«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։ Ինչպես գրում է Oragir.am-ը, պաշտոնը ստանձնելու պահին Իսրայելյանը հայտարարագրել է 20 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, սակայն նույն տարվա ավարտին դրանք արդեն բացակայում են հայտարարագրից։ Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, զարդերի վաճառքի կամ այլ եղանակով օտարման մասին տեղեկություն նույնպես չկա։
Oragir.am-ը ուշադրություն է հրավիրում նաև փոխթաղապետի կնոջ՝ Սոնա Ղահրամանյանի ձեռնարկատիրական գործունեության վրա։ Հրապարակման համաձայն՝ նա անհատ ձեռնարկատեր է գրանցվել 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, իսկ մինչև տարեվերջ՝ ընդամենը երկուսուկես ամսվա ընթացքում, ստացել է 3 միլիոն դրամ եկամուտ։ Այսինքն՝ նրա ամսական միջին եկամուտը կազմել է ավելի քան մեկ միլիոն դրամ։
Այս տվյալները մի շարք պարզաբանումների անհրաժեշտություն են առաջացնում։ Ի՞նչ է պատահել 20 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդերին, ինչո՞ւ դրանց իրացման մասին տեղեկություն չկա, և ի՞նչ գործունեության շնորհիվ է նոր գրանցված ԱՁ-ն այդքան կարճ ժամանակում նման եկամուտ ապահովել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է փնտրել ոչ թե ենթադրությունների, այլ հայտարարագրերի և համապատասխան փաստաթղթերի մեջ։