Միքայել Մինասյան․ հեռակա դատավճիռը՝ որպես Հայաստանի պետական համակարգի հայելի

2024 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանի դատարանը որոշում կայացրեց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու մասին։ Առիթը առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներն Էին։ Սակայն իրավական չոր ձևակերպումների հետևում թաքնված է սխեմա, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել 2000-ականների վերջի և 2010-ականների սկզբի Հայաստանի իշխանության գործելակերպի մեխանիզմների մասին։
Ինչպես վաճառվեց «Ձորա ՀԷԿ»-ը
Այս պատմության ելակետը 2010 թվականն է։ Պետական սեփականության մեջ էր «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ն՝ հիդրոէլեկտրակայան, որի շուկայական արժեքը գնահատվում էր 4 միլիարդ 646 միլիոն 400 հազար դրամ՝ այն ժամանակվա փոխարժեքով մոտ 9 միլիոն դոլար։
2010 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշակեց կառավարության գաղտնի որոշման նախագիծ։ Փաստաթղթով առաջարկվում էր գերատեսչությանը թույլատրել խոշոր գործարք՝ պետական գույքը 3 միլիարդ 600 միլիոն դրամով վաճառելու համար։ Գնորդը «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն էր։
Շուկայական արժեքի և վաճառքի գնի տարբերությունը կազմեց ավելի քան 1 միլիարդ դրամ։ Այսինքն՝ պետությանը հասցված ուղղակի վնաս։
Ո՞վ էր կանգնած գնորդի հետևում
«Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն հիմնադրվել էր 2010 թվականի հոկտեմբերի 27-ին՝ գործարքից ընդամենը երկու ամիս առաջ։ Հիմնադիրներն էին Մինասյանի հետ փոխկապակցված Ա.Պ.-ն և Լ.Ա.-ն, որոնք գործում էին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունների միջոցով։
Քննության վարկածի համաձայն՝ «Ձորագետ Հիդրո»-ի իրական շահառուն Միքայել Մինասյանն էր։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը (2008–2012), իսկ այնուհետև նշանակվել էր Վատիկանում Հայաստանի դեսպան (2013–2018)։
Օրենսդրությունն արգելում էր պետական պաշտոնյաներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Սակայն, ըստ քննության, Մինասյանը մինչև 2016 թվականը մասնակցել է ընկերության կառավարմանը՝ ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով։
Ինչպես ՀԷԿ-ը դարձավ «փոքր»
Սակայն ՀԷԿ-ը ցածր գնով վաճառելը սխեմայի միայն մի մասն էր։ Ընկերությանը գերշահույթ ապահովելու համար կառավարությունը 2011 թվականին որոշում ընդունեց, որը փոխեց խաղի կանոններն ամբողջ ոլորտի համար։
Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված էր 10 ՄՎտ հզորության շեմ։ Կառավարությունը, սակայն, այդ շեմը բարձրացրեց մինչև 30 ՄՎտ։ Արդյունքում 26,4 ՄՎտ հզորություն ունեցող «Ձորագետ Հիդրո» ՀԷԿ-ը՝ ըստ էության խոշոր կայան, հայտնվեց փոքր ՀԷԿ-երի ցանկում և ստացավ հարկային արտոնություններից ու արտոնյալ սակագներից օգտվելու հնարավորություն։
Այնուհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոխեց էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման մեթոդաբանությունը։ Արդյունքում 2012–2016 թվականներին ընկերությունը սպառողներից լրացուցիչ հավաքագրեց ավելի քան 3,7 միլիարդ դրամ։
Այդ գումարը գանձվել է ֆիզիկական և իրավաբանական անձանցից՝ փաստորեն յուրաքանչյուրից, ով վճարում էր էլեկտրաէներգիայի համար։
Շահաբաժիններ և փողերի լվացում
Ըստ քննության տվյալների՝ Մինասյանը թաքցրել է «Ձորագետ Հիդրո»-ի բաժնետոմսերի 30 տոկոսի իրական շահառու լինելու հանգամանքը։ 2011–2016 թվականներին նա ստացել է ավելի քան 1,1 միլիարդ դրամի շահաբաժին։
Այդ գումարից նա որոշել է օրինականացնել 333 միլիոն 861 հազար 167 դրամը։ Մեղադրանքի պնդմամբ՝ կիրառված մեխանիզմը դասական էր. Մինասյանը «կեղտոտ» միջոցները խառնել է իր այլ եկամուտների հետ, այնուհետև դրանք անցկացրել տարբեր քաղաքացիաիրավական և բանկային գործարքների միջով՝ դրանց տալով օրինական ծագման տեսք։
2023 թվականի օգոստոսի 24-ին Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում՝ առանձնապես խոշոր չափերով։
Այլ դրվագներ
«Ձորա ՀԷԿ»-ի գործը միակը չէ։ 2025 թվականի մայիսին դատախազությունը դատարան է ուղարկել ևս մեկ քրեական գործ, որում Մինասյանը հանդես է գալիս հանցակիցների հետ նախնական համաձայնությամբ գործելու մեղադրանքով։
Քննությամբ պարզվել է, որ փաստացի ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող՝ իրենց վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների միջոցով Մինասյանը և նրա գործընկերները 2010–2017 թվականներին օրինականացրել են 24 միլիոն 798 հազար եվրո։
Մեղադրանքի համաձայն՝ այդ միջոցներն օգտագործվել են ակտիվներ ձեռք բերելու համար, այդ թվում՝ «Շանթ» հեռուստաընկերության բաժնետոմսերի 48 տոկոսը։
Այսպիսով
Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատական քննությունը դարձավ քրեական հետապնդման տրամաբանական շարունակությունը։ Թվերն ինքնին խոսուն են՝ ՀԷԿ-ի վաճառքի ժամանակ ավելի քան 1 միլիարդ դրամի նվազեցված գին, ուռճացված սակագների արդյունքում ստացված 3,7 միլիարդ դրամի գերշահույթ, միայն մեկ դրվագով ավելի քան 333 միլիոն դրամի օրինականացված միջոցներ, իսկ մեկ այլ գործով՝ գրեթե 25 միլիոն եվրո։
Սակայն այս գործընթացի վրա ստվեր է գցում ոչ միայն դրա հեռակա լինելու հանգամանքը։ 2020 թվականին Մինասյանը հրապարակայնորեն հայտարարել էր, որ տարիներ շարունակ գնել է «Հայկական ժամանակ» թերթի չիրացված տպաքանակները, որի գլխավոր խմբագիրն այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր։ Նրա խոսքով՝ դա հարկադրված քայլ էր. լրագրող Հայկ Գևորգյանն իրեն առաջարկել էր գործարք՝ տպաքանակը գնելու դիմաց դադարեցնել Մինասյանի ընտանիքի մասին հրապարակումները։
Փաշինյանը 2026 թվականի հունվարին հերքեց այդ վարկածը՝ պնդելով, որ գումար չի ստացել թերթը, այլ, ընդհակառակը, «Հայկական ժամանակն» ինքն է վճարել իր դիստրիբյուտորներին, և դա հաստատվում է հաշվապահական փաստաթղթերով։ Պատգամավոր Հայկ Գևորգյանն էլ կտրականապես հերքեց Մինասյանի մեղադրանքները՝ հայտարարելով, որ թերթը չվաճառված տպաքանակների վերադարձի հետ կապված խնդիրներ չի ունեցել։
Մինասյանի դեմ քրեական գործը հարուցվել է 2023 թվականին՝ թերթի ֆինանսավորման վերաբերյալ նրա հայտարարություններից երեք տարի անց և Փաշինյանի իշխանության գալուց հինգ տարի անց։
Այսօր, երբ Մինասյանը գտնվում է Հայաստանից դուրս, իսկ նրա գործը քննվում է հեռակա կարգով, ավելի ու ավելի շատ հիմքեր են առաջանում այս գործընթացի մեջ տեսնելու ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքար, որքան նախկին «հովանավորի» և գործող վարչապետի հարաբերությունների պատմությունը վերաշարադրելու փորձ։
Որովհետև, ըստ էության, ստացվում է, որ հենց Փաշինյանը տարիներ շարունակ եկամուտ է ստացել այն միջոցներից, որոնք այժմ քննությունը որակում է որպես հանցավոր։ Խոսքը Մինասյանի՝ պաշտոնական բարձր դիրքը զբաղեցնելու տարիներին ապօրինի ձեռնարկատիրական սխեմաներից ստացած միջոցների մասին է։
Եվ եթե Մինասյանի վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա այն գումարները, որոնք նա փոխանցում էր Փաշինյանի թերթի գործունեությունն ապահովելու համար, այն նույն «կեղտոտ» եկամուտների մի մասն էին, որոնց համար այսօր նախկին դեսպանին հեռակա կարգով դատում են։