«Oragir.am». Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը կավարտվի միայն 2027-ին

Գյումրիի նոր ծննդատան կառուցման ծրագիրը, որի մասին հայտարարվել էր դեռևս 2019 թվականին, արդեն յոթերորդ տարին է՝ չի հասնում ավարտին։ Չնայած պետական և մասնավոր ֆինանսավորմանը՝ շինարարությունը շարունակում է ձգձգվել, իսկ դրա ավարտի նոր վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Այս մասին գրում է Oragir.am-ը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գյումրիում և այցելել նաև կառուցվող ծննդատան շենք։ Ծրագրի համար պետական բյուջեից նախատեսված է ավելի քան 1 միլիարդ դրամ, սակայն շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն։

Ծննդատան կառուցման նախաձեռնությունը հանրությանը ներկայացվել էր 2019 թվականին և կապված էր շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի անվան հետ։ Սկզբնական ծրագրով շինարարությունը պետք է իրականացվեր նրա հիմնադրած հիմնադրամի միջոցներով։ Այդ ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ նոր ծննդատան հիմնադրման աշխատանքները ֆինանսավորվելու են գործարարի ստեղծած հիմնադրամի հաշվին։

Սակայն ծրագրի իրականացումը նախատեսված ընթացքով չի ընթացել։ 2023 թվականի հունիսին «Արմենպրեսը» տեղեկացրել էր, որ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի շինարարությունը վերսկսվել է։ Աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019-ին, սակայն շուրջ մեկ տարի դադարեցված էին եղել։ Այդ պահին շինարարության մոտ 50 տոկոսն էր իրականացված։

2024 թվականի հոկտեմբերի 18-ին շինհրապարակ էր այցելել նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Գարեգին Նժդեհի փողոց 3/6 հասցեում կառուցվող ծննդատան մասնաշենքի՝ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրի արժեքը շուրջ 650 միլիոն դրամ էր։

Նույն թվականի նոյեմբերին շինհրապարակ էր այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Վարդան Սրմաքեշի հիմնադրած հիմնադրամը շուտով ավարտելու է պայմանագրով ստանձնած աշխատանքները, իսկ շինարարության հետագա ընթացքը կապահովվի պետական միջոցներով։

Ծրագրի իրականացման ընթացքում, սակայն, տեղի են ունեցել նաև կառավարման և ֆինանսավորման էական փոփոխություններ։ 2025 թվականի հուլիսի 31-ի Կառավարության N 1052-Ա որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ) են վերապահվել ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների գնման պայմանագրերով նախատեսված պատվիրատուի լիազորությունները։

Խոսքը «Բիլդր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված՝ ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2024/3 պայմանագրի և «ԱԳԷԱ» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի նոյեմբերի 26-ին կնքված տեխնիկական հսկողության պայմանագրի մասին է։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ շինարարական աշխատանքների պայմանագրի արժեքը կազմել է 499 միլիոն 1 հազար 343 դրամ 70 լումա, իսկ կապալառու ընկերությանը որպես կանխավճար փոխանցվել է 124 միլիոն 750 հազար դրամ։ Առողջապահության նախարարությանը հանձնարարվել էր նաև փոփոխել նախագծանախահաշվային փաստաթղթերը և դրանց ամբողջական փաթեթը փոխանցել ՀՏԶՀ-ին։

Այսպիսով, շինարարության շարունակության համար անհրաժեշտ է եղել փոխել ոչ միայն պատվիրատու կառույցը, այլև վերանայել նախագծային և նախահաշվային փաստաթղթերը։

Ծրագրի ձգձգման վերաբերյալ լրացուցիչ հարցեր են առաջացնում նաև 2026 թվականի ապրիլի 27-ի Կառավարության N 566-Ա որոշման դրույթները։ Դրանով ՀՏԶՀ-ին թույլատրվել է «Բիլդր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 115 տոկոսի չափով։ Նույն որոշմամբ շինարարության ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։

Ընդ որում, որոշման դրույթների գործողությունը տարածվել է նաև 2025 թվականի նոյեմբերի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

Պետք է նկատի ունենալ, որ աշխատանքների ծավալը պայմանագրի գնի մինչև 115 տոկոսի չափով ավելացնելու թույլտվությունը դեռևս չի նշանակում, որ այդ ամբողջ գումարը փաստացի հատկացվել կամ վճարվել է։ Դրա իրական ծավալը պարզելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել պայմանագրում կատարված փոփոխությունները և վճարումների վերաբերյալ տվյալները։

Միևնույն ժամանակ Կառավարության հրապարակած որոշման հիմնավորումներում մանրամասն բացատրություն չկա, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտությունը, ինչու չի հաջողվել ավարտել շինարարությունը նախկին ժամկետներում և ինչու է վերջնաժամկետը տեղափոխվել մինչև 2027 թվականի օգոստոս։

Նոյեմբերի 4-ին ծննդատան շինհրապարակ էր այցելել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարզում իրականացվում է առողջապահական ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման վեց խոշոր ծրագիր՝ ընդհանուր 6 միլիարդ 257 միլիոն 104 հազար դրամ արժեքով։

Դրանց թվում է Գյումրու բժշկական կենտրոնի ծննդատան կառուցումը, որի արժեքը նշված է 1 միլիարդ 49 միլիոն 822 հազար դրամ։

Ստացվում է, որ 2019 թվականին հայտարարված և սկզբում մասնավոր ֆինանսավորմամբ նախատեսված ծրագիրը տարիների ընթացքում անցել է մի քանի փուլով՝ շինարարության դադարեցումից ու վերսկսումից մինչև պետական ֆինանսավորման ներգրավում, պատվիրատուի փոփոխություն, նախագծանախահաշվային փաստաթղթերի վերանայում և պայմանագրային ժամկետների երկարաձգում։

Այժմ, չնայած ավելի քան մեկ միլիարդ դրամ գնահատվող ներդրմանը, Գյումրիի նոր ծննդատան շահագործման հանձնումը նախատեսվում է միայն 2027 թվականի օգոստոսին։

Յոթ տարի ձգվող ծրագրի պատմությունը, փաստորեն, դեռ ավարտված չէ։ Իսկ թե ինչու է ծննդատան կառուցումը շարունակաբար հետաձգվել և ինչ լրացուցիչ ծախսեր են առաջացել այդ ընթացքում, առայժմ ամբողջական հրապարակային պատասխան չկա։

Oragir.am

Բրիտանական թագի հայաստանյան «ասպետները»․ Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Վաչե Մանուկյան Եվ Մհեր Գրիգորյան

Հայաստանում բրիտանական ազդեցության պատմությունը 2018 թվականի ապրիլին սկսված իրադարձություններով չի սահմանափակվում։ «Թավշյա հեղափոխությունից» դեռ շատ առաջ Հայաստանում արդեն հյուսվում էր գործարար, կրթական ու քաղաքական կապերի մի ամբողջ ցանց։ Դրա մեջ ներգրավված էին հայազգի բրիտանացի գործարարներ, Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային ֆինանսական կառույցներ և բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին

Գնել Սանոսյան․ 35 միլիոն դրամ՝ «Լիդիանից», եվ անհայտ բարերարների առատաձեռնությունը

2025 թվականին Գնել Սանոսյանը «Լիդիան Արմենիա» ընկերությունից ստացել է 35 միլիոն 102 հազար 500 դրամ։ Այս գումարը նա չի ստացել պետական համակարգում երկարամյա աշխատանքի, նախարարություն ղեկավարելու կամ համապետական խնդիրներ լուծելու դիմաց։ Այդ գումարը նրան վճարել է Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությունը՝ հենց այն ընկերությունը, որի շուրջ տարիներ շարունակ բուռն վեճեր են ծավալվել բնապահպանական ռիսկերի, ջրային պաշարների անվտանգության և հանքի շահագործման թույլատրելիության վերաբերյալ։

Կարդալ ավելին

Pastinfo․ Երևանի բժշկական կենտրոններից մեկում բժիշկը առանց համաձայնության հեռացրել է օտարերկրացու աջ ամորձին

Երևանի բժշկական կենտրոններից մեկում արտառոց դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ինչպես հայտնում է Pastinfo-ն, օտարերկրացի Սալիմ Փ.-ն դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ բժիշկն առանց իր համաձայնության հեռացրել է իր աջ ամորձին։

Կարդալ ավելին

ՀԱՆՐԱՅԻՆ ՏՌԻԲՈՒՆԱԼ․ Հաշվետվության եվ իրականության միջեվ անդունդը

Ծանոթանալով Արցախի բռնի տեղահանվածների վիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին՝ աչք է զարնում մի հանգամանք․ կառավարությունն իր վարած քաղաքականությունը հիմնականում գնահատում է հատկացված գումարներով, տրամադրված հավաստագրերի քանակով և օգնություն ստացած մարդկանց թվով։ Մինչդեռ արցախցիներն այդ քաղաքականության արդյունավետությունը չափում են բոլորովին այլ չափանիշներով՝ տանիք ունենա՞լու, մասնագիտությամբ աշխատանք գտնելու, ընտանիքը պահելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորությամբ։ Այսպիսով, իշխանությունն ու մարդիկ հաճախ ապրում են երկու բոլորովին տարբեր իրականություններում։ Եվ որքան ավելի տպավորիչ են դառնում իշխանական հաշվետվությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ երկու իրականությունների միջև բացված անդունդը։

Կարդալ ավելին

Ֆիրդուսիի միլիոնները, պետական պարտավորությունների տապալումը եվ Ավինյանի շրջապատի կանեփի բիզնեսը․ ո՞վ շահեց, ո՞վ վնաս կրեց

Նոյեմբերի 17-ին Ֆիրդուսիի բնակիչները կրկին փողոց էին դուրս եկել։ Այս անգամ բողոքի ակցիայի վայրը Ազգային ժողովի դիմացն էր։ Նրանց էին միացել Բյուզանդի և Կոնդի բնակիչները։ Պահանջը նույնն էր՝ սեփականության դիմաց արդար փոխհատուցում, օտարման գործընթացում իրենց իրավունքների պաշտպանություն։ Բնակիչներից մեկն այդ ամենը բնութագրել էր որպես սեփականության խլում և ունեզրկում։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև