"Թավշյա հեղափոխությունից" դեպի խնամի-ծանոթ-բարեկամ հանրապետություն

2018 թվականին, երբ փողոցային աղմուկը փաթեթավորվեց «ժողովրդական հաղթանակ» անունով և իշխանության դուռը Սերժ Սարգսյանը լայն բացեց Նիկոլ Փաշինյանի ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կոչված խմբակի առաջ, հազարավոր միամիտ մարդիկ հավատացին, թե եկել է այն ժամանակը, երբ վերջապես պետությունը պիտի ծառայի հասարակ քաղաքացուն։ Փաշինյանը հրապարակներում խոստանում էր արդարություն, հավասարություն, աղքատության վերացում, արտոնյալների վերջ, խնամի-ծանոթ-բարեկամ համակարգի մերժում։ Մարդկանց համոզում էր, թե այսուհետ պաշտոնը չի տրվելու ո՛չ ընկերոջը, ո՛չ ազգականին, ո՛չ կնոջը, ո՛չ ամուսնուն, այլ միայն արժանավորին։ Բայց, ինչպես ասում են, հեղափոխական բեմադրության վարագույրը իջնելուց հետո շարունակվեց «յուրայիններին տեղավորելու» քրոնիկ, մաշված, բայց չափազանց եկամտաբեր նախկին անփառունակ իրականությունը։

Հիշո՞ւմ եք, թե ինչպես այս տարվա ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների առաջ հայտարարում էր, թե ութ տարի վարչապետ է, և իր որևէ ծանոթ կամ բարեկամ այդ հանգամանքի շնորհիվ ո՛չ դպրոցի տնօրեն է դարձել, ո՛չ մանկապարտեզի վարիչ։ Լսողը կարող էր նույնիսկ հուզվել այդ անմեղությունից։ Կարելի էր կարծել, թե կառավարական շենքում նստած է մի ասկետ, որ սեփական շրջապատին պետական կերակրատաշտից մի փշուր անգամ չի տվել։ Բայց այստեղ մի փոքրիկ հարց է առաջանում. իսկ ո՞վ ասաց, որ Փաշինյանի մերձավորներին դպրոցի տնօրենի համեստ աթոռն էր հետաքրքրում։ Երբ ամբողջ նախարարություններ, պետական հիմնադրամներ, պատգամավորական մանդատներ, փոխնախարարական աթոռներ, վարչական շրջաններ, պետական ընկերությունների տնօրինություններ կային բաժանելու, ո՞ր խելամիտ բարեկամը պիտի բավարարվեր մանկապարտեզի հաշվապահությամբ։

Փաշինյանը մեկ այլ առիթով ուղիղ եթերում ինքնագոհ բացատրում էր, թե արդյունավետ իշխանությունը նա է, որը կարողանում է սահմանափակել ընկերներին, բարեկամներին, մերձավորներին, և վստահեցնում էր, որ իրենք հենց այդպես էլ վարվել են։ Ցավոք, իրականությունը կրկին ապացուցում է հակառակը։ Այսօր պետական կառույցների մեջ նայեք որտեղ ուզում եք՝ կառավարություն, Ազգային ժողով, մարզպետարան, քաղաքապետարան, պետական հիմնադրամ, կիսապետական ընկերություն, դեսպանատուն, խորհրդականի գրասենյակ՝ ամենուր կտեսնեք «հեղափոխական» առանցքային դեմքերի տոհմագրության ճյուղերը։ Այնպիսի տպավորություն է, որ 2018-ի ապրիլից հետո ոչ թե իշխանափոխություն եղավ, այլ մեկ մեծ ընտանեկան զբաղվածության կենտրոն բացվեց, որտեղ աշխատանքի ընդունվելու հիմնական չափանիշը եղել է՝ «մերոնքականություն»։

Այս ցուցակի գլխին, բնականաբար, կանգնած է վարչապետի ընտանիքը։ Պետական որևէ կարգավիճակ չունեցող, բայց պետական բոլոր արտոնություններից օգտվող Աննա Հակոբյանը դարձավ իշխանության ոչ պաշտոնական, բայց չափազանց ազդեցիկ բևեռը։ Կառավարական տուն, պատվիրակություններ, արտասահմանյան ուղևորություններ, պետական միջոցներով սպասարկում՝ ամեն ինչ մատուցվեց այնպես, կարծես խոսքը ընտրված պաշտոնյայի մասին է։ 

Հետո հրապարակ եկան Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը և եղբորորդի Սիփան Փաշինյանը՝ երկուսն էլ պատգամավորական մանդատներով։ Այսինքն՝ դեռ հեղափոխության փոշին չնստած՝ «ժողովրդական իշխանությունը» վերածվեց ընտանեկան փակ բաժնետիրական ընկերության։

Բայց սա միայն սկիզբն էր։ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը հասավ ոստիկանության համակարգի բարձունքներին։ Մյուս մանկության ընկերը՝ Հայկ Ղալումյանը, հայտնվեց Իջևանի ղեկավարի պաշտոնակատարի աթոռին։ Նրա եղբայրը՝ Վահե Ղալումյանը, պատգամավոր դարձավ։ Դասընկերուհին՝ Մանե Ղազումյանը, պաշտոն ստացավ Տավուշի մարզային կրթական համակարգում։ Ընկեր Զարեհ Սարգսյանի որդիներից մեկը հայտնվեց վարչապետի աշխատակազմում, մյուսը՝ խորհրդարանում։ Փաշինյանի մտերիմ Հայկակ Արշամյանը նստեց համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի աթոռին։ Այս բոլորը պատահական զուգադիպությո՞ւն են։ Եթե այո, ապա աշխարհում պատահականությունների ամենախիտ տեղը հենց Փաշինյանի իշխանությունն է։

Առանձին պատմություն է Աննա Հակոբյանի ընկերուհիների և «Հայկական ժամանակի» խմբագրական միջավայրի վերելքը։ Վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը միանգամից դառնում է վարչապետի օգնական, որպեսզի արտասահմանյան ուղևորություններին տիկնոջ սպասարկումն ապահովի։ Մյուս ընկերուհին՝ Լուսինե Բարսեղյանը, տեղավորվում է Ազգային ժողովի նախագահի աշխատակազմում։ «Հայկական ժամանակից» մի քանի դեմքեր պատգամավորական մանդատներ են ստանում՝ կարծես լրատվական խմբագրատունը վերածվել էր խորհրդարանական կադրերի դարբնոցի։

Եթե անցնենք արդեն ՔՊ խմբակցության ներսում ընտանեկան պաշտոնաբաշխությանը, պատկերը դառնում է նույնիսկ ավելի խոսուն։ Նարեկ Բաբայանը նախ զբաղեցնում է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, ապա դառնում պատգամավոր, իսկ նրա կինը՝ Լենա Նազարյանը, Ազգային ժողովի փոխնախագահ։ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, նշանակվում է «Հայփոստի» ղեկավար։ Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, ստանում է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի պաշտոնը, իսկ նույն պատգամավորի ազգական Ռուբեն Բանուչյանը դառնում է նրա օգնական։ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, նախ աշխատում է արտաքին գործերի համակարգում որպես նախարարի խորհրդական, հետո դառնում է բարձրաստիճան քաղաքական միջավայրի անբաժանելի մաս։ Իսկ ամենաթարմ ու խոսուն օրինակներից մեկը՝ Արարատ Միրզոյանի կինը Գոհար Աբաջյանը, հայտնվում է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումային կենտրոնի ղեկավարի պաշտոնում։ Այս ամենից հետո դեռ պետք է հավատա՞նք, որ բարեկամները սահմանափակվել են։

Երևանի քաղաքապետարանը ևս անմասն չմնաց այս խրախճանքից։ Հայկ Մարությանի մանկության ընկերները, քավոր-սանիկական շրջապատը, հին ծանոթները հերթով ստացան վարչական ու ուժային պաշտոններ։ Առողջապահության, արդարադատության, սոցիալական, կրթության նախարարություններում նույն պատկերն էր՝ համակուրսեցիներ, ընկերներ, ՀԿ-ական ծանոթներ, հովանավորյալներ։ Արարատի մարզպետարանում Գարիկ Սարգսյանի ազգականների ու բարեկամների մի ամբողջ ընտանեկան ծառ կարելի էր կազմել՝ զարմիկից մինչև քրոջ ամուսին։ Սա արդեն ոչ թե պետական կառավարում էր, այլ բարեկամական զբաղվածության հանրապետական ծրագիր։

Ահա այստեղ է, որ Փաշինյանի բոլոր հրապարակային հավաստիացումները դառնում են դատարկ խոսքեր և բացահայտ սուտ։ Ոչ ոք չի ասում, թե նրա բարեկամը դպրոցի տնօրեն է դարձել։ Ո՛չ, պարոն վարչապետ, նրանք շատ ավելի լավն են դարձել՝ պատգամավոր, հիմնադրամի տնօրեն, նախարարի խորհրդական, պետական ընկերության ղեկավար, վարչական շրջանի պետ, փոխնախարար, աշխատակազմի պաշտոնյա։ Ձեր խոսքի մեջ միայն մի ճշմարտություն կար՝ դպրոցի տնօրենի պաշտոն իսկապես չեն ստացել, որովհետև նրանց համար ավելի բարձր դռներ էին բացված։

Հեղափոխության անունով իշխանության եկած խումբը պետությունը վերածեց խնամի-ծանոթ-բարեկամների աշխատանքի տեղավորման բորսայի։ Ժողովուրդը շարունակում է հաշվել թանկացած հացի, գազի, հարկերի ու վարկերի թվերը, իսկ «ժողովրդի իշխանությունը» հաշվում է, թե հերթական որ կնոջը, ամուսնուն, ընկերոջը կամ սանիկին որտեղ կարելի է տեղավորել։

Ահա սա է ամբողջ ճշմարտությունը, որքան էլ այն փորձեն ծածկել բարձրագոչ ճառերով։

«Հետք»․ 167 մլն դրամ՝ պարապուրդի համար․ որքան են արժենում դատավորների ձգձգվող քրեական գործերը

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ 2020 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսի 18-ը պետական բյուջեից մոտ 167 մլն դրամ է վճարվել լիազորությունները կասեցված վեց դատավորի՝ որպես ոչ իրենց մեղքով հարկադիր պարապուրդի փոխհատուցում։ Խոսքը Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Տիգրան Փոլադյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է։

Կարդալ ավելին

"Հրապարակ". Երբ փող է պետք՝ հիշում են Սաշիկին

ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, ժամանակ առ ժամանակ հայտնվում է քրեական քրոնիկոնում․ որոշակի գումարներ է վճարում, վնասը փոխհատուցում ու կրկին անհետանում տեսադաշտից։

Կարդալ ավելին

Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ջրային կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել ֆիզիկական անձի` Նազիկ Սահակյանի հետ` խորհրդատվական ծառայություն ստանալու նպատակով։ Այս պայմանագիրը կնքվել էր ապրիլի 6-ին, իսկ պայմանագրով պետբյուջեից Սահակյանին հատկացվելու էր 6 մլն 869 հազար 750 դրամ, որը վճարվելու էր փուլային եղանակով։

Կարդալ ավելին

Բորիս Մուրազի. Որոտանի կասկադը, կամ չկտրված պորտալարը

Մեզանում վաղուց ձևավորված և տասնամյակների փորձություն անցած մի ավանդույթ կա՝ բարձրաձայն բացահայտել, իսկ հետո՝ լուռ մոռացության մատնել։ Սկանդալ՝ և լռություն, հայտարարություն՝ և տարակուսած լռություն, հարց՝ և հայացքը մի կողմ թեքել։ Խոստովանենք՝ գրեթե ընտելացել ենք այն մտքին, որ անհարմար թեմաների ճակատագիրը, երևի, հենց այդպիսին է․ դրանք ծանր քարերի պես նստում են մեր հասարակական կյանքի հատակին ու տարիներով մնում այնտեղ, մինչև ինչ-որ մեկը՝ միամիտ կամ հուսահատ, փորձի դրանք ջրի երես հանել։ Եվ ահա մեկը փորձեց։ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին «Հարցազրույց» հաղորդման ընթացքում խոսեց մի գործի մասին, որի մասին Հայաստանի իշխանությունները, կարծես թե, գերադասում են ընդհանրապես չհիշել։ Խոսքը Որոտանի կասկադի մասին է։

Կարդալ ավելին

Միքայել Մինասյան․ հեռակա դատավճիռը՝ որպես Հայաստանի պետական համակարգի հայելի

2024 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանի դատարանը որոշում կայացրեց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու մասին։ Առիթը առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներն Էին։ Սակայն իրավական չոր ձևակերպումների հետևում թաքնված է սխեմա, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել 2000-ականների վերջի և 2010-ականների սկզբի Հայաստանի իշխանության գործելակերպի մեխանիզմների մասին։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև