«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։
Ինչպես հայտնում է «Հրապարակ» օրաթերթը, խմբագրություն են դիմել Երևանի հանրային սննդի մի քանի օբյեկտների սեփականատերեր, որոնք վերջին շրջանում սկսել են զանգվածաբար տուգանքների վերաբերյալ ծանուցումներ ստանալ։ Տուգանքների պաշտոնական հիմքը, իբր, կեսգիշերից հետո աշխատելն է՝ առանց համապատասխան ծանուցման, որն անհրաժեշտ է հարկման այլ ռեժիմի անցնելու համար։ Գիշերային ժամերին աշխատող հանրային սննդի օբյեկտների համար, իսկապես, հարկման հատուկ կարգ է սահմանված։ Սակայն ձեռնարկատերերը պնդում են, որ իրենց մոտ գիշերային աշխատանք երբեք չի եղել. Տնտեսվարողները սննդի կետերը փակվել են ոչ ուշ, քան երեկոյան ժամը ութին։
Տուգանքների չափը կազմում է 200-300 հազար դրամ։ Խոշոր առևտրային ցանցի համար դա, թերևս, մանրուք է, որը հաշվապահությունը կարող է պարզապես ներառել ընթացիկ ծախսերի մեջ։ Իսկ փոքր ընտանեկան բիզնեսի համար այդ գումարը լուրջ հարված է, որը կարող է զրոյացնել մի քանի շաբաթվա աշխատանքի ամբողջ շահույթը։ Խոսքը ձեռնարկությունների մասին է, որոնք ո՛չ իրավաբանական բաժիններ ունեն, ո՛չ էլ փաստաբանների հաստիքային աշխատակազմ, առավել ևս՝ պետական կառույցների դեմ տարիներով դատական քաշքշուկների մեջ մտնելու ֆինանսական հնարավորություն։
Հատկանշական է նաև, թե, ձեռնարկատերերի պատմելով, ինչպես է քաղաքապետարանը արձագանքում տուգանքները բողոքարկելու փորձերին։ Ապացույցնե՞ր եք պահանջում։ Համաձա՞յն չեք մեղադրանքի հետ։ Խնդրեմ, դիմեք դատարան։ Չինովնիկական ապարատի համար որքան հարմար դիրքորոշում է. նախ՝ մարդուն հաշիվ ներկայացնել, հետո առաջարկել սեփական միջոցներով ապացուցել, որ ինքը ոչ մի խախտում չի արել։ Մինչդեռ փաստաբանի վարձը կարող է գրեթե հավասարվել տուգանքի չափին։ Ստացվում է վարչարարության գրեթե անթերի թվաբանություն. նույնիսկ եթե ձեռնարկատերը իրավացի է, նա դեռ պետք է վճարի այդ իրավացիությունն ապացուցելու համար։
Ահա այսպիսին է քաղաքային իշխանությունների հոգատարությունը ձեռնարկատիրության նկատմամբ. մի ձեռքով կոչ են անում աշխատատեղեր ստեղծել, հարկեր վճարել ու զարգացնել տնտեսությունը, մյուսով՝ տուգանքներ են նշանակում մի գործունեության համար, որը տնտեսվարողներն ընդհանրապես չեն իրականացրել։ Ընդ որում, որքան փոքր է բիզնեսը, այնքան հեշտ է նրան ներքաշել այս ֆինանսական վիճակախաղի մեջ։ Խոշոր ընկերությունը կարող է իրեն իրավաբաններ պահելու շքեղություն թույլ տալ, իսկ շաուրմայանոցի տերը, ըստ ամենայնի, ստիպված է ընտրություն կատարել փաստաբանի վարձի և միս գնելու միջև։
Ավինյանն, անշուշտ, ավելի լավ գիտի, թե ինչպես կառավարել Երևանը։ Բայց քաղաքային տնտեսությունը թատերաբեմ չէ, իսկ քաղաքապետի պաշտոնը՝ ժողովրդի ծառայի դերակատարում։ Կարելի է աշխատանքային համազգեստ հագնել, տեսախցիկի առաջ գետնից ծխախոտի մնացորդ վերցնել և գեղեցիկ լուսանկարներ ապահովել։ Սակայն եթե քաղաքապետարանի աշխատակազմը փոքր բիզնեսի հետ հարաբերությունները դաձնում է տուգանքների որս, ոչ մի ցուցադրական մաքրություն չի փրկի քաղաքային իշխանությունների հեղինակությունը։ Փողոցներից ծխախոտի մնացորդները հավաքելը դժվար չէ։ Շատ ավելի դժվար է քաղաքապետարանից արմատախիլ անել չինովնիկական այն սովորությունը, ըստ որի՝ ուրիշի գրպանը բյուջեն լցնելու հարմար աղբյուր է։