Յոթ անշարժ գույք, տասնյակ միլիոնների գործարքներ և նոր պաշտոն․ Հրաչյա Հակոբյանի պատմությունը

«Հրապարակը» գրում է, որ Հակոբյանը նշանակվել է «Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։ Ակումբից հայտնել են, որ նա համակարգելու է «Նոա Պարկի» աշխատանքների մի ուղղությունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է անելու։ Խոսքը 23,8 հեկտար տարածքում կառուցվող մարզահամալիրի մասին է, որի ներդրումային ծրագիրը՝ շուրջ 7,2 միլիարդ դրամ արժեքով, 2025 թվականին հավանության է արժանացել կառավարության կողմից։ «Նոան» հողատարածքը գնել է 688 միլիոն դրամով՝ Վաղարշապատ համայնքին նվիրաբերելով ևս 312 միլիոն դրամ։

Այսպիսի նախագծում խորհրդականի պաշտոն ստանալու համար, բնականաբար, որոշակի կարողություններ են պետք։ Հակոբյանի դեպքում դրանք տեսանելի չեն։ Նրա կենսագրության մեջ դժվար է գտնել խոշոր շինարարական ծրագրերի կառավարման կամ մարզական ենթակառուցվածքների զարգացման փորձ։ Փոխարենը նրա կարիերայի ամենահայտնի առանձնահատկությունը վարչապետի ընտանիքի հետ ունեցած կապն է։

Ուրեմն՝ ինչո՞ւ հենց Հրաչ Հակոբյանը։ Ի՞նչ է նա տալու «Նոա»-ին, և ինչո՞ւ է նրա նշանակման մասին պատմող պաշտոնական բացատրությունը սահմանափակվում աշխատանքների անորոշ մի ուղղությունը համակարգելու ձևակերպմամբ։

Այս հարցերը առավել հետաքրիր են դառնում, երբ հաշվի ենք առնում, որ ծրագրի իրականացումը ենթադրում է պետական ու համայնքային մարմինների հետ շարունակական աշխատանք, համաձայնեցումներ և շինարարական թույլտվություններ։ Այդ պայմաններում վարչապետի ընտանիքի անդամի ներգրավումը կարող է ներդրողի համար իշխանության հետ կապի ապահովագրության դեր ունենալ։

Այս նշանակման ամենահետաքրքիր դրվագը ժամանակագրությունն է։

2025 թվականի սեպտեմբերի 18-ին Փաշինյանի ղեկավարած կառավարությունը հավանություն տվեց «Նոա Պարկի»՝ ավելի քան 7 միլիարդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրին և որոշում ընդունեց 23,8 հեկտար հողատարածքը «Նոա»-ին վաճառելու մասին։

Երկուսուկես ամիս անց՝ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին, Հրաչյա Հակոբյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Նա պատճառաբանեց, թե ցանկանում է մի փոքր դադար վերցնել ակտիվ քաղաքականությունից։ Ավելին՝ լրագրողների հարցին, թե ինչով է զբաղվելու, պատասխանեց, որ դեռ չի մտածել այդ մասին։ Փաշինյանի հետ որոշումը քննարկել էր, և վարչապետը, նրա խոսքով, նորմալ էր արձագանքել։ Հակոբյանը նաև վստահեցրել էր, որ իր հետագա աշխատանքի վերաբերյալ քննարկումներ չեն եղել։

Իսկ 2026 թվականի հոկտեմբերին նա հայտնվեց հենց այդ ներդրումային ծրագրում՝ որպես «Նոա»-ի նախագահի խորհրդական։

Կարելի՞ է ենթադրել, որ մանդատից հրաժարվելու որոշման հետևում արդեն այս աշխատանքի հեռանկարն էր, իսկ պատգամավորական կարգավիճակը պարզապես ավելորդ խոչընդոտ էր դառնալու։ Կատարվածի հաջորդականությունը նման հարցն ինքնին անխուսափելի է դարձնում։

Ժամանակակից Հայաստանում ահա այսպես են կոռուպցիոն ռիսկերը թաքցնում օրինական պայմանագրերի ու պաշտոնական աշխատավարձերի հետևում։ Այլևս պետք չէ ծրարով փող փոխանցել, եթե իշխանության մերձավորին կարելի է խորհրդականի պաշտոն տալ, իսկ նրա կապերն օգտագործել որպես ներդրումային ծրագրի առավելություն։ Աշխատավարձը փաստաթղթերում մաքուր թիվ կլինի, պայմանագիրը՝ օրինական, իսկ իրական փոխշահավետությունը կմնա կուլիսներում։ Փաստացի, մենք ականատես ենք լինում հին արատավոր մեխանիզմների նոր, ավելի կոկիկ փաթեթավորմանը։

Հրաչյա Հակոբյանը ժամանակին վստահեցնում էր, որ իր կարիերայում «խնամի-ծանոթ-բարեկամ» գործոնը «գրեթե զրոյի է հասցված»։

Այսօր մենք տեսնում ենք այդ խոսքերի իրական արժեքը։

Հակոբյանի եկամուտների և հայտարարագրերի շուրջ նախկինում էլ հարցեր էին առաջանում։ 2018 թվականին, պատգամավորի պաշտոնը ստանձնելու պահին, նա հայտարարագրել էր մեկ հողամաս, երկու բնակարան, երկու ավտոմեքենա՝ BMW X5 և Isuzu Axiom, ինչպես նաև ներդրում «Array» ընկերությունում։ Այդ օրվա դրությամբ դրամական միջոցներ և եկամուտներ չէր հայտարարագրել։ Այսինքն՝ խորհրդարան էր մտնում երկու անշարժ գույք և երկու մեքենա ունեցող մարդ, բայց առանց հայտարարագրված կանխիկ կամ բանկային միջոցների ու ընթացիկ եկամուտների։

Հետագա տարիներին պատկերը փոխվեց։ 2018 թվականի տարեկան հայտարարագրի վերաբերյալ հրապարակման համաձայն՝ Հակոբյանը վաճառել էր երկու ավտոմեքենաները և ձեռք բերել 2,8 միլիոն դրամ արժողությամբ Hyundai Sonata։ 2018 թվականի եկամուտները կազմել էին շուրջ 8,5 միլիոն դրամ, որից 4,5 միլիոնը՝ աշխատավարձ, մնացածը՝ մեքենաների վաճառքից ստացված գումար։ 2020 թվականին նա հայտարարագրել էր Ձորաղբյուրում 12,5 միլիոն դրամով ձեռք բերված առանձնատուն, իսկ 2021-ին՝ նույն վայրում 6,2 միլիոն դրամ արժողությամբ ամառանոց։

Իսկ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու պահին՝ 2026 թվականի օգոստոսին, Հակոբյանի հայտարարագրում արդեն յոթ անշարժ գույք էր՝ վեցը միանձնյա սեփականությամբ, 2021 թվականի արտադրության Volvo, բանկային հաշիվներին՝ 8,4 միլիոն դրամ, կանխիկ՝ 800 հազար դրամ։ 2025 թվականի ապրիլի 10-ին նա Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ձեռք է բերել պարտատոմսեր՝ 20 միլիոն 222 հազար 380 դրամ արժողությամբ։, իսկ «Կապիտալ Բիլդ» ընկերությանը տրամադրած փոխառությունը կազմել էր 44,12 միլիոն դրամ։ Հայտարարագրված եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել էին ավելի քան 10,4 միլիոն դրամ։

Ուշադրություն դարձրեք տարբերությանը։ Պաշտոնը ստանձնելիս՝ ուներ երկու անշարժ գույք, բայց դրամական միջոցներ և եկամուտներ չէր հայտարարագրել։ Պատգամավորական կարիերայի ավարտին արդեն հայտարարագրում էր յոթ անշարժ գույք, միլիոնավոր դրամների բանկային միջոցներ, պարտատոմսեր և տասնյակ միլիոնների փոխառություն։ Այս ամենից տրամաբանական հարց է բխում․ ինչպե՞ս են տարիների ընթացքում ձևավորվել նրա ֆինանսական հնարավորությունները, և արդյոք ներկայացված եկամուտներն ամբողջությամբ բացատրում են հայտարարագրված ունեցվածքն ու խոշոր գործարքները։

Այստեղ էլ «խնամի-ծանոթ-բարեկամի» թեման ստանում է շատ ավելի առարկայական բովանդակություն։ Հակոբյանը ժամանակին պնդում էր, թե այդ գործոնը իր կարիերայում գրեթե զրոյի է հասցված։ Բայց նրա քաղաքական վերելքը համընկավ քրոջ ամուսնու իշխանության գալու հետ, իսկ պատգամավորական մանդատից հետո նա հայտնվեց բազմամիլիարդանոց «Նոա Պարկի» նախագծում։

«Խնամի-ծանոթ-բարեկամի»կարող է հայտարարագրում առանձին տողով չերևալ, բայց դա դեռ չի նշանակում, որ այն չի բացում դռներ, որոնցից մյուսները ներս մտնելու հնարավորություն չունեն։

Յոթ անշարժ գույք, տասնյակ միլիոնների գործարքներ և նոր պաշտոն․ Հրաչյա Հակոբյանի պատմությունը

«Հրապարակը» գրում է, որ Հակոբյանը նշանակվել է «Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։ Ակումբից հայտնել են, որ նա համակարգելու է «Նոա Պարկի» աշխատանքների մի ուղղությունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է անելու։

Կարդալ ավելին

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև