«Հրապարակ». Տավուշի անտառներում նախատեսվում է գրեթե 10 հազար խմ փայտանյութի հատում

Տավուշի մարզի անտառամերձ գյուղերի բնակիչները «Հրապարակ»-ին հայտնել են, որ անտառներում օրինական հատատեղերի անվան տակ ապօրինի հատումներ են իրականացվում։ Խնդիրը պարզելու նպատակով թերթը հարցում է ուղարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Հայրապետյանին՝ պարզելու, թե 2026 թվականին Տավուշում քանի հատատեղ է նախատեսված և ինչ ծավալի փայտանյութի մթերում է թույլատրված։
Հայրապետյանը հայտնել է, որ տնտեսվարող սուբյեկտներին հատատեղեր չեն տրամադրվում․ դրանք շահագործվում են բացառապես «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից, իսկ հատումների ծավալները սահմանվում են անտառկառավարման պլաններով։ Ներկայացված տվյալների համաձայն՝ Արծվաբերդի անտառտնտեսությունում նախատեսված է 1 հատատեղ՝ 686,64 խմ ծավալով, Իջեւանի անտառտնտեսությունում՝ 1 հատատեղ՝ 117,43 խմ, Նոյեմբերյանի անտառտնտեսությունում՝ 14 հատատեղ՝ 5805,27 խմ, իսկ Սևքարի անտառտնտեսությունում՝ 20 հատատեղ՝ 3321,38 խմ։ Ընդհանուր առմամբ՝ 36 հատատեղ եւ 9930,72 խմ փայտանյութ։
«Հրապարակը» հատկապես առանձնացնում է Սևքարի անտառտնտեսությունը, որտեղ 20 հատատեղով նախատեսվում է ավելի քան 3300 խմ փայտանյութի մթերում։ Ըստ թերթի՝ Սևքարի անտառներն արդեն իսկ լրջորեն տուժել են նախկինում իրականացված մեծածավալ հատումներից։ Տեղի բնակիչները պնդում են, որ խնամքի եւ սանիտարական հատումների անվան տակ այնտեղ այլ բնույթի հատումներ էլ են իրականացվում։
Թերթը առանձին հետաքրքրվել է Սևքարի անտառտնտեսության Աչաջրի անտառպետության անտառապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Իջեւանի համայնքի ավագանու անդամ Կարեն Ծովանյանի գործունեությամբ։ Հայրապետյանի պատասխանի համաձայն՝ Ծովանյանին հատատեղերը տրամադրվել են ոչ թե պայմանագրերով, այլ անտառահատման տոմսերի հիման վրա։ Աչաջրի անտառպետության տարածքում նրան հատկացվել է 7 հատատեղ, որտեղ պետք է մթերել ընդհանուր 1326,42 խմ անտառանյութ, որից ընդամենը 9,46 խմ-ն է կազմում շինափայտը։ «Հայանտառը» միաժամանակ ընդգծել է, որ հատատեղի շահագործումը անտառապետի աշխատանքային պարտականությունների շրջանակում է։
Տավուշի բնակիչների համար ոչ պակաս սուր է նաեւ վառելափայտի հարցը։ Գործող կարգի համաձայն՝ համապատասխան ցանկում ընդգրկված բնակավայրերի ընտանիքներն իրավունք ունեն անվճար ստանալ մինչեւ 8 խմ թափուկ վառելափայտ՝ ջեռուցման նպատակով։ 2026 թվականին այդ նպատակով սահմանված առավելագույն ծավալը Արծվաբերդի անտառտնտեսության համար կազմում է 4500 խմ, Իջեւանի համար՝ 2500, Նոյեմբերյանի համար՝ 5500, Սեւքարի համար՝ 4000 խմ։ Մարզի կտրվածքով ընդհանուր ծավալը կազմում է 16 500 խմ։
Անվճար վառելափայտի տրամադրությունը սկսվել է սեպտեմբերի 1-ից։ Սակայն անտառամերձ գյուղերի բնակիչները դժգոհում են, որ նախատեսված մինչեւ 8 խմ-ի փոխարեն հաճախ ընդամենը 4 խմ են ստանում, ընդ որում՝ փայտը պետք է հավաքեն անտառի խորքից։
Խնդիրը դրանով չի ավարտվում։ Փայտը հավաքելուց հետո այն անտառից դուրս բերելու համար անհրաժեշտ է առանձին բացթողման տոմս։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նման տոմսերը ներկայումս սպառվել են։ Բնակիչներին խոստացել են, որ նոր փաստաթղթերը կտրամադրվեն հաջորդ շաբաթ։ Միաժամանակ Տավուշում տեղացած անձրեւները լրացուցիչ դժվարություններ են ստեղծել․ եթե տեղումները չշարունակվեն, անտառամիջյան ճանապարհների չորանալու համար կարող է պահանջվել մոտ 20 օր։
Այսպիսով, ըստ «Հրապարակ»-ի տվյալների, գրեթե 10 հազար խմ փայտանյութի պաշտոնապես նախատեսված հատումների ֆոնին Տավուշի բնակիչները շարունակում են ահազանգել սանիտարական եւ խնամքի աշխատանքների անվան տակ իրականացվող հատումների մասին, մինչդեռ հենց անտառամերձ բնակավայրերին անվճար վառելափայտ տրամադրելը սահմանափակվում է ծավալներով եւ ուղեկցվում է այն անտառից դուրս բերելու խնդիրներով։