«Hetq». 46,5 млн դրամ՝ Էջմիածնի 2711-ամյակի տոնակատարություններին․ 6,6 մլն՝ Էրիկին, 4,4 մլն՝ Իվետա Մուկուչյանին

Էջմիածնի 2711-ամյակի տոնակատարությունների ավարտից հետո Վաղարշապատի համայնքապետարանը դեռ չի հրապարակել միջոցառումների կազմակերպման ամբողջական ֆինանսական հաշվետվությունը։ Փոխարենը համայնքապետարանի պաշտոնական կայքում հետին ամսաթվով հայտնվում են առանձին որոշումներ, որոնցից պարզ է դառնում, թե համայնքային բյուջեից որքան գումար է վճարվել երգիչներին, կազմակերպություններին և ծառայություններ մատուցողներին։
«Hetq»-ի ուսումնասիրության համաձայն՝ միայն արդեն հրապարակված պայմանագրերի և վճարումների գումարը կազմում է առնվազն 46 մլն 521 հազար դրամ։ Ընդ որում, սա վերջնական թիվը չէ․ համայնքապետարանը հաստատել է, որ վճարումները դեռ ամբողջությամբ չեն կատարվել։
2026 թվականի հոկտեմբերի 8-ին Էջմիածնի հիմնադրման 2711-ամյակի կապակցությամբ կազմակերպվել էին համերգներ, հրավառություն, փառատոններ, մանկական և ժամանցային ծրագրեր։ Մինչև միջոցառումները հայտնի էր միայն, որ համերգային բեմահարթակի և լուսավորության վարձակալության համար «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ կնքվել էր 24 մլն դրամի պայմանագիր։
Տոնակատարություններից հետո հրապարակված համայնքապետի որոշումներից պարզվել են նաև կատարողների վարձատրության չափերը։ Երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի կազմակերպման համար համայնքային բյուջեից վճարվել է 4 մլն 400 հազար դրամ, իսկ երգիչ Էրիկ Կարապետյանի ելույթի համար «Լայթ Ափ Քոմփանի» ՍՊԸ-ին՝ 6 մլն 600 հազար դրամ։ «Կամիֆրենդս Պրոջեքթ»-ի համերգի կազմակերպումն արժեցել է 2 մլն 500 հազար դրամ, հաղորդավարի ծառայությունը՝ 300 հազար դրամ։
Այսպիսով, միայն բեմահարթակի և լուսավորության վարձակալության պայմանագրի ու համերգային ծառայությունների ընդհանուր արժեքը հասնում է 37 մլն 800 հազար դրամի։
Հրավառության կազմակերպման համար «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ին փոխանցվել է 4 մլն 997 հազար դրամ։
Առանձին գումարներ են հատկացվել նաև մանկական և ժամանցային միջոցառումներին։ Կավճանկարի, պղպջակների շոուի և հեքիաթների հերոսների ծառայությունների համար անհատ ձեռնարկատեր Գոհար Մարտիրոսյանին վճարվել է 220 հազար դրամ, բատուտի համար՝ 100 հազար, ֆոտոնկարահանման համար՝ 160 հազար, հրավիրատոմսերի պատրաստման համար՝ 280 հազար դրամ։
Բիոզուգարանների տեղադրման և սպասարկման ծառայությունն արժեցել է 330 հազար դրամ։ Գեներատորի միջոցով էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու համար անհատ ձեռնարկատեր Կարեն Խաչատրյանին փոխանցվել է 980 հազար դրամ։
Միջոցառումների ձևավորման և կազմակերպչական այլ ծախսերը նույնպես վճարվել են համայնքային բյուջեից։ Կրծքանշանների պատրաստման համար ծախսվել է մոտ 350 հազար դրամ, բաներների համար՝ 491 հազար, դեկորների պատրաստման և տեղադրման համար «Պենո-Դեկոր» ՍՊԸ-ին վճարվել է 995 հազար դրամ։ Էջմիածնի դրոշի գույներով կտորե գործվածքի ձեռքբերումն արժեցել է 308 հազար դրամ։
Տոնակատարությունների լուսաբանման համար անհատ ձեռնարկատեր Արսեն Հակոբջանյանին վճարվել է 700 հազար դրամ, իսկ շոկոլադե բատոնների ձեռքբերման համար «Փի Ընդ Դի Գրուպ» ՍՊԸ-ին՝ 241 հազար դրամ։
Համայնքապետարանը չի ներկայացնում ամբողջական հաշվետվություն
«Hetq»-ը դեռ միջոցառումներից առաջ դիմել էր Վաղարշապատի համայնքապետարանին՝ պահանջելով ներկայացնել տոնակատարությունների ծախսերի մանրամասն հաշվարկը։ Պահանջվել էր առանձին նշել համերգային ծրագրի մասնակիցների վարձատրությունը, սարքավորումների վարձակալության, հրավառության, փառատոնների, ցուցադրությունների, ներկայացումների և մանկական ծրագրերի կազմակերպման ծախսերը։
Համայնքապետարանից պատասխանել էին, որ ծախսերի հաշվարկը դեռ ամբողջական չէ, և պատրաստ լինելուց հետո կտրամադրեն տեղեկությունները։ Սակայն տոնակատարություններից անցել է ավելի քան երեք շաբաթ, իսկ ամբողջական հաշվետվությունը դեռ չի ներկայացվել։
Փոխարենը համայնքապետարանի կայքում որոշումները հրապարակվում են առանձին-առանձին, երբեմն՝ առանց բովանդակության։ «Hetq»-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ փաստաթղթեր սկզբում կայքում տեղադրվել են դատարկ բովանդակությամբ, իսկ ավելի ուշ լրացվել։ Օրինակ՝ համայնքի ղեկավարի թիվ 1705 Ա որոշումը սկզբում հրապարակվել էր «Ֆին» վերնագրով՝ առանց բովանդակության։ Հետագայում պարզվել էր, որ այն վերաբերում է մոտ 5 մլն դրամի վճարման։
Նմանատիպ դատարկ որոշումներ կայքում դեռ առկա են «սոց» և «շինապրանքներ» վերնագրերով։ Դրանց բովանդակությունը նույնպես կարող է լրացվել ավելի ուշ։
Այս գործելակերպի հետևանքով քաղաքի բնակիչները ստիպված են համայնքապետարանի տարբեր որոշումներն առանձին ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչի վրա են ծախսվում իրենց վճարած հարկերը։ Իսկ հրապարակված 46,5 մլն դրամը միայն այն գումարն է, որի մասին արդեն հնարավոր է տեղեկանալ հասանելի փաստաթղթերից։
Համայնքային ծախսերի այս պատկերը հատկապես ուշագրավ է քաղաքի առօրյա խնդիրների ֆոնին։ Էջմիածնում շարունակում են չլուծված մնալ ճանապարհների անմխիթար վիճակի, բազմաբնակարան շենքերի նկուղներ լցվող կոյուղաջրերի և կիսակառույց մանկապարտեզների խնդիրները։ Այդ պայմաններում տոնական միջոցառումների համար միլիոնավոր դրամների հատկացումները պահանջում են առնվազն ամբողջական և հրապարակային հաշվետվություն։
Համայնքապետարանը դեռ չի ներկայացրել տոնակատարությունների վերջնական արժեքը։ Հետևաբար 46 մլն 521 հազար դրամը ծախսերի վերջնական հաշվեկշիռ չէ, այլ միայն մինչ այժմ բացահայտված գումարը։ Իսկ համայնքային բյուջեից կատարված յուրաքանչյուր վճարման վերաբերյալ տեղեկությունը պետք է հասանելի լինի բնակիչներին՝ առանց հետին ամսաթվով հրապարակվող փաստաթղթերի միջով այն որոնելու անհրաժեշտության։