Hetq․ հայկական պետական և լրատվական կայքերը՝ խաղատների գովազդի ցանցում

«Hetq»-ի հետաքննությունը բացահայտել է, որ հայկական պետական, լրատվական և մշակութային մի շարք կայքեր հայտնվել են առցանց խաղատներ գովազդող միջազգային ցանցի վերահսկողության տակ։ Դրանց թվում են Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության նախկին կայքը, Արցախի իրավական տեղեկատվական համակարգը, Հայաստանի ազգային արխիվի նախկին կայքը և պատգամավորների գործունեությունը լուսաբանող parliamentmonitoring.am հարթակը։

Հետաքննության համաձայն՝ հայկական տիրույթում գործող այս կայքերը փոխկապակցված են haykbet.am-ի հետ, որի հետևում, ըստ «Hetq»-ի ուսումնասիրության, կանգնած է բուլղարացի գործարար Միրոսլավ Պավլովը (Miroslav Pavlov)։ Նա առցանց խաղադրույքների և խաղատների գովազդային ցանցերի ոլորտում առնվազն տասը տարվա փորձ ունի։

«Hetq»-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ haykbet.am-ի հետ կապ ունեն andin.am գրական-մշակութային ամսագիրը, nyut.am և haymedia.am լրատվական կայքերը, Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության minfin-nkr.am նախկին կայքը, arlexis.am իրավական տեղեկատվական համակարգը, armarchives.am-ը և parliamentmonitoring.am-ը։ Կայքերից մի քանիսը վերահղում են այցելուներին դեպի խաղադրույքների հարթակներ, մյուսների բովանդակությունն ամբողջությամբ փոխվել է՝ վերածվելով առցանց խաղատների գովազդային ցուցափեղկերի։

Հետաքննության հեղինակները կայքերի միջև կապը հաստատել են դրանցում տեղադրված գործընկերային հղումների միջոցով։ Խաղադրույքների կայքեր անցնելիս URL հասցեներում հայտնաբերվել են haykbet.am-ի նույնականացուցիչը և ընդհանուր affiliate ID համարները։ Այս համակարգը թույլ է տալիս հետևել, թե որ կայքից է այցելուն անցել խաղադրույքների հարթակ, և յուրաքանչյուր նոր հաճախորդի ներգրավման դիմաց եկամուտ ստանալ։

Հատկապես ուշագրավ է parliamentmonitoring.am-ի պատմությունը։ Կայքը 2010 թվականին ստեղծվել էր «Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և տարիներ շարունակ հրապարակում էր Ազգային ժողովի ու պատգամավորների գործունեության վերաբերյալ տվյալներ։ 2023 թվականին ՀԿ-ն դադարեցրել է գործունեությունը, ինչից հետո դոմենը ձեռք է բերել այլ անձ։ «Մանդատ» ՀԿ-ի նախագահ Լուսինե Վասիլյանը «Hetq»-ին հայտնել է, որ իրենք փորձել են վերադարձնել կայքի դոմենը, սակայն դրա դիմաց պահանջված գումարը զգալիորեն գերազանցել է նախկին տարեկան վճարը։ Այժմ ՀԿ-ն մասնագետների օգնությամբ փորձում է վերականգնել դոմենի նկատմամբ վերահսկողությունը։

Պատկերը մտահոգիչ է նաև Արցախի պետական կայքերի պարագայում։ Դրանց միջոցով նախկինում տարածվել են պաշտոնական փաստաթղթեր, իրավական ակտեր և պետական կառույցների տեղեկատվություն։ Այժմ այդ հասցեներից մի քանիսը ծառայեցնում են խաղադրույքների գովազդին, իսկ դրանց վերադարձով զբաղվող պատասխանատու կառույցներ, ըստ հրապարակման, առայժմ չկան։

Միրոսլավ Պավլովը «Hetq»-ի հետ նամակագրության ընթացքում հերքել է իր կապը haykbet.am-ի և խաղատներ գովազդող կայքերի հետ։ Սակայն լրագրողները գտել են նաև նրա 2019 թվականի հարցազրույցը, որտեղ նա պատմել է տարբեր երկրներում գործող ավելի քան 150 կայքերից բաղկացած իր ցանցի մասին։ Հետաքննության համաձայն՝ այդ հարցազրույցում հիշատակված baccarat.net և casinoreviews.net կայքերի գործընկերային հղումներն ունեն նույն affiliate ID-ն, ինչ հայկական դոմեններով գործող հարթակները։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, CyberHUB-ի համահիմնադիր Արթուր Պապյանը «Hetq»-ին ասել է, որ դոմենների ժամկետանց լինելուց հետո դրանք ձեռք բերելը և նախկին հեղինակությունն այլ նպատակներով օգտագործելը տարածված միջազգային պրակտիկա է։ Նոր սեփականատերերը կարող են նման կայքերն օգտագործել առցանց խաղատներ գովազդելու կամ նույնիսկ ֆիշինգային հղումներ տեղադրելու համար։ Դոմենի չեղարկումը, սակայն, իրավական հիմքեր է պահանջում և կարող է հանգեցնել դատական վեճերի։

Խնդիրն ունի նաև իրավական կողմ։ Հայաստանի օրենսդրությամբ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, բուքմեյքերական գործունեության և դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդն արգելված է։

«Hetq»-ի հետաքննությունը ցույց է տալիս, թե ինչպես տարիներ շարունակ գործող հայկական կայքերի դոմենների նկատմամբ վերահսկողության կորուստը կարող է հանգեցնել դրանց բովանդակության ամբողջական փոփոխության և նախկինում կուտակված հեղինակության օգտագործմանը՝ խաղատների գովազդի համար։ Ընդ որում, վտանգված են նաև պետական կառույցների ու Արցախի պետական համակարգի նախկին տեղեկատվական ռեսուրսները, որոնց հասցեներով հղումները շարունակում են պահպանվել համացանցում։

Հետաքննության հրապարակումից և Պավլովի հետ նամակագրությունից երկու օր անց haykbet.am-ի բովանդակությունը խմբագրվել է՝ ստեղծելով տպավորություն, թե կայքը դադարեցրել է գործունեությունը։ Սակայն, ըստ «Hetq»-ի, կայքը շարունակում է գործել։

Hetq.am

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև