Բիզնես խլելու օպերացիա՝ քաղաքային իշխանության ակտիվ մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանի կողմից Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչելու և Թենիսի կորտերը սրճարաններով փոխարինելու քաղաքային իշխանության նախաձեռնողականությանը բիզնես խլելու օպերացիա է հիշեցնում։ Ընդ որում, Երեւանի քաղաքապետը անձնական նախաձեռնողականություն է ցուցաբերում այգու նշված տարածքը «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) հիմնական բաժնետիրոջը հանձնելու հարցում, այն էլ՝ սրճարաններ կառուցելու թույլտվությամբ։

300 մլն դրամի ուժն ու Տիգրան Ավինյանը

2023թ․ մայիսին քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում հայտարարեց, որ «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) խորհրդի նախագահը համայնքին է նվիրաբերել 300 մլն. ՀՀ դրամ՝ մարզադպրոցի վերակառուցման համար՝ այն գնահատելով որպես բացառիկ երեւույթ։ Բանկի այս քայլը Տիգրան Ավինյանը գնահատել էր որպես բանկի կողմից քաղաքի նկատմամբ սիրո նշան, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս «ամուսնությունը» ոչ թե սիրո վրա էր հիմնված, այլ պարզ հաշվարկի։ Ընդ որում, սերը շահին զիջելը դրսեւորվեց ընդամենը 2-3 ամիս անց։

Ուսումնական տարվա մեկնարկին՝ 2023 թ․ սեպտեմբերին, Երևանի ավագանու անդամներից մեկը՝Էռնեստ Ավանեսովը, ահազանգեց, որ համայնքային ենթակայության մարզադպրոցներ գրություններ են ստանում այն մասին, որ այդ պահից սկսած՝ իրենց աշխատակիցները աշխատավարձը պետք է ստանան «Էվոկաբանկի» (EVOCABANK) քարտերով: Հատկանշական է, որ ավագանու անդամի պնդմամբ համայնքային մարզադպրոցներ գրություն է գնացել քաղաքապատարանից ՝ վերոհիշյալ պահանջով։ Իսկ 2024 թվականի հունվարին արդեն պարզվեց, որ քաղաքային իշխանությունը մտադիր էր Օղակաձև այգու 4-րդ հատվածը վերցնել իր իսկ ներկայիս սեփականատիրոջից ու հանձնել «Էվոկաբանկի» (EVOCABANK) հիմնական բաժնետիրոջ՝ Մարիետա Գևորկյանի, ընկերության տնօրինմանը։

Հատկանշական է, որ այգու տարածքի «խլելու» օպերացիայի մասին պաշտոնապես հայտարարվեց հենց Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում՝ 2024 թվականի հունվարի 8-ին։

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման ՀՈԱԿ տնօրեն Շողիկ Երանյանը հայտնեց, թե «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների միջնամասում գտնվող Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող այգու վերակառուցման և կառուցապատման իրավունքի տրամադրման համար:

Նկատենք, որ այս ընկերության իրական շահառուն Մարիետա Գևորկյանն (MARETA GEVORKYAN) է, որը նաեւ միանձնյա տիրապետում է «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) բաժնետոմսերի 100%-ին։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) ընկերությունը Օղակաձեւ այգու նկատմամբ հավակնություններ է սկսել ցուցաբերել, այսինքն՝ այլ ընկերության գույքի վրա աչք դրել՝ չունենալով անգամ մեկ տարվա գործունեություն ու միանգամից շահել Երեւանի քաղաքապետարանի սերը։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) գրանցվել է 2023 թվականի փետրվարի 21-ին։

Նույն գործակարգավարական նիստում փարատվում են բոլոր կասկածները՝ Մարիետա Գեւորկյանն ուզում է հենց Օղակաձև այգու 4-րդ զանգվածը, որտեղ առկա են 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքեր, օրինական վարձակալներ։ Առաջին հայացքից թվում է, որ քաղաքային իշխանությունը պետք է ասեր՝ հարգելի նորաստեղծ ընկերություն, ուրախ ենք, որ ուզում եք ներդրում անել, մայրաքաղաքում կան բազմաթիվ չբարեկարգված պուրակներ, այնտեղից սկսեք, Օղակաձև այգու 4-րդ զանգվածը ունի օրինական վարձակալներ։ Բայց ոչ, բայց ոչ՝ դրվում է այգու այդ հատվածը օրինական վարձակալներից խլելու օպերացիայի հիմքը։

Հանրային գերակա շահի մանիպուլյացիան՝ քաղաքային իշխանության կատարմամբ

Նորաստեղծ «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) ընկերության հավակնությունների կենտրոնում հայտնված օղակաձեւ այգու հատվածում վարձակալության պայմանագրեր ունի «Գեյմ-Սերվիս» (GAME-SERVICE CJSC) ընկերությունը. 2013 թվականի մարտին ստորագրվել է 7887. 96 քառ. մակերեսով հողատարածքի վարձակալության մասին, ըստ որի՝ հողամասի տրամադրման նպատակն է՝ թենիսի մարզահրապարակի զբաղեցրած մակերես։ Այս պայմանագրի գործողությունն ավարտվում է 2038թ վականին։ Մյուս պայմանագիրն ստորագրվել է 2002 թվականին՝ 45 տարի ժամկետով, ըստ որի 1200 քառ. մակերեսով տարածքը տրամադրվել է մանկական սպորտային խաղահրապարակի կառուցման նպատակով։

Այս տարածքներում անցած տարիներին սրճարաններ չեն կառուցվել եւ օգտագործվել են՝ ըստ իրենց պայմանագրային առաջնային նշանակության։ 2024 թվականի հունվարին, պարզվեց, որ դա չի գոհացնում Երեւանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Վերջինս գործակարգավարական նիստում ոչ թե հետաքրքրվեց, թե մի քանի ամսվա պատմություն ունեցող ընկերությունը ինչ զարմանահրաշ գործունեություն է ծավալել այդ ամիսներին, ինչու հանկարծ որոշեց, որ հենց այդ տարածքների համար պետք է ներդրումային ծրագիր ներկայացնի, այլ դժգոհեց, որ այդտեղ կան թենիսի կորտեր։

«Թենիսի կորտերը իրականում չպետք է լինեին և այգին այգու տարածքները պետք է վերադարձվեն քաղաքին՝ երևանցիներին»,- հայտարարեց Ավինյանը՝ կարծես Երեւանի կոլորիտներից մեկը համարվող թենիսի կորտերը երեւանցիներին չեն ծառայում։

ՀՈԱԿ տնօրեն Շողիկ Երանյանը հայտարարեց, որ անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ, որ արդեն նախապատրաստվում է կառավարության որոշման նախագիծ՝ նշված հատվածի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու և «Գրին Ռոք Մենեջմենթ գրուպին» (GREEN ROCK MANAGEMENT GROUP)՝ առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով հաղամաս տրամադրելու մասին։

Ակնհայտ է, որ տվյալ պարագայում գործ ունենք «հանրային շահի» մանիպուլյացիայի հետ, քանզի այգում սրճարան կառուցելը չի կարող լինել հանրային շահ, իսկ այն, որ «Գրին Ռոք Մենեջմենթ գրուպին»-ի (GREEN ROCK MANAGEMENT GROUP) տնօրինմանը հանձնելուց հետո այդտեղ կկառուցվեն նաեւ սրճարաններ, հայտարարել է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։ «Այգու արդյունավետ օգտագործման և տարբեր եղանակային պայմաններում, շուրջտարյա գործունեության ծավալման հնարավորության նպատակով այգում կստեղծվեն կամ կվերակառուցվեն նաև փակ փոքրածավալ կառույցներ (սննդի սպասարկման կետ, սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ, hանրային միջոցառումների՝ համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման համար կնախատեսվի համապատասխան միջավայր)»,- 2024 թվականի հունվարի 9-ին սոցցանցում գրել է Հայկ Կոստանյանը:

Բացի այդ, առ այս պահը չի պարզաբանվել, թե, դիտարկվող տարածքը գերակա հանրային շահ ճանաչելով, ինչու պետք է առանց մրցույթի տրամադրվի մեկ այլ ընկերության, գուցե մեկ ուրիշը, որը ունի գործունեության շատ ավելի հարուստ փորձ, շատ ավելի հետաքրքիր ներդրումային ծրագիր ներկայացնի։ Ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը խուսափում մրցույթից, զգուշանում մրցակցությունից։

Այս հարցի պատասխանը չկա, թեեւ «Փաստինֆո»-ն այն գրավոր հղել է Երեւանի քաղաքապետարանին։ Այս պահին ունենք միայն այն, որԱվինյանը հորդորել է արագացնել աշխատանքները, «գերակա շահ ճանաչելու» առերեւույթ ապօրինի քայլերը, իսկ որ այդ քայլերը ապօրինի գնահատվելու հիմքերը կան, կշարունակենք ներկայացնել նաեւ հաջորդիվ։

Գործարքի ստվերային կողմը

Ե՞րբ է ի հայտ եկել Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերաբերյալ նախագիծը, ով է իրական նախաձեռնողը, եւ այդ ամենի հետ ինչ կապ ունի GreenRock Management Group-ը։

Ինչպես արդեն նշել ենք՝ քաղաքապետարանի 2024 թվականի հունվարի գործակարգավարական նիստում Շողիկ Երանյանը հայտարարել էր, թե քաղաքապետարան է դիմել մի ընկերություն՝ GreenRock Management Group անունով՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում վերակառուցման և կառուցապատման իրավունքի տրամադրման համար: Մինչդեռ՝ GreenRock Management-ից «Ազատությանը» վստահեցրել են, որ ոչ թե իրենք են դիմել քաղաքապետարան, այլ քաղաքային իշխանություններն են դիմել իրենց։ «Քաղաքապետարանն է մեզ դիմել առաջարկով՝ բարեկարգելու Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը։ Դիմել ենք ութ ամիս առաջ։ Նախաձեռնությունը քաղաքապետարանից է եղել», - «Ազատությանը» ասել է ընկերության մարքեթինգի տնօրեն Աննա Սալոմեն։

Ասել է թե՝ Շողիկ Երանյանը գործակարգավարական նիստում ներկայացրել է կեղծ տեղեկություններ, ինչը հիմնավորվում է նաեւ Տիգրան Ավինյանի հայտարարությամբ։

Բանն այն է, որ դեռեւս 2023 թվականի մարտի 15-ին է Տիգրան Ավինյանը հայտարարել Օղակաձեւ այգու հետ կապված իր ծրագրերի մասին։ «Շուտով ներկայացնելու ենք օղակաձև այգու չորրորդ հատվածի ամբողջական նախագիծը, որը, կարծում եմ, դեռևս ներկայացվածների մեջ ամենահետաքրքիրն է լինելու»,- ավագանու նիստում հայտարարել էր Ավինյանը։ Իսկ «GreenRock Management Group» ընկերությունը պետական վրանցում ստացել է 2023 թվականի փետրվարի 21-ին։ Հարց է ծագում՝ Ավինյանը նախապե՞ս էր իմացել, որ նման ընկերություն է ստեղծվել՝ հատուկ օղակաձեւ այգու համար, թե նախ՝ իրենք են նման ծրագիր հղացել ու ստեղծել են հատուկ ընկերություն՝ իրենց ծրագրերը իրականացնելու համար։ Իրականում կարծում ենք այս հարցի պատասխանը պետք է հետաքրքրի նախեւառաջ դատախազությանը, քանզի առկա են հովանավորչության տարրեր։

Հատկանշական է նաեւ այն, որ «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) 300 մլն դրամի նվիրատվության մասին խոսելիս Ավինյանը չի բարձրաձայնել, որ նվիրատուի հետ փոխկապակցված ընկերությանը դիմել են այգու 4-րդ հատվածի վերակառուցման առաջարկով: Բայց սա ամենը չէ՝ Աննա Սալոմեն հակասել է նաեւ ինքն իրեն՝ մի կողմից խոսել է այն մասին, որ համայնքը 8 ամիս առաջ է դիմել, մյուս կողմից նշել, որ նախագիծն է պատրաստ եղել մոտ 8 ամիս առաջ։

Կոռուպցիոն որակված գործարքի հորձանուտում

Թենիսի կորտերը Երեւանում ունեն իրենց ավանդույթները, տասնամյակների պատմություն ու այն քանդելու քաղաքային իշխանության նախաձեռնությունն ամենեւին չողջունվեց երեւանցիների կողմից։ Ինչպես են այգին վերադարձնում իրենց, երբ քանդում են գեղեցիկ ավանդույթներից մեկը հարցի պատասխանն Ավինյանը չուներ ու շտապեց սրբագրել իր խոսքերը։ 15.01.2024 տեղի ունեցած գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետը կրկին անդրադարձավ օղակաձեւ այգուն՝ կատարելով մասնակի հետքայլ, թե դա թենիսի ակումբի քանդման ծրագիր չի, այն անպայման պետք է վերակառուցվի։ Ավելին՝ Ավինյանը նաեւ հայտարարեց, թե «վերակառուցված ակումբը» պարտադիր պետք է հասանելի լինի բոլոր մարզիկներին, մարզիչներին։ Իսկ արդյոք ներկայումս այն հասանելի չէ՞, որն է եղել պատճառը, եթե հասանելի չի եղել։ Այս հարցերի պատասխանը եւս Ավինյանը չի հանրայնացրել։ Բայց այն, որ քաղաքային իշխանությունը գնում է ոչ թե վարձակալության պայմանագիրը չեղարկելու, այլ «հանրային գերակա շահը» մանիպուլացնելով տարածքը խլելու ճանապարհով, վկայում է, որ քաղաքապետարանը որեւէ փաստ չունի ներկայիս վարձակալի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Իսկ մնացածը ընդամենը խոսքերի շարան է՝ առերեւույթ կոռուպցիոն պայմանավորվածությունները քողարկելու համար։ Ի դեպ, «Փաստինֆո»-ն նյութում բարձրացված մի շարք հարցադրումների վերաբերյալ փորձել է ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանի արձագանքը, բայց նյութի հրապարակման ժամանակ պատասխան դեռեւս չէր ստացվել։

«Հովիկ Աբրահամյան -2» օպերացիա կամ ինչպես են փորձում խլել արգելանքի տակ գտնվող գույքը

Օղակաձև այգում տեղակայված տարածքը, որն այսօր փորձում են խլել, ինչպես նշեցինք, վարձակալության է տրված դեռևս 2002 թվականի, մյուս մասն էլ՝ 2013թ․-ից՝ «Գեյմ-Սերվիս» (GAME-SERVICE CJSC) ընկերությանը, որի սեփականատերը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանի որդին է։ 2024 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Սամվել Սանամյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքը եւ նրան, կնոջը, որդիներին, հարսներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում: Իսկ 2024 թվականին դեկտեմբերին արդեն գույքի բռնագանձման հայց է ներկայացվել դատարան։ Նշված գործի շրջանակներում Սանամյանների ընտանիքին պատկանող գույքի, այդ թվում՝ օղակաձեւ այգում գտնվող նշված հողատարածքի նկատմամբ արգելանք է դրվել։

Այսինքն՝ քաղաքապետարանը կառավարությանը դրդում է գերակա հանրային շահ ճանաչել կալանքի տակ գտնվող գույքը, մինչդեռ օրենսդրությունն արգելում է ցանկացած գործարք՝ կալանքի տակ գտնվող գույքի հետ։ Կամ էլ պետք է դատախազությանը եւս մեղսակից դարձնեն իրենց ստվերային պայմանավորվածություններին, որ նախ արգելանքից հանեն, հետո գերակա շահ ճանաչեն ու հանձնեն «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) բաժնետիրոջը։ Ապօրինությունների մի ամբողջ շղթա հանուն ինչի՞։ Առավել եւս, երբ, ինչպես նշեցինք, հայց կա դատարանում, եթե դատախազությունը վստահ է, որ տեղի են ունեցել ապօրինի գործարքներ ու դրա արդյունքում է «Գեյմ-Սերվիս» (GAME-SERVICE CJSC) ընկերությունը իրավունք ձեռք բերել նշված տարածքի նկատմամբ, ապա ինչու քաղաքային իշխանությունը չի սպասում դատական վեճի ավարտին եւ դատախազության հաղթելու դեպքում, եթե իհարկե, հաղթեն, առանց գերակա շահ ճանաչելու հողատարածքը կկարողանա տնօրինել։ Բայց ոչ, Ավինյանը որոշել է, որ հենց հիմա, ինչ գնով էլ լինի Օղակաձեւ այգու 4-րդ հատվածը պետք է խլի օրինական վարձակալից՝ հանուն Մարիետա Գեւորկյանի ընկերության, իսկ ո՞րն է վերջինիս շահը, որը պատրաստ է մաս կազմել նման անօրինական գործարքների։ Ի վերջո այս գործերը կարող են հասնել մինչեւ միջազգային դատական ատյաններ, առավել եւս արդեն իսկ քաղաքային իշխանությունը, նաեւ Կենտրոն վարչական շրջանը թույլ են տվել կոպտագույն խախտումներ ու կարեւոր հաղթաթղթեր հանձնել «Գեյմ-Սերվիս» (GAME-SERVICE CJSC) ընկերությանը՝ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) ընկերությանը դրդելով ապօրինության։ Դրա կարեւոր վկայություններից մեկն էլ՝ վերջինիս նախաձեռնությամբ «Գեյմ-Սերվիս» (GAME-SERVICE CJSC) ընկերության տարածքում իրականացված ապօրինի առեւտրային գործունեությունն է՝ առանց օրինական սեփականատիրոջ գիտության ու թույլտվության։

www.pastinfo.am

77 հազար դոլար՝ Մհեր Գրիգորյանի պատվիրակության փոխադրման համար

Մարտի 18-ին վարչապետ Փաշինյանը որոշում է կայացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Ղազախստան (ք. Շիմքենդ) պատվիրակություն գործուղելու մասին: Սուքիասյանների ընկերությունը պարտավորվել է բիզնես դասի Gulfstream G450-ով 7 հոգու Երեւանից տեղափոխել Շիմքենդ, այնտեղից էլ՝ Երեւան: Պայմանագրի գինը 28.600.000 դրամ է (ներառում է հարկերն ու տուրքերը), որը ԿԲ ներկա փոխարժեքով հավասար է մոտ 77 հազ. դոլարի:

Կարդալ ավելին

Բիզնես խլելու օպերացիա՝ քաղաքային իշխանության ակտիվ մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանի կողմից Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչելու և Թենիսի կորտերը սրճարաններով փոխարինելու քաղաքային իշխանության նախաձեռնողականությանը բիզնես խլելու օպերացիա է հիշեցնում։ Ընդ որում, Երեւանի քաղաքապետը անձնական նախաձեռնողականություն է ցուցաբերում այգու նշված տարածքը «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) հիմնական բաժնետիրոջը հանձնելու հարցում, այն էլ՝ սրճարաններ կառուցելու թույլտվությամբ։

Կարդալ ավելին

Վարձավճարի փոխհատուցում և սոցիալական հակադրություն. ինչպես է Փաշինյանի իշխանությունը բաշխում բյուջետային միջոցները

Հայաստանում վերջնականապես ձևավորվել է նոր սոցիալական պայմանագիր. իշխանությունը տնօրինում է ռեսուրսներն իր հայեցողությամբ, իսկ քաղաքացիները ստիպված են լսել բացատրություններ, թե ինչու են իրենք աղքատ և զրկված աջակցությունից։ Մինչ բնակչությանը պարզաբանում են բյուջեի սահմանափակումները, իշխանության կաբինետներում և միջանցքներում հանգիստ բաշխվում են միլիոնավոր դրամներ։

Կարդալ ավելին

Hetq.am։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների

Բադալյանն ու նրա կինը ձեռք են բերել բնակելի տուն Մերիսվիլ քաղաքում՝ 584,950 դոլար արժողությամբ։ Գործարքը կատարվել է Lennar Northwest Inc. ընկերության հետ, որը պատկանում է Lennar Corporation-ին։

Կարդալ ավելին

Հայաստանի բյուջեն՝ որպես «թավշյա» իշխանության մասնավոր դրամարկղ. Լուկաս Լեյրոսի հետաքննությունը

Գոյություն ունի մի անփոփոխ օրինաչափություն. որքան բարձր են գոռում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այնքան ավելի ուշադիր պետք է հետևել, թե ով և ինչպես է տնօրինում փողերը։ Քանի որ փորձը ցույց է տալիս՝ կարգախոսները հազվադեպ են համընկնում իրականության հետ, իսկ երբեմն էլ ծառայում են որպես դրա ուղղակի քողարկում։ Հայաստանի պատմությունը 2018 թվականից հետո հենց այս շարքից է։ Բրազիլացի լրագրող Լուկաս Լեյրոսի 2026 թվականի ապրիլի 13-ի հրապարակումն այս առումով ոչ այնքան սենսացիա է, որքան առիթ՝ տեղի ունեցողին առանց հեղափոխական ռոմանտիզմի նայելու համար։ Նրա նյութում խոսքը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի շուրջ ձևավորված մի համակարգի մասին է, որը, եթե հավատանք բերված տվյալներին և աղբյուրների վկայություններին, բավականին արդյունավետ կերպով «յուրացնում է» պետական ռեսուրսները։

Կարդալ ավելին

Կոնտակտային տվյալներ

Համագործակցության վերաբերյալ հարցերի և կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով տրամադրված կոնտակտային տվյալները։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև