Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Գևորգյանի մահը, սակայն, առիթ է խոսելու շատ ավելի խորքային խնդրի մասին։ Վերջին տարիների վիճակագրությունը, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներն ու լրագրողական հետաքննությունները վկայում են, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում լուրջ խնդիրներ կան մահվան դեպքերի կանխարգելման, բուժօգնության կազմակերպման, հոգեկան առողջության պահպանման և ինքնասպանության ռիսկերի գնահատման հարցերում։ Խոսքը միայն ինքնասպանությունների մասին չէ. կալանավայրերում և բանտերում արձանագրվում են ինքնասպանության բազմաթիվ փորձեր ու ինքնավնասման դեպքեր, որոնց մի մասը կրկնվում է՝ չնայած նախկինում հնչած ահազանգերին։

Մահացության պատկերը. ի՞նչ է ցույց տալիս վերջին հինգ տարվա վիճակագրությունը

Պետական մարմինների և միջազգային կառույցների հրապարակած տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին քրեակատարողական համակարգում մահերի թիվը զգալիորեն տատանվել է։ Առանձնապես մտահոգիչ է 2025 թվականի պատկերը. մեկ տարվա ընթացքում մահերի թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։

Աղբյուրներ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ 2021 թվականի զեկույցը, Hetq, 2026 թ. փետրվարի 12։

Այս թվերը ցույց են տալիս, որ խնդիրը նոր չէ։ 2021 թվականին անազատության մեջ գտնվող 13 մարդ է մահացել, որոնցից երեքը՝ ինքնասպանության հետևանքով։ 2022-ին մահերի թիվը հասել է 18-ի. գրանցվել է երեք ինքնասպանություն և մեկ սպանություն։ 2023-ին մահացել է 16 մարդ, այդ թվում՝ ինքնասպանության երկու դեպք։

2024 թվականին մահվան 12 դեպք է արձանագրվել։ Դրանք բոլորը պաշտոնական վիճակագրությամբ դասակարգվել են որպես բնական պատճառներով մահեր։ Սակայն հաջորդ տարի պատկերը կտրուկ փոխվել է. մահերի թիվը հասել է 24-ի, ընդ որում՝ ութ մարդ ինքնասպանություն է գործել։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ 2025 թվականին ինքնասպանությունների թիվը վերջին 15 տարվա ամենաբարձր ցուցանիշն էր։ Համեմատության համար՝ 2011 և 2016 թվականներին քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության յոթական դեպք էր գրանցվել։

Նոյեմբերի 10-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ հայտնել է, որ 2026 թվականի սկզբից քրեակատարողական հիմնարկներում մահվան ևս չորս դեպք է արձանագրվել։ Նրա խոսքով՝ 2025 թվականին մահացածների թիվը գերազանցել է 20-ը։ Այսինքն՝ մահվան դեպքերը շարունակվում են նաև ընթացիկ տարում։

2025 թվականի առաջին հինգ ամիսներին՝ հինգ ինքնասպանություն

Առանձնապես խոսուն է 2025 թվականի առաջին հինգ ամիսների վիճակագրությունը։ Ըստ Քրեակատարողական ծառայության տվյալների, որոնք ուսումնասիրել է Hetq-ը, մինչև մայիսի 19-ը քրեակատարողական համակարգի պատասխանատվության ներքո գտնվող 13 մարդ է մահացել։ Նրանցից հինգի մահվան պատճառը ինքնասպանությունն է եղել, մյուս ութ դեպքը դասակարգվել է որպես բնական մահ։

Մահացածներից չորսը գտնվել են քաղաքացիական բժշկական հաստատություններում, ինը՝ անմիջապես քրեակատարողական հիմնարկներում։

Ինքնասպանության դեպքերն արձանագրվել են տարբեր հիմնարկներում.

  • Հունվարի 10-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացել է 1997 թվականին ծնված կալանավորված անձը։
  • Հունվարի 17-ին «Արմավիրում»՝ 1982 թվականին ծնված դատապարտյալը։
  • Հունվարի 28-ին Դատապարտյալների հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում մահացել է 1990 թվականին ծնված դատապարտյալը։
  • Մարտի 17-ին «Արթիկում» մահացել է 1976 թվականին ծնված կալանավորված անձը։
  • Ապրիլի 20-ին «Նուբարաշենում» մահացել է 1973 թվականին ծնված դատապարտյալը։

Մահացածներից երկուսը պահվել են մենախցերում։ Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել հենց այն բուժհաստատության հոգեբուժական բաժանմունքում, որը նախատեսված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտյալների բուժման համար։

Այս տվյալները ներկայացված են Hetq-ի՝ 2025 թվականի մայիսի 29-ի հրապարակման մեջ։

Տարվա առաջին հինգ ամիսներին գրանցված հինգ ինքնասպանությունն ամբողջ տարվա ընթացքում արձանագրված ութ դեպքերի զգալի մասն է։ Տարեվերջի տվյալներով՝ 2025 թվականն ինքնասպանությունների թվով վերջին 15 տարվա վատագույն ցուցանիշն է ունեցել։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատազրկվածներ. ահազանգեր, որոնց հետևից գործողություններ չեն հաջորդել

Առանձնակի մտահոգություն են առաջացնում այն դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը նախապես տեղյակ են եղել ազատազրկվածների հոգեկան խանգարումների, ինքնասպանության նախկին փորձերի և պարբերաբար կրկնվող ինքնավնասումների մասին։

2022 թվականի փետրվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է Կ. Ա.-ի մարմինը։ Տղամարդը 1981 թվականին էր ծնվել։ Քրեակատարողական ծառայության հաղորդագրության համաձայն՝ նա պարբերաբար ինքնավնասումներ էր կատարում, իսկ դեռևս 2020 թվականին ինքնասպանության փորձ էր արել։ Ուներ մի շարք քրոնիկ հիվանդություններ և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբույժի հսկողության ներքո։

Այնուամենայնիվ, 2022 թվականի փետրվարի 21-ին տղամարդը մահացել է կալանավայրում։

Աղբյուր՝ NEWS.am, 2022 թ. փետրվարի 22։

Մեկ այլ դեպք տեղի է ունեցել 2023 թվականին՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Օգոստոսի 24-ին հոգեբույժը զննել է դատապարտյալներից մեկին և նրա մոտ ախտորոշել օրգանական անձնային խանգարում՝ թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված բարդացմամբ։ Բժիշկը խորհուրդ է տվել ստացիոնար բուժում։ Օգոստոսի 28-ին տղամարդուն տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունք։

Սեպտեմբերի 1-ին, սակայն, նա հրաժարվել է հետագա բուժումից և պահանջել դուրս գրվել հիվանդանոցից։ Նրան վերադարձրել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Հաջորդ օրը դատապարտյալն ինքնասպանություն է գործել։

Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի զեկույցում արձանագրվել է, որ տղամարդու՝ ստացիոնար բուժումից հրաժարվելուց հետո հարկադիր բուժման ընթացակարգ չի նախաձեռնվել, իսկ ինքնասպանության ռիսկը պատշաճ կերպով չի գնահատվել։

Նույն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, 2023 թվականի հունիսի 21-ին ինքնասպանության մեկ այլ դեպք է գրանցվել։ Մորը սպանելու համար դատապարտված անձը մյուս դատապարտյալների կողմից մերժված վերաբերմունքի էր արժանացել։ Բանտային դիտորդների տեղեկություններով՝ քրեական ենթամշակույթի չգրված կանոններն ու աստիճանակարգը խոչընդոտել են նրան որևէ խցային հատվածում տեղավորելուն։ Արդյունքում տղամարդը երկու ամսից ավելի պահվել է առանձին խցում, ապա ինքնասպանություն գործել։

ԱՄՆ Պետդեպարտամենտն այս դեպքն ընդգրկել է մարդու իրավունքների վերաբերյալ 2023 թվականի զեկույցում՝ նշելով ինքնասպանության հնարավոր կապը բանտային քրեական աստիճանակարգի և դատապարտյալի մեկուսացման հետ։

Աղբյուր՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 թվականի զեկույցը։

Ութ մատ կտրած դատապարտյալը. ինքնավնասումների մասին ահազանգերն անարձագանք են մնացել

2026 թվականի հուլիսին Hetq-ը հետաքննություն է հրապարակել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների դեպքերի մասին։

Ներկայացված պատմություններից մեկը վերաբերում է «Արմավիրում» պահվող դատապարտյալին, որն ավելի ուշ ինքնասպանություն է գործել։ Տղամարդը երկար ժամանակ մեկուսացված է եղել, ունեցել է հոգեկան առողջության լուրջ խնդիրներ և բազմիցս ինքնավնասումներ կատարել։ Հասարակական դիտորդական խմբի անդամ Շուշան Խնկոյանի խոսքով՝ նա կտրել էր իր ութ մատը։

Դիտորդները բազմիցս դիմել են պետական մարմիններին՝ պահանջելով դատապարտյալին ապահովել անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնությամբ։ Սակայն, Խնկոյանի փոխանցմամբ, այդ ահազանգերը պատշաճ արձագանք չեն ստացել, և տղամարդն այդպես էլ անհրաժեշտ աջակցությունը չի ստացել։

Hetq-ի նույն հետաքննության մեջ ներկայացված են նաև դատապարտյալների ռենտգենյան նկարներ, որոնցում երևում են նրանց կուլ տված մեխերը, պտուտակները, ջերմաչափերն ու այլ առարկաները։ Քրեակատարողական բժշկական ստորաբաժանման ռենտգենաբան Անահիտ Գրիգորյանը լրագրողներին ցույց է տվել դատապարտյալների օրգանիզմում հայտնաբերված օտար մարմինների պատկերները։

2025 թվականին ինքնավնասումներ է կատարել 183 մարդ։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է 617 նման դեպք։ 2024-ին ինքնավնասում կատարած անձանց թիվը 205 էր, իսկ դեպքերինը՝ 626։

Այսինքն՝ ինքնավնասումների դիմած մարդկանց թիվը նվազել է, բայց նման դեպքերի ընդհանուր քանակը գրեթե չի փոխվել։ Պատկերն ինքնին խոսուն է. միևնույն մարդիկ բազմիցս վնասել են իրենց, իսկ կանխարգելման և աջակցության միջոցները չեն կարողացել կասեցնել այդ կրկնվող վարքը։

Աղբյուր՝ Hetq-ի հետաքննությունը՝ 2026 թվականի հուլիսի 23։

Բժշկական օգնության անբավարարության մասին են վկայում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալները։

Human Rights Watch-ի հաղորդմամբ՝ 2025 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանի տասը քրեակատարողական հիմնարկներից իննում պահվում էր հոգեսոցիալական խնդիրներ ունեցող 261 մարդ։

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ նրանցից շատերը գրեթե չէին ստանում հոգեբանական աջակցություն կամ ընդհանրապես զրկված էին դրանից։ Բուժումը հաճախ սահմանափակվում էր դեղորայք նշանակելով։ Խնդիրների թվում նշվում են հոգեբույժների և հոգեբանների պակասը, անձնակազմի ոչ բավարար պատրաստվածությունն ու դատապարտյալների անհատական ուղեկցման բացակայությունը։

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանություն է գործել վեց մարդ։ Ըստ HRW-ի՝ զոհերի մեծ մասն ունեցել է հոգեսոցիալական խնդիրներ։

Կազմակերպությունը նաև փոխանցել է ՄԻՊ աշխատակազմի գնահատականը, ըստ որի՝ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների դեպքերով քննությունները արդյունավետ չեն եղել։

Աղբյուր՝ Human Rights Watch, World Report 2026. Armenia։

Բժշկական սպասարկման խնդիրների մասին է բարձրաձայնում նաև հասարակական դիտորդական խմբի անդամ Շուշան Խնկոյանը։ Նրա խոսքով՝ 2025 թվականին դիտորդական խմբին հասած ահազանգերի մեծ մասը վերաբերել է հենց բժշկական օգնությանը։ Եղել են դեպքեր, երբ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ շարունակել են մնալ քրեակատարողական հիմնարկներում, թեև նրանց անհրաժեշտ է եղել բուժում այդ հիմնարկներից դուրս։

Լուրջ խոչընդոտ են դարձել նաև բյուրոկրատական քաշքշուկները, որոնց պատճառով անհրաժեշտ բժշկական օգնությունը ժամանակին չի կազմակերպվել։

2025 թվականի հոկտեմբերին փակվել է առանձին գործող «Դատապարտյալների հիվանդանոցը», իսկ դատապարտյալների բժշկական սպասարկումը սկսել են տեղափոխել «Արմավիրի» տարածքում ստեղծված նոր ստորաբաժանում։ Սակայն կազմակերպական կառուցվածքի փոփոխությունն ինքնին չի լուծել դատապարտյալներին լիարժեք բուժօգնություն ապահովելու խնդիրը։

Աղբյուր՝ Hetq, 2026 թվականի փետրվար։

Կանխարգելման կանոնակարգը կա. իսկ գործո՞ւմ է այն

Հայաստանում ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատման կարգ սահմանված է։ Կառավարության՝ 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ նախատեսվում է, որ քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված անձի ռիսկը պետք է գնահատվի անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։

Միջին կամ բարձր ռիսկ հայտնաբերելու դեպքում հաջորդ 48 ժամվա ընթացքում հոգեբանը, իսկ նրա բացակայության պարագայում՝ սոցիալական աշխատողը, պետք է իրականացնի խորացված գնահատում։ Կանոնակարգը նախատեսում է նաև կանխարգելիչ միջոցառումների ծրագրի մշակում և անհրաժեշտ մասնագետների ներգրավում։

Այսպիսով, համապատասխան կարգը կա, ժամկետները սահմանված են, պատասխանատուները՝ նշանակված։ Բայց ՄԻՊ-ի զեկույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունների հրապարակումները ցույց են տալիս, որ թղթի վրա ամրագրված ընթացակարգերը դեռևս չեն ապահովում վտանգավոր վիճակում հայտնված մարդկանց ժամանակին բացահայտումն ու անհրաժեշտ օգնության տրամադրումը։

Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի զեկույցում առանձին անդրադարձ է կատարվել ինքնասպանության ռիսկի գնահատման, հոգեբուժական բուժման կազմակերպման և երկարատև մեկուսացման խնդիրներին։ Ներկայացված են դեպքեր, երբ դատապարտյալները ամիսներով, նույնիսկ տարիներով պահվել են մյուսներից մեկուսացված՝ առանց այդ որոշումների անհրաժեշտ ու ժամանակին վերանայման։

Դեպքերից մեկում դատապարտյալն ավելի քան մեկ տարի պահվել է մենախցում, ընդ որում՝ մեկուսացված պահելու որոշումը պատշաճ կերպով չի վերանայվել։ Մեկ այլ դեպքում անձը շուրջ երեք տարի պահվել է մեկուսացված, թեև վարչակազմը նման ռեժիմի անհրաժեշտությունը հիմնավորող բավարար փաստաթղթեր չի ներկայացրել։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ մեկուսացումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում և հնարավորինս կարճ ժամանակով։ Երկարատև մենախցային պահումը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու հոգեկան առողջությանը։

Աղբյուր՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան զեկույցը։

Մահվան դեպքերի քննություններ. իսկ ո՞ւր են արդյունքները

Քրեակատարողական հիմնարկում մարդու մահից հետո պետական մարմինները սովորաբար հայտնում են քրեական վարույթ նախաձեռնելու և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Սակայն քրեական վարույթ հարուցելու փաստը դեռ չի նշանակում, որ մահվան հանգամանքները լիարժեք պարզվել են, հնարավոր խախտումները բացահայտվել են, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվել։

2025 թվականի մայիսին Hetq-ը, հղում անելով Քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալ Ռաֆայել Հարությունյանին, գրել էր, որ մահվան յուրաքանչյուր դեպքով նյութեր են նախապատրաստվում, նախաձեռնվում է քրեական վարույթ և նշանակվում դատաբժշկական փորձաքննություն։

Նույն հրապարակման մեջ լրագրողներն ուշադրություն էին հրավիրել նախորդ տարիներին տեղի ունեցած մահերի գործերով քննությունների արդյունքների հրապարակայնության բացակայությանը։ Դիտորդների ներկայացրած տեղեկություններով՝ քննությունները հաճախ ավարտվում են՝ առանց ինքնասպանության պատճառների և դրան նախորդած հանգամանքների լիարժեք բացահայտման։

Human Rights Watch-ն էլ փոխանցել է ՄԻՊ աշխատակազմի գնահատականը, ըստ որի՝ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների դեպքերով քննություններն արդյունավետ չեն եղել։

2026 թվականի մայիսին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է առանձին զեկույց՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արգելքի պահպանման վերաբերյալ։ Ուսումնասիրելով քրեական գործերի քննության բազմամյա փորձը՝ կազմակերպությունն արձանագրել է, որ ազատազրկման վայրերում տեղի ունեցած մահերի, հատկապես ինքնասպանությունների դեպքերի քննությունները հաճախ մակերեսային բնույթ են կրում։ Ըստ կազմակերպության՝ նման գործելակերպը նպաստում է անպատժելիությանը և խախտումների կրկնությանը։

Աղբյուր՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցը, 2026 թ. մայիսի 14։

Այս զեկույցներն ընդգծում են, որ յուրաքանչյուր մահվան դեպքի քննությունը չի կարող սահմանափակվել միայն մահվան անմիջական բժշկական պատճառը պարզելով։ Պետք է պարզել՝ արդյոք պարբերաբար բժշկական զննումներ իրականացվե՞լ են, վարչակազմը տեղյա՞կ է եղել ինքնասպանության նախկին փորձերի մասին, հոգեբանական օգնություն տրամադրվե՞լ է, ո՞վ է որոշել անձին մեկուսացնել, և ինչպե՞ս են արձագանքել հասարակական դիտորդների ահազանգերին։

Ո՞վ է պատասխանատու անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի համար

Վերջին տարիների տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի քրեակատարողական համակարգում մահացության խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ 2025 թվականին արձանագրվել է 24 մահ, այդ թվում՝ ութ ինքնասպանություն։ Դրանց գումարվում են ինքնասպանության 46 փորձն ու ինքնավնասման 617 դեպքը։ Այս թվերը վկայում են անազատության մեջ գտնվող մարդկանց մի մասի ծանր վիճակի մասին։

Միևնույն ժամանակ ՄԻՊ-ի և անկախ կազմակերպությունների զեկույցներում պարբերաբար բարձրաձայնվել են նույն խնդիրները՝ բժշկական մասնագետների պակաս, հոգեբուժական և հոգեբանական օգնության անբավարարություն, երկարատև մեկուսացում, ինքնասպանությունների կանխարգելման թերություններ և անարդյունավետ քննություններ։

Արդարադատության նախարարությունն ու Քրեակատարողական ծառայությունն իրավասու են լուծելու այս խնդիրները։ Հենց այդ կառույցների պարտականությունն է ապահովել անազատության մեջ գտնվող մարդկանց անվտանգությունը, բուժօգնությունն ու իրավունքների պաշտպանությունը։

Անհրաժեշտ է հրապարակել 2021-2026 թվականներին արձանագրված մահվան դեպքերի ամբողջական վիճակագրությունը՝ առանձին ներկայացնելով յուրաքանչյուր հիմնարկի տվյալները, մահվան պատճառները, մահացածների կարգավիճակն ու հարուցված քրեական վարույթների արդյունքները։ Հատուկ ուշադրության պետք է արժանանան այն գործերը, որոնցում մահվանը նախորդել են ինքնասպանության կրկնվող փորձեր, ծանր ինքնավնասումներ կամ հոգեկան խանգարումներ։

Իշխանությունները պետք է նաև հաշվետվություն ներկայացնեն Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների կատարման վերաբերյալ, ապահովեն բժշկական սպասարկման նկատմամբ անկախ վերահսկողություն և բացատրեն, թե ինչու են դիտորդների բազմաթիվ ահազանգերից հետո շարունակում մահվան դեպքեր արձանագրվել։

Ազատազրկումը մարդուն չի զրկում կյանքի և բժշկական օգնության իրավունքից։ Մարդուն կալանավայր կամ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով՝ պետությունն իր վրա է վերցնում նրա անվտանգության պատասխանատվությունը։ Հետևաբար մեկ տարվա ընթացքում արձանագրված 24 մահը պարզապես գերատեսչական վիճակագրության հերթական տողը չէ։ Դրանց հետևում 24 մարդկային կյանք է, և յուրաքանչյուր մահվան հանգամանքները պահանջում են լիարժեք քննություն ու հստակ պատասխան՝ արվե՞լ է արդյոք ամեն ինչ այդ մարդկանց կյանքը փրկելու համար։

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև