«CivilNet». Հայաստանում խաղադրույքների ծավալը 8 տարում աճել է 53 անգամ․ խաղամոլության իրական չափերն անհայտ են

«CivilNet»-ի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում առցանց շահումով խաղերի շուկան շարունակում է սրընթաց ընդլայնվել։ 2017 թվականին ինտերնետ խաղադրույքների ծավալը 138,5 միլիարդ դրամ էր, իսկ 2025-ին՝ արդեն 7,4 տրիլիոն։ Ութ տարում աճը կազմել է շուրջ 53 անգամ։ 2026 թվականի առաջին ութ ամիսներին խաղադրույքների գումարը հասել է 5,4 տրիլիոն դրամի։
ՊԵԿ-ի տվյալներով՝ խաղային ընկերությունների համախառն եկամուտը 2025-ին կազմել է 154,3 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 16,3 տոկոսով։ 2026-ի առաջին ութ ամիսներին այն ավելացել է ևս 22,8 տոկոսով՝ հասնելով 113,8 միլիարդ դրամի։
Աճում են նաև պետական եկամուտները։ «Դիջիթեյն», «Սոֆթ Կոնստրակտ», «Կաբարկո» և «Գուդ Սոֆթ» ընկերությունները 2023-ին պետությանը վճարել են 22,1 միլիարդ դրամ հարկեր ու տուրքեր, իսկ 2025-ին՝ 52,6 միլիարդ։ 2026-ի առաջին ութ ամիսների վճարումները կազմել են 48,6 միլիարդ դրամ։ Միաժամանակ, կառավարությունը բարձրացրել է խաղադրույքներ ընդունելու իրավունքի պետական տուրքը։
Իսկ ի՞նչ է կատարվում խաղացողների հետ։ Այս հարցի պատասխանը պետական մարմինները չունեն։ Առողջապահության նախարարությունը չի ուսումնասիրել բնակչության շրջանում խաղային կախվածության տարածվածությունը։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն դիմած մարդկանց թիվը 2025-ին կազմել է 76, իսկ 2026-ի առաջին ինը ամիսներին՝ 31։ Սրանք ընդամենը բուժօգնության դիմած պացիենտներն են և չեն արտացոլում խնդրի իրական ծավալը։
Միևնույն ժամանակ, 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ խաղերից ինքնաարգելափակվել է 100 669 մարդ։ Գործում են նաև չլիցենզավորված արտասահմանյան խաղային կայքերի արգելափակման կարգը և պետական ու համայնքային ծառայողների մասնակցության սահմանափակումները։ 2027 թվականի հունվարից նախատեսվում է արգելել նաև 70 և ավելի տարեկան անձանց մասնակցությունը։
Սակայն այս միջոցների արդյունավետության գնահատական չկա, ինչպես չկա նաև խաղացողների իրական կորուստների հաշվառում։
Փաշինյանի իշխանությունը մանրակրկիտ հաշվում է խաղային բիզնեսի շահույթն ու դրանից գանձվող հարկերը, բայց նույնիսկ չի փորձում պարզել, թե այդ միլիարդների հետևում որքան մարդկային ողբերգություն է թաքնված։ Իշխանությունների համար խաղային ընկերությունների եկամուտներն իրական արժեք ունեն, իսկ խաղամոլության պատճառով կործանվող մարդկանց ճակատագրերը կարծես ոչ մեկին չեն հետաքրքրում։ Պետությունը դարձել է խաղային բիզնեսի հարկային մուտքերի հաշվապահը՝ անտեսելով սեփական քաղաքացիների պարտքերը, քայքայված ընտանիքներն ու խորտակված կյանքերը։