COP17-ի կանաչ ցուցափեղկը և իրական Հայաստանը

Հայաստանը հյուրընկալում է բնապահպանական միջազգային համաժողով, մինչդեռ Ամուլսարում բացվել է ոսկու հանքը, Երևանը խեղդվում է փոշու մեջ, Սևանը շարունակում է աղտոտվել, իսկ ջրային համակարգի կառավարումն իշխանությունն ինքն է բնութագրում որպես ճգնաժամային։ 168 TV-ի «Երկու ճակատ» փոդքասթի 163-րդ թողարկման ընթացքում Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը բացահայտել են այս հակասության քաղաքական ու ֆինանսական կողմը՝ հարց բարձրացնելով, թե ինչի՞ վրա է ծախսվում պետական փողը, և ո՞վ է պատասխան տալու տարիներով կուտակված բնապահպանական վնասների համար։
Ամուլսարի հանքի գործարկումը դարձավ հաղորդման գլխավոր թեման։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները խոսում էին մետաղական հանքարդյունաբերության ռիսկերը վերանայելու անհրաժեշտության մասին։ Իսկ հոկտեմբերի 10-ին Փաշինյանը մասնակցեց Ամուլսարի հանքի բացման արարողությանը։ Այն նույն նախագծի, որի դեմ ժամանակին բողոքի շարժում էր ծավալվել, իսկ բնապահպանական ռիսկերի շուրջ հարցերը լուծված չէին համարում բազմաթիվ քաղաքացիներ։
Ղազարյանը ուշադրություն է հրավիրել ցիանիդի բաց ռեզերվուարի, երկրաշարժերի և հեղեղումների հնարավոր հետևանքների վրա՝ մատնանշելով նաև Ջերմուկի մերձակայքում հանքի գտնվելու հանգամանքը։ Եթե հանքի անվտանգությունը լիովին ապահովված է, իշխանությունը պարտավոր է դա ապացուցել անկախ փորձագիտական գնահատականներով և մշտադիտարկման հրապարակային տվյալներով։
Հաղորդման ընթացքում հարցեր են բարձրացվել նաև Գնել Սանոսյանի նշանակման վերաբերյալ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարարը «Լիդիան Արմենիա» ընկերությունում դարձել է կառավարության ներկայացուցիչ և տնօրենների խորհրդի անդամ։ Ղազարյանը վկայակոչել է ընկերությունից ստացված 56 միլիոն դրամ եկամուտը և կասկածի տակ դրել այդ վճարումների հիմնավորվածությունը։ Ի՞նչ գործառույթներ է իրականացնում կառավարության ներկայացուցիչը, ինչպե՞ս է պաշտպանում պետության շահը և ինչպե՞ս է հաշվետու հանրությանը։ Հաղորդման մեջ հնչել են նաև աշխատակիցների քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացնելու մեղադրանքներ, որոնք պահանջում են առանձին ստուգում։
Միաժամանակ Երևանում կառուցապատումը շարունակվում է, օդի աղտոտվածությունը մնում է չլուծված խնդիր, իսկ Սևանի պահպանության մասին տարիների խոստումները դեռ չեն վերացրել կեղտաջրերի մաքրման և լճի էկոհամակարգի պաշտպանության մտահոգությունները։ Սյունիքի Ծավ գյուղում ջրի նմուշներում սնդիկի թույլատրելի շեմի գերազանցման մասին տեղեկությունն էլ ցույց է տալիս, թե ինչ գին կարող է ունենալ ջրի անվտանգության նկատմամբ անբավարար վերահսկողությունը։ Մինչդեռ իշխանությունը չի կարող բնապահպանական պատասխանատվությունը փոխարինել ծառատունկի մասին հայտարարություններով կամ միջազգային հյուրերի առաջ գեղեցիկ պատկեր ստեղծելով։
Այս ֆոնին առանձնապես անհարմար է հնչում COP17-ի կազմակերպման ծախսերի հարցը։ Հաղորդման հեղինակների ներկայացմամբ՝ համաժողովի նախապատրաստման ու անցկացման համար ծախսերը գերազանցում են 25 միլիոն դոլարը։ Հոկտեմբերի 8-ին կառավարությունը պահուստային ֆոնդից ևս 7.6 միլիարդ դրամ է հատկացրել միջոցառման տարածքի ենթակառուցվածքներին։ Ղազարյանն ու Սարգսյանը կասկածի տակ են դրել մի շարք գնումների գները, վարձակալության պայմանագրերի հիմնավորվածությունն ու գումարների ծախսման ընթացակարգերը։
Մանրամասները դիտեք 168․am-ի տեսանյութում․