«Ազատություն ռադիոկայան». Երևանի աղբի վերամշակման գործարանի մրցույթում հաղթել է չինա-արաբա-հայկական կոնսորցիումը

Երևանում աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթում հաղթող է ճանաչվել չինական China Western Power Industrial, հայկական «Մասշտաբ քոնսալթնսի» և արաբական MASAR ընկերություններից կազմված կոնսորցիումը։ Այս մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»՝ ներկայացնելով մրցույթի մասնակիցների և հաղթող ընկերությունների վերաբերյալ իր ուսումնասիրությունը։

Մրցույթի արդյունքը տարբերվում է Երևանի քաղաքապետարանի նախկին հայտարարություններից։ Մինչդեռ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ 2023 թվականից խոսում էր ֆրանսիական և պորտուգալական ընկերությունների հետ համագործակցության մասին, գործարանի կառուցման ու շահագործման իրավունքը վերջնական արդյունքում ստացել է չինա-արաբա-հայկական կոնսորցիումը։

Մրցույթի առաջին փուլին մասնակցել է չորս ընկերություն, որոնցից միայն երկուսն են անցել երկրորդ փուլ։ Քաղաքապետարանը նախապատվությունը տվել է նշված կոնսորցիումին, սակայն չի հայտնել, թե ով է եղել մյուս եզրափակիչ մասնակիցը։

Չինական ընկերության նախկին ծրագրերում կան նաև ձախողված նախագծեր

Կոնսորցիումի չինական մասնակիցը՝ China Western Power Industrial-ը, հիմնադրվել է 1983 թվականին Չինաստանի Սիչուան նահանգում։ Ընկերությունը էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում նախագծեր է իրականացրել Չինաստանում, Լաոսում, Շրի Լանկայում և Զիմբաբվեում։ Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում ընկերությունը կառուցել և 2021 թվականից շահագործում է աղբից էլեկտրաէներգիա արտադրող գործարան, որի արժեքը մոտ 40 միլիոն դոլար է։

Միաժամանակ ընկերության գործունեության պատմության մեջ կան չիրականացված ծրագրեր։ Մեծ Բրիտանիայի Փիթերբորո քաղաքում ավելի քան 450 միլիոն դոլար գնահատված աղբի վերամշակման գործարանի նախագիծը ձախողվել է՝ այդպես էլ չհասնելով շինարարության փուլին։

China Western Power Industrial-ի անունը հիշատակվում է նաև Հայաստանում ավելի քան տասը տարի առաջ քննարկված, բայց չիրականացված էներգետիկ ծրագրի համատեքստում։ Խոսքը Վանաձորում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման նախագծի մասին է, որը նախատեսվում էր իրականացնել վրացական «Անակլիա Այ Ի Փի հոլդինգ» ընկերության հետ։ Նախագծի շրջանակում հայտարարվում էր շուրջ 600 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սակայն ծրագիրը չիրականացավ։ Global Energy Monitor-ի տվյալներով՝ «Անակլիա Այ Ի Փի հոլդինգի» մայր ընկերությունը հենց China Western Power Industrial-ն էր։

Հայկական և արաբական գործընկերների մասին տվյալները սահմանափակ են

Կոնսորցիումի հայկական մասնակիցը «Մասշտաբ քոնսալթնսի» ՓԲԸ-ն է, որը հիմնադրվել է 2009 թվականին։ Ընկերության միակ բաժնետերը, ըստ իրական շահառուների հայտարարագրի, Լիաննա Կուսիկյանն է։ Նա նախկինում աշխատել է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնում։

Ընկերությունն իր կայքում ներկայացնում է խորհրդատվական և իրավական ծառայություններ, ինչպես նաև թվային նախագծերի տեխնիկական ու գործառնական բնութագրերի մշակման աշխատանքներ։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ «Մասշտաբ քոնսալթնսին»-ը խորհրդատվություն է տրամադրել նաև Համաշխարհային բանկի՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում։

Երրորդ մասնակիցը արաբական MASAR ընկերությունն է։ Սակայն բաց աղբյուրներում ընկերության գործունեության, սեփականատերերի և նախկին նախագծերի վերաբերյալ տեղեկությունները խիստ սահմանափակ են։

Միլիարդների ծրագիր՝ առանց հրապարակված ֆինանսական պայմանների

Երևանի քաղաքապետարանի ծրագրով նախատեսվում է օրական մինչև 600 տոննա աղբ վերամշակող գործարանի կառուցում։ Միայն Նուբարաշենի աղբավայր օրական մոտ 600 տոննա կենցաղային թափոն է ընդունում, տարեկան՝ շուրջ 200 հազար տոննա։

Գործարանը պետք է վերամշակի կոշտ կենցաղային, կենսաքայքայվող և արդյունաբերական ոչ վտանգավոր թափոններ՝ Եվրամիության չափանիշներին կամ դրանց համարժեք պահանջներին համապատասխան։ Քաղաքապետարանը կառուցման համար տրամադրելու է հինգ հեկտար տարածք, իսկ ներդրումներն ու հետագա շահագործումն իրականացնելու է կոնսորցիումը։ Ծրագրի համաձայն՝ գործարանը պետք է շահագործվի առնվազն 30-35 տարի, իսկ շահույթը մնալու է ընկերությանը։

Սակայն ծրագրի ֆինանսական պայմանները դեռ հրապարակված չեն։ Հայտնի չէ, թե որքան գումար է նախատեսվում ներդնել գործարանի կառուցման համար, ինչ ժամկետներում է այն իրականացվելու և ինչ պայմաններով է գործելու կոնսորցիումի հետ կնքվելիք համաձայնագիրը։

«Ազատություն»-ը քաղաքապետարանից պահանջել է նաև մրցութային հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, սակայն դրանք չի ստացել։ Քաղաքապետարանը պատասխանել է, որ փաստաթղթերը «սահմանված կարգով արխիվացվել են»։

Մինչդեռ դեռ 2023 թվականի մայիսին Տիգրան Ավինյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը, հայտարարում էր ֆրանսիական և պորտուգալական ընկերությունների հետ բանակցությունների մասին։ 2024 թվականին աղբի կառավարման թեման քննարկվել էր նաև Լատվիայի դեսպանի հետ, իսկ 2025 թվականի նոյեմբերին Ավինյանի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել էր Ռիգայի աղբի վերամշակման գործարան։

Այսպիսով, Երևանի աղբի վերամշակման երկարաժամկետ ծրագրի իրականացման իրավունքը ստացել է այլ՝ չինական, արաբական և հայկական ընկերություններից կազմված կոնսորցիում։ Իսկ թե ինչ չափանիշներով է ընտրվել հենց այս առաջարկը, որքան է այն արժենալու և ինչ ֆինանսական պարտավորություններ են ստանձնելու մասնակիցները, դեռևս հրապարակային պարզաբանումներ չկան։

«Ազատություն ռադիոկայան»

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև