Թաղապետից՝ պատգամավոր. սկանդալներով հայտնի Ռոման Համբարձումյանը պատգամավոր է դարձել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորընտիր պատգամավորներից է Ռոման Համբարձումյանը, որի անունը հանրությանը առավել հայտնի դարձավ ոչ թե օրենսդիր նախաձեռնություններով, այլ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում աշխատելու ընթացքում ձևավորված սկանդալային համբավով։

Կարճ պաշտոնավարում, երկար քննադատություններ

Ռոման Համբարձումյանը Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար նշանակվեց 2022 թվականի մարտին։ Մինչ այդ նա ղեկավարել էր «Կիլիկիա» ավտոկայանը, աշխատել «ՀայՓոստ»-ում, «Վեոլիա Ջուր» ընկերությունում և այլ կազմակերպություններում։ Սակայն ընդամենը երկու տարի անց՝ 2024 թվականին, նա հեռացավ թաղապետի պաշտոնից։

Դավիթաշենի բնակիչների շրջանում նրա գործունեությունը բազմիցս դարձել է դժգոհությունների առարկա։ Բնակիչները հրապարակայնորեն քննադատում էին աղբահանության կազմակերպումը, բարեկարգման աշխատանքների որակը, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարության վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։

«Փողոցային կանոններ» և կրակոցներով ավարտված պատմություն

Համբարձումյանի պաշտոնավարման ամենաաղմկահարույց դրվագներից մեկը կապված էր նրա տեղակալ Կորյուն Մխիթարյանի անվան հետ։ 2023 թվականին վերջինիս վրա կրակեցին, և մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջադեպը կապվում էր ոչ թե անձնական հարաբերությունների, այլ նրա պաշտոնեական գործունեության և քաղաքացիների հետ կոշտ ու «փողոցային» հարաբերությունների հետ։

Թեև իրավապահ մարմինները հրապարակայնորեն չեն հաստատել այդ մեկնաբանությունները, փաստն այն է, որ միջադեպը լուրջ հարված հասցրեց Դավիթաշենի վարչական ղեկավարության հեղինակությանը և նոր հարցեր առաջացրեց այն մթնոլորտի վերաբերյալ, որը ձևավորվել էր թաղապետարանում։

30 հազար դոլարի ավանդ և 15 հազար դոլարի ժամացույց

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2023 թվականին գրել էր, որ Ռոման Համբարձումյանը հայտարարագրել է բանկային ավանդ, որը տարեվերջի դրությամբ կազմել է 30 հազար ԱՄՆ դոլար։

Ավելի ուշ հայտնի դարձավ ևս մեկ ուշագրավ հանգամանք. ըստ հայտարարագրի՝ նա դեռևս 2017 թվականին նվեր է ստացել 15 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց։ Սակայն հայտարարագրում չի նշվել, թե ով է այդ նվիրատուն և ինչ առիթով է կատարվել նման թանկարժեք նվերը։

Այս հանգամանքը ինքնին իրավական խախտում չի ապացուցում, սակայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի դեպքում նման թանկարժեք նվերի ծագման և հիմնավորման հարցերը բնականաբար առաջացնում են հանրային հետաքրքրություն։

«Սրբազան պայքարի» օրերին՝ կոչ ճնշումների՞

Ռոման Համբարձումյանի անունը կրկին ակտիվորեն շրջանառվեց «Սրբազան պայքարի» շարժման ընթացքում։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Հավաքեք այդ մարդկանց տվյալները, նկարները… փաստերը, որոնք ունեն աշխատողներ կամ աշխատում են պետական համակարգում և իրենց աշխատողներին բերում են այս հավաքներին»։

Այս գրառումը լայն քննադատության արժանացավ, քանի որ այն ընկալվեց որպես անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ վերահսկողություն և հնարավոր ճնշումներ կազմակերպելու կոչ։ Իշխանության ներկայացուցիչների կողմից նման հրապարակումները հատկապես զգայուն են դիտարկվում խոսքի ազատության և քաղաքական մասնակցության իրավունքների համատեքստում։

Կրթության մասին տեղեկություններ չկան

Հատկանշական է նաև, որ հանրային տիրույթում գրեթե բացակայում են տեղեկություններ Ռոման Համբարձումյանի կրթության վերաբերյալ։ Նրա կենսագրական տվյալներում նշվում են տարբեր աշխատանքային փորձեր, սակայն չի հրապարակվում, թե որ բուհում է սովորել կամ ինչ մասնագիտական կրթություն ունի այն մարդը, որն այժմ պատրաստվում է զբաղվել օրենսդրական գործունեությամբ։

ՔՊ-ի հերթական հակասական ընտրությունը

«Քաղաքացիական պայմանագիրը» վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ իր թիմը ձևավորվում է նոր քաղաքական մշակույթի, հաշվետվողականության և հանրային վստահության սկզբունքներով։ Սակայն Ռոման Համբարձումյանի առաջադրումը և ընտրվելը կրկին հարցականի տակ են դնում այդ հայտարարությունների բովանդակությունը։

Դավիթաշենում կարճ, բայց սկանդալներով ուղեկցված պաշտոնավարում, բնակիչների մշտական դժգոհություններ, աղմկահարույց միջադեպի ստվեր, չպարզաբանված թանկարժեք նվեր և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կոշտ հռետորաբանություն.

այս ամբողջ ֆոնին Ռոման Համբարձումյանը ոչ թե «նոր Հայաստանի» օրինակելի կադրի, այլ իշխանության ներսում ձևավորված հակասական և վիճահարույց նշանակումների հերթական դրսևորումն է։

Այժմ մնում է հասկանալ՝ Ազգային ժողովում նա կփորձի՞ փոխել իր քաղաքական դիմագիծը, թե Դավիթաշենից խորհրդարան տեղափոխվելու է նույն գործելաոճը, որի համար տարիներ շարունակ քննադատվում էր վարչական շրջանում։

armlur.am

Դարի գործարքը, թե՞ կոռուպցիոն սխեմա․ պետական եվ կալանքի տակ գտնվող գույքի վաճառքը Նարեկ Նալբանդյանին

Գրոշներով վաճառված հյուրանոց։ Նախկին վարչապետի առանձնատուն, որն իրացվել է՝ չնայած դրա նկատմամբ դրված կալանքին։ Երկրի խոշորագույն ցեմենտի գործարաններից մեկը, որն անցել է մեկ գործարարի ձեռքը։ Եվ վարչապետ, որը հրապարակավ անիծում է նրա անունը։ Նարեկ Նալբանդյանի պատմությունը մի դետեկտիվ պատմություն է այն մասին, թե ինչպես մի քանի տարվա ընթացքում սուպերմարկետների ցանցի համեստ սեփականատերը դարձավ Հայաստանի ամենաաղմկահարույց ակտիվների գլխավոր ձեռքբերողներից մեկը։ Եվ այն մասին, թե ինչու պաշտոնյաները դրանում կոռուպցիա չեն տեսնում։

Կարդալ ավելին

Ստվերային տոնախմբություն․ ինչպես երկու ընկերություններ առանց մրցույթի ավելի քան 7 միլիարդ դրամ ստացան Երևանի զարդարման համար

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը բացահայտել է մի սխեմա, որի շրջանակում պետական միջոցները զանգվածաբար, շրջանցելով օրենքը, փոխանցվում են երկու փոխկապակցված ընկերությունների։ Նրա գնահատմամբ՝ ծառայությունների իրական արժեքը ստացված գումարների ընդամենը 10–15 տոկոսն է կազմում։ Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության (ՀԱՆ) լրագրողական հետաքննությունն ուսումնասիրել է այս սկանդալի մանրամասները։

Կարդալ ավելին

ORAGIR.NEWS. 1 մլրդ. 450 հազար դրամի վերանորոգում՝ Աննա Հակոբյանի ազգականի ղեկավարած պոլիկլինիկայում

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքում հունիսից մեկնարկել են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Գյումրիի ամենամեծ և ամենահին պոլիկլինիկաներից մեկը հիմնանորոգվում է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի ներդրմամբ։

Կարդալ ավելին

75 միլիոն դրամ՝ մի դռան համար․ Փաշինյանի իշխանության նոր «գլուխգործոցը»

Հայաստանի կառավարությունը 2025 թվականի դեկտեմբերին որոշում է ընդունել, որը, անկախ փորձագետների կարծիքով, պետական միջոցների բացահայտ ոչ նպատակային օգտագործման ցայտուն օրինակ է։ Խոսքը լոնդոնյան «Sam Fogg» պատկերասրահից XII դարի դռան փեղկ ձեռք բերելու մասին է։ Գործարքի արժեքը՝ ներառյալ առաքումը, կազմել է 175 մլն 360 հազար դրամ՝ մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար։

Կարդալ ավելին

Հանրային Տրիբունալ․Պետական տեռոր՝ ժողովրդավարության մասին փաշինյանական դասերը

Հայաստանում՝ մի երկրում, որն իշխանությունների շուրթերով 2018 թվականից ի վեր հպարտորեն իրեն հռչակում է «ժողովրդավարության բաստիոն», այսօր քաղբանտարկյալների թիվը հասնում է 248 -ի։ Իրավապաշտպանները ահազանգում են, միջազգային դիտորդները խոսում են «քաղաքական բռնաճնշումների» և «ավտորիտար միտումների» մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին երդվում էր, թե «թավշյա հեղափոխությամբ» Հայաստանում սկսվել է օրենքի գերակայության դարաշրջանը, այսօր առավոտից երեկո հրահանգներ է տալիս՝ հաջորդը ում պետք է ձերբակալել։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև