուսվում էր գործարար, կրթական ու քաղաքական կապերի մի ամբողջ ցանց։ Դրա մեջ ներգրավված էին հայազգի բրիտանացի գործարարներ, Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային ֆինանսական կառույցներ և բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին

Գնել Սանոսյան․ 35 միլիոն դրամ՝ «Լիդիանից», եվ անհայտ բարերարների առատաձեռնությունը

2025 թվականին Գնել Սանոսյանը «Լիդիան Արմենիա» ընկերությունից ստացել է 35 միլիոն 102 հազար 500 դրամ։ Այս գումարը նա չի ստացել պետական համակարգում երկարամյա աշխատանքի, նախարարություն ղեկավարելու կամ համապետական խնդիրներ լուծելու դիմաց։ Այդ գումարը նրան վճարել է Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությունը՝ հենց այն ընկերությունը, որի շուրջ տարիներ շարունակ բուռն վեճեր են ծավալվել բնապահպանական ռիսկերի, ջրային պաշարների անվտանգության և հանքի շահագործման թույլատրելիության վերաբերյալ։

Կարդալ ավելին

Pastinfo․ Երևանի բժշկական կենտրոններից մեկում բժիշկը առանց համաձայնության հեռացրել է օտարերկրացու աջ ամորձին

Երևանի բժշկական կենտրոններից մեկում արտառոց դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ինչպես հայտնում է Pastinfo-ն, օտարերկրացի Սալիմ Փ.-ն դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ բժիշկն առանց իր համաձայնության հեռացրել է իր աջ ամորձին։

Կարդալ ավելին

ՀԱՆՐԱՅԻՆ ՏՌԻԲՈՒՆԱԼ․ Հաշվետվության եվ իրականության միջեվ անդունդը

Ծանոթանալով Արցախի բռնի տեղահանվածների վիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին՝ աչք է զարնում մի հանգամանք․ կառավարությունն իր վարած քաղաքականությունը հիմնականում գնահատում է հատկացված գումարներով, տրամադրված հավաստագրերի քանակով և օգնություն ստացած մարդկանց թվով։ Մինչդեռ արցախցիներն այդ քաղաքականության արդյունավետությունը չափում են բոլորովին այլ չափանիշներով՝ տանիք ունենա՞լու, մասնագիտությամբ աշխատանք գտնելու, ընտանիքը պահելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորությամբ։ Այսպիսով, իշխանությունն ու մարդիկ հաճախ ապրում են երկու բոլորովին տարբեր իրականություններում։ Եվ որքան ավելի տպավորիչ են դառնում իշխանական հաշվետվությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ երկու իրականությունների միջև բացված անդունդը։

Կարդալ ավելին

Ֆիրդուսիի միլիոնները, պետական պարտավորությունների տապալումը եվ Ավինյանի շրջապատի կանեփի բիզնեսը․ ո՞վ շահեց, ո՞վ վնաս կրեց

Նոյեմբերի 17-ին Ֆիրդուսիի բնակիչները կրկին փողոց էին դուրս եկել։ Այս անգամ բողոքի ակցիայի վայրը Ազգային ժողովի դիմացն էր։ Նրանց էին միացել Բյուզանդի և Կոնդի բնակիչները։ Պահանջը նույնն էր՝ սեփականության դիմաց արդար փոխհատուցում, օտարման գործընթացում իրենց իրավունքների պաշտպանություն։ Բնակիչներից մեկն այդ ամենը բնութագրել էր որպես սեփականության խլում և ունեզրկում։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև