Էդգար Ղազարյանը քպ-ի թեկնածուին հիշեցրեց 100 մլն դոլարի, «Եվրոասֆալտի» եվ Իշխան Զաքարյանի պատմությունները

Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Քաղաքացիական պայմանագրի առաջադրած Կարեն Առուստամյանի թեկնածության քննարկման ժամանակ պատգամավոր Էդգար Ղազարյանը կոշտ քննադատության է ենթարկել իշխանությունների կադրային քաղաքականությունը՝ հիշատակելով մի շարք աղմկահարույց պատմություններ, որոնք, նրա գնահատմամբ, պետք է հետաքրքրեն պետական ֆինանսների վերահսկողության համար պատասխանատու կառույցին։
Ղազարյանը նախ հիշեցրել է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մինչև 2018 թվականը եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք զբաղեցրել է նաև ֆինանսների նախարարի պաշտոնը։ Պատգամավորն առանձնացրել է 44-օրյա պատերազմի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակություններից պետական բյուջե փոխանցված 100 միլիոն դոլարի պատմությունը։ Ջանջուղազյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ծախսերի նպատակը բացատրել էր պետական բյուջեով նախատեսված ծախսերով։ Ղազարյանի գնահատմամբ՝ իշխանությունը նրան այժմ նշանակել է հենց այն կառույցի ղեկավար, որը պետք է վերահսկի պետական միջոցների օգտագործումը։
Անդրադառնալով Կարեն Առուստամյանին՝ պատգամավորը հիշատակել է նրա համագործակցությունը Իշխան Զաքարյանի հետ՝ Համահայկական խաղերի կազմակերպման շրջանակում։ Ղազարյանը նշել է, որ այդ աշխատանքի համար Առուստամյանն արժանացել էր Սերժ Սարգսյանի շնորհակալագրին։ Նա նաև հիշեցրել է Զաքարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազության հետ համագործակցության մասին՝ պնդելով, որ ՔՊ-ն պատրաստ է գործակցել նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ, երբ նրանք աջակցում են իր քաղաքական օրակարգին։
Ելույթի ընթացքում Ղազարյանը հիշատակել է նաև «Եվրոասֆալտ» ընկերության պատմությունը։ Նրա խոսքով՝ ընկերությունը հիմնադրել էին երկու կենսաթոշակային տարիքի կանայք, իսկ տնօրեն էր նշանակվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։ Հետագայում ընկերությունը պետական պատվերների խոշոր շահառուներից էր դարձել։ Ղազարյանը նշել է, որ այդ պատմության մասին հրապարակային խոսելուց հետո Ալեն Սիմոնյանն իրեն դատի է տվել, և դատարանը իրեն մեղավոր է ճանաչել։
Պատգամավորը հայտարարել է, որ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում իրենք առաջարկել էին Տարոն Վարազդատյանի թեկնածությունը, սակայն ՔՊ-ի պատգամավորները նախապատվությունը տվել են Կարեն Առուստամյանին։ Ղազարյանի համոզմամբ՝ իշխանության հետ քաղաքական համագործակցությունը կարող է խանգարել վերահսկողական մարմնի անկախ աշխատանքին։
Ելույթի ավարտին նա քննադատել է Առուստամյանին՝ իր մասնագիտական կենսագրությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կապելու համար՝ հաշվի առնելով նաև նրա արցախյան ծագումը։
«Ցավում եմ ձեզ համար և ձեզ հաջողություններ չեմ մաղթում»,– եզրափակել է Ղազարյանը։