«300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց ջեքփոթի դիմաց». ինչպես են համայնքային բյուջեները դառնում պաշտոնյաների ընտանիքների բիզնես. «Փաստ»

Հայաստանի համայնքներում պետական գնումների շուրջ շահերի բախման դեպքերը շարունակում են հարցեր առաջացնել։ Համայնքապետերի ընտանիքներին պատկանող ընկերությունները մասնակցում են համայնքային մրցույթներին, շահում միլիոնավոր դրամների պայմանագրեր, իսկ բացահայտված խախտումներին հաջորդող վարչական տուգանքները, ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իրինա Յոլյանի, չեն խոչընդոտում նույն ընկերությունների հետագա մասնակցությանը պետական գնումներին։
Ինչպես գրում է «Փաստ» օրաթերթը, Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում Իրինա Յոլյանը ներկայացրել է Թալինի, Արտաշատի և Սիսիանի համայնքներում արձանագրված դեպքերը՝ մատնանշելով պաշտոնյաների և նրանց մերձավորների բիզնես շահերի ու համայնքային միջոցների բաշխման միջև առկա կապերը։
Թալինում, մասնավորապես, հեղուկ և սեղմված գազի մատակարարման՝ ընդհանուր 15 միլիոն 714 հազար դրամի մրցույթներում հաղթող է ճանաչվել «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որը պատկանում է համայնքապետ Տավրոս Սափեյանի հորն ու հորեղբորը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընկերության մասնակցության հետ կապված խախտումներ արձանագրելուց և վարչական տուգանք նշանակելուց հետո էլ այն շարունակել է մասնակցել համայնքային գնումներին և հաղթել մրցույթներում։
Յոլյանը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ խախտումների մասին բարձրաձայնող պատգամավորին դատի տալու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց համայնքի ղեկավարը։ «Փաստորեն համայնքի ղեկավարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի ՀԴՄ կտրոնը ձեռքին որոշել է ինձ դատի տալ»,- ասել է պատգամավորը։
Արտաշատում պատկերը, ըստ Յոլյանի ներկայացրած տվյալների, ավելի խոսուն է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամը շահել է ընդհանուր 723 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր։ Այս դեպքում ևս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է համայնքապետին, իսկ դատարանը հաստատել է շահերի բախման փաստը։ Սակայն այդ հանգամանքները չեն խանգարել համայնքի ղեկավարին դատական հայց ներկայացնել պատգամավորի դեմ։
«ՀԴՄ կտրոնը և դատարանի արդեն կայացված վճիռը ձեռքին՝ համայնքի ղեկավարը որոշել է ինձ դատի տալ»,- նշել է Յոլյանը՝ ընդգծելով իրավիճակի անհեթեթությունը։
Սիսիանում, ըստ պատգամավորի, համայնքապետ Հովսեփ Առաքելյանի ընտանիքի հետ կապված ընկերությունների մասնակցությամբ կնքվել են տասնյակ միլիոնավոր դրամների պայմանագրեր։ Համայնքապետի ծնողներին պատկանող «Առաքել» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմել է 56,9 միլիոն դրամ, իսկ ընտանիքի անդամների հետ կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը հասել է 85 միլիոն դրամի։
Այս օրինակները մեկ ընդհանուր հարց են առաջ բերում՝ որքանո՞վ են արդյունավետ համայնքային գնումների նկատմամբ վերահսկողության գործող մեխանիզմները, եթե շահերի բախման արձանագրումից և տուգանքից հետո նույն ընկերությունները շարունակում են մասնակցել մրցույթներին ու ստանալ համայնքային պատվերներ։
Յոլյանի ելույթի ամենաուշագրավ ձևակերպումը վերաբերում էր հենց այդ մեխանիզմի տնտեսական տրամաբանությանը։
«Չնայած այս դեպքում ոչ թե փող են տալիս ու խախտում են, այլ ջեքփոթ են շահում, ինչո՞ւ չէ, 300 հազար կարող են վճարել, 700 միլիոն դրամ ջեքփոթ շահել և տենդերների մասնակցել»,- ասել է պատգամավորը։
Խնդիրը, ըստ էության, միայն առանձին համայնքներում կնքված պայմանագրերը չեն։ Երբ համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամը կապված է համայնքային գնումներին մասնակցող ընկերության հետ, հանրային միջոցների բաշխման թափանցիկությունն ու մրցակցության հավասար պայմանները հայտնվում են հարցականի տակ։ Իսկ եթե արձանագրված խախտումներն ու վարչական պատժամիջոցները չեն կանխում նման գործարքների շարունակությունը, վերահսկողության համակարգի արդյունավետությունը լուրջ քննարկման առարկա է դառնում։
Առանձին հարց է նաև իրավապահ մարմինների արձագանքը։ Պետական միջոցների հնարավոր ոչ նպատակային օգտագործման, շահերի բախման և համայնքային գնումների մրցակցային պայմանների խախտման վերաբերյալ ահազանգերը պահանջում են պատշաճ քննություն։ Մինչդեռ, ինչպես պնդում է Յոլյանը, այս դեպքերում քաղաքական ու վարչական արձագանքի փոխարեն ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց խնդիրը բարձրաձայնած պատգամավորը։
Համայնքային բյուջեները ձևավորվում են քաղաքացիների վճարած հարկերից։ Դրանց հաշվին իրականացվող ճանապարհաշինական, գազամատակարարման և այլ ծրագրերը պետք է ծառայեն բնակիչներին, ոչ թե վերածվեն պաշտոնյաների ընտանիքներին պատկանող ընկերությունների եկամտի աղբյուրի։ Իսկ երբ հարյուրավոր միլիոնների պայմանագրերի կողքին ընդամենը մի քանի հարյուր հազար դրամի տուգանք է հայտնվում, օրինաչափ հարց է առաջանում՝ արդյոք գործող պատասխանատվության մեխանիզմները կանխո՞ւմ են շահերի բախումը, թե՞ պարզապես դրա գինն են սահմանում։