Երևանի քաղաքապետարանը յուրացրել է «Մուլտի Ուելնես»-ի գույքը

«Փաստինֆո»-ի հրապարակման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը փոխել է իր պաշտոնական դիրքորոշումը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզաառողջարարական կենտրոնի գույքի վերաբերյալ։ Եթե հուլիսին քաղաքապետարանը հաստատում էր, որ մարզասրահի շարժական գույքն իրեն ի պահ է հանձնվել և համայնքի սեփականությունը չէ, ապա այժմ պնդում է, թե մարզասրահն իրեն է պատկանում։

«Մուլտի Ուելնես»-ի շուրջ զարգացումները սկսվեցին հուլիսի 6-ին՝ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում իրականացված խուզարկություններից հետո։ Մարզասրահի գործունեությունը դադարեցվեց, իսկ Երևանի քաղաքապետարանը դրանից առաջ արդեն ծանուցել էր ընկերությանը պայմանագիրը միակողմանի լուծելու մասին։ Շուտով մարզասրահի դռները կապարակնքվեցին, իսկ ավելի ուշ նույն տարածքում բացվեց «Երևան Ուելնես» կենտրոնը՝ քաղաքապետարանի տնօրինության ներքո։

Հուլիսի 28-ին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանը պաշտոնապես հայտնել էր, որ Խանջյան 22 հասցեում գտնվող շենքերի և շինությունների շարժական գույքը համայնքի սեփականությունը չէ, այլ ի պահ է հանձնվել քաղաքապետարանին։ Միաժամանակ պարզաբանել էր, որ համայնքը տվյալ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերն է, սակայն «Մուլտի Ուելնես» ընկերության բաժնեմասը կամ կառավարման լիազորությունները իրեն չեն փոխանցվել։ Հետևաբար համայնքը չի կարող ստանձնել ընկերության իրավունքներն ու պարտականությունները կամ որոշումներ կայացնել դրա կառավարման վերաբերյալ։

Օգոստոսի 11-ին Քննչական կոմիտեն ևս հաստատել էր, որ հուլիսի 16-ին կայացված որոշմամբ Խանջյան 22 հասցեում գտնվող անշարժ գույքը ճանաչվել է իրեղեն ապացույց և պատասխանատու պահպանության հանձնվել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակցին։

Սակայն օգոստոսի 28-ին «Փաստինֆոն» քաղաքապետարանից պահանջել էր պարզաբանել, թե ինչ իրավական հիմքով է համայնքն իրեն ի պահ հանձնված գույքը տրամադրել մեկ այլ ընկերության օգտագործմանը։ Մոտ մեկ ամիս ուսումնասիրելուց հետո քաղաքապետարանը ներկայացրել է նոր պատասխան՝ պնդելով, որ մարզասրահն իր սեփականությունն է, և գույքը համայնքին ի պահ չի հանձնվել։

Այսպիսով, քաղաքապետարանն այժմ հերքում է իր իսկ հուլիսյան պաշտոնական պատասխանը, իսկ Քննչական կոմիտեի պարզաբանումը շարունակում է վկայել գույքը պատասխանատու պահպանության հանձնելու մասին։ Քաղաքապետարանը, սակայն, չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կհիմնավորեր շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունը։

Խնդրահարույց է նաև այն, որ մարզասրահի շահագործումը շարունակվում է՝ չնայած քաղաքապետարանի մատնանշած քաղաքաշինական խախտումները վերացված չեն։

Հուլիսի 23-ին «Փաստինֆո»-ին տված պատասխանում քաղաքապետարանը հայտնել էր, որ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող շենքերն ու շինությունները կառուցվել են հաստատված քաղաքաշինական փաստաթղթերից շեղումներով։ Բացի այդ, ընկերությունն ունեցել է համայնքի նկատմամբ շուրջ 16 միլիոն դրամի չմարված պարտավորություն։ Այս հանգամանքները քաղաքապետարանը ներկայացրել էր որպես 1,262154 հա հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը միակողմանի լուծելու հիմք։

Այժմ քաղաքապետարանն ընդունում է, որ նախագծային շեղումները դեռևս չեն վերացվել, և դրանց ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Միաժամանակ պնդում է, որ պայմանագրի լուծումից հետո համայնքը պարտավոր չէ ինքն իրեն վճարել կառուցապատման իրավունքի համար նախատեսված գումարները կամ կատարել նախկին պայմանագրից բխող այլ պարտավորություններ։

Փաստորեն, նախկինում պայմանագիրը լուծելու հիմք ներկայացված խախտումները պահպանվում են, սակայն դրանք չեն խոչընդոտում նույն տարածքում մարզասրահի գործունեությանը՝ արդեն քաղաքապետարանի վերահսկողության ներքո։ Քաղաքապետարանը նաև չի կարողացել ներկայացնել, թե քանի այլ ընկերության հետ է նմանատիպ խախտումների պատճառով լուծել պայմանագրերը՝ հայտնելով, որ այդպիսի դեպքերի առանձին հաշվառում չի իրականացվում։

Առանձին հարցեր են առաջանում մարզասրահի ֆինանսական գործունեության վերաբերյալ։ «Փաստինֆոյի» հարցին, թե ինչպես են գոյանում «Երևան Ուելնես»-ի աշխատակիցների աշխատավարձերը և ինչ վճարումներ են կատարվում համայնքային բյուջե, քաղաքապետարանը պատասխանել է. «Երևան համայնքն ինքն իրեն վարձակալության կամ այլ վճարներ վճարելու պարտավորություն չունի, իսկ աշխատակիցների աշխատավարձը գոյանում է մարզասրահի գործունեության արդյունքում»։

Այսինքն՝ մարզասրահը եկամուտ է ստանում, որի հաշվին վճարվում են աշխատակիցների աշխատավարձերը, սակայն քաղաքապետարանը չի պարզաբանել, թե ինչպես են հաշվառվում այդ եկամուտները, ով է տնօրինում հասույթը և ինչ իրավական կարգավիճակով է համայնքն իրականացնում այդ գործունեությունը։

Հատկանշական է նաև, որ «Երևան Ուելնես»-ի կառավարիչը, ըստ «Փաստինֆո»-ի հրապարակման, ԱԺ ՔՊ խմբակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի անձնական մարզիչն է։ Ալեքսանյանը նախկինում մարզվել է հենց «Մուլտի Ուելնես» կենտրոնում։

Ստեղծված իրավիճակը պահանջում է Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի իրավական գնահատականը։ Պետք է պարզվի՝ ինչ հիմքով է քաղաքապետարանը տնօրինում քրեական վարույթի շրջանակում իրեն պահպանության հանձնված գույքը, ինչու է այն շահագործման հանձնել այլ ընկերության, ինչպես են տնօրինվում մարզասրահի եկամուտները և արդյոք համայնքային պաշտոնյաների գործողություններում առկա են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ այլ հանցագործությունների հատկանիշներ։

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև