Էդգար Ղազարյանը՝ կառավարության 80 մլն դոլարի չնախատեսված ծախսերի և ընտրություններից առաջ թոշակների բարձրացման մասին

ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆինանսների նախարարության ներկայացուցչից պահանջել է բացատրել, թե ինչ իրավական և տնտեսական հիմքով կառավարությունը շուրջ 80 մլն դոլար է հատկացրել կենսաթոշակների բարձրացմանը՝ առանց այդ ծախսը նախապես բյուջեում նախատեսելու և Ազգային ժողովի հետ քննարկելու։
Ղազարյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, թե կենսաթոշակները բարձրացնելու ֆինանսական հնարավորություն չկա։ Ավելին՝ այդ պահանջը ներկայացնողներին մեղադրում էին Հայաստանի կառավարության դեմ հիբրիդային պատերազմի խոսույթ տարածելու մեջ։ Սակայն ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ կառավարությունը երեք փուլով լրացուցիչ վճարումներ է կատարել թոշակառուներին, վերջինը՝ ընտրություններից օրեր առաջ։ Պատգամավորի գնահատմամբ՝ շուրջ 500 հազար շահառուի ուղղված այդ գումարները փաստացի ծառայել են ՔՊ-ի օգտին ընտրողների ձայներն ապահովելուն՝ վերածվելով ընտրակաշառքի։
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ բյուջեն կազմվել էր 2025 թվականի սեպտեմբերի կանխատեսումների հիման վրա, իսկ հետագայում հարկային մուտքերն ու տնտեսական աճը սպասվածից բարձր են եղել։ Նրա խոսքով՝ 2026 թվականի համար լրացուցիչ 45-50 մլրդ դրամ եկամուտների ակնկալիք է ձևավորվել, և օրենքը կառավարությանը թույլ է տալիս ինքնուրույն որոշել հավելյալ եկամուտների ծախսման ուղղությունները։ Նա նաև նշել է, որ կենսաթոշակների հավելյալ վճարումները շարունակվելու են։
Ղազարյանը հակադարձել է, որ կառավարության և Կենտրոնական բանկի կանխատեսումների անճշտությունը կասկածի տակ է դնում նաև ներկայիս տնտեսական հաշվարկների հավաստիությունը։ Նա ընդգծել է, որ պետական միջոցների օգտագործումը քաղաքական նպատակներով պետք է հետաքրքրի նաև դատախազությանը՝ նկատի ունենալով ընտրություններից առաջ թոշակառուներին կատարված վճարումների ժամանակացույցն ու շահառուների մեծ թիվը։
Քննարկումն ավարտվել է նախարարության ներկայացուցչի առաջարկով․ եթե Ղազարյանը կարողանա ավելի ճշգրիտ տնտեսական կանխատեսում ներկայացնել, ինքը պատրաստ է հրաժարական տալ, իսկ հակառակ դեպքում պատգամավորը պետք է դադարեցնի իր քննադատությունը։ Սակայն այդ բանավեճում չստացավ հստակ պատասխան հիմնական հարցը՝ ինչու՞ շուրջ 80 մլն դոլարի պետական միջոցների ծախսման որոշումը նախապես չի արտացոլվել բյուջեում և ինչպե՞ս է ապահովվել այդ որոշման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը։