«Առավոտ». Որքա՞ն է արժենում վարչապետի մեկ օրվա կյանքը․ Էդգար Ղազարյանը հարցեր է ուղղել Լիլիթ Մակունցին

2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցից պահանջել է պարզաբանել, թե որքան գումար են պետական բյուջեից ծախսում Նիկոլ Փաշինյանի անձնական կենցաղի և նախասիրությունների հետ կապված միջոցառումների վրա։
Ինչպես գրում է «Առավոտ»-ը, Ղազարյանը, մասնավորապես, հետաքրքրվել է Կոնդի ամառանոցային տնտեսության պահպանման տարեկան ծախսերով՝ խնդրելով ներկայացնել 2026 թվականին կատարված և 2027 թվականին նախատեսված հատկացումները։ Պատգամավորը նկատել է, որ վարչապետը տեսանյութերով հաճախ ներկայացնում է իր համեստ կենցաղը՝ «կուկուռուզ, պեռաշկի, թթու», սակայն քաղաքացիները պետք է իմանան, թե իրականում որքան է արժենում վարչապետի մեկ օրվա կյանքը պետական միջոցների հաշվին։
Ղազարյանը նաև հարցրել է վարչապետի մասնակցությամբ ստեղծված «Վարչաբենդ» վոկալ-գործիքային համույթի ֆինանսավորման մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք ծախսերը կատարվել են վարչապետի աշխատակազմի միջոցներից և համույթի անդամները հոնորարներ ստացել են։ Առանձին հետաքրքրություն է ներկայացրել թմբկահարի վարձատրության չափը։
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերել է վարչապետի մասնակցությամբ կազմակերպվող հեծանվային միջոցառումներին։ Նրա խոսքով՝ Սևանում երկօրյա հեծանվավազքի ընթացքում միայն սննդի ծախսերը կազմել են շուրջ 5 միլիոն դրամ։ Ղազարյանը պահանջել է ներկայացնել ծախսերի մանրամասն հաշվարկը՝ մասնավորապես պարզաբանելով, թե ինչպես է շուրջ 30 մասնակիցների երկօրյա սննդի համար ծախսվել այդքան գումար։
Պատգամավորը նաև քննադատել է վարչապետի աշխատակազմի 2027 թվականի ծրագրում ազգային տոների և հիշատակի օրերի միջոցառումների բացակայությունը՝ մատնանշելով Անկախության օրը, Առաջին Հանրապետության օրը, Շուշիի ազատագրման օրը, Երկրապահի օրը և մայիսի 8-ի Հաղթանակի ու խաղաղության տոնը։
Լիլիթ Մակունցը պատասխանել է, որ պետական տոները, ինչպես նախորդ տարիներին, նշվելու են համապատասխան գերատեսչությունների կազմակերպմամբ։ Իսկ կոնկրետ ծախսերի և դրանց մանրամասների վերաբերյալ հարցերին պատասխանելու համար նա պատգամավորին առաջարկել է գրավոր հարցում ուղարկել՝ խոստանալով տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները։
Էդգար Ղազարյանը դժգոհել է Մակունցի անպատրաստ ներկայանալուց՝ ընդգծելով, որ բյուջեի քննարկմանը մասնակցող պաշտոնյան պետք է նախապես տիրապետի իր ներկայացրած ոլորտի ծախսերի վերաբերյալ տեղեկություններին և պատրաստ լինի պատասխանելու պատգամավորների հարցերին։