«Փաստինֆո». Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքում հյուրանոցային համարի համար վճարվել է շուրջ 4,5 մլն դրամ

Կառավարությունը պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ կհատկացնի երկու նախարարությունների ներկայացուցիչների արտասահմանյան գործուղումների ընթացքում առաջացած հյուրանոցային ծախսերը փոխհատուցելու համար։ Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, խոսքը վերաբերում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորք կատարած այցին և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի՝ Փարիզ մեկնելուն։
2026 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարական պատվիրակության կազմում Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 20-26-ը գործուղվել է ԱՄՆ՝ Նյու Յորք։
Նախարարի կեցության համար «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում ամրագրվել է համար՝ 12 499,48 դոլար արժողությամբ։ Այդ գումարը հայկական դրամով կազմել է 4 միլիոն 543 հազար 65 դրամ։ Վճարումը նախապես, մեկ փոխանցմամբ, կատարվել է Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցներից։ Այժմ ծախսը պետք է փոխհատուցի Շրջակա միջավայրի նախարարությունը։
Պետական բյուջեի հաշվին փոխհատուցում է նախատեսվում նաև Փարիզ կատարած գործուղման համար։ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 9-10-ը Ֆրանսիայի մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալը։
Նրա հյուրանոցային ծախսերի համար Հայաստանի դեսպանության հաշվից վճարվել է 570,95 եվրո՝ շուրջ 240 հազար 700 դրամ։ Հետագայում Պետական արարողակարգի ծառայությունը այդ գումարը փոխանցել է դեսպանության հաշվեհամարին։
Այսպիսով, երկու գործուղումների հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար պետական կառույցների միջև կատարվելու են լրացուցիչ ֆինանսական փոխանցումներ։ Իսկ Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքում մեկշաբաթյա կեցության համար վճարված ավելի քան 12,4 հազար դոլարը շարունակում է առանձնանալ իր չափով։