Ութ տարվա խոստումներ, զրո պատասխանատվություն և նոր նախընտրական բեմադրություն

Հայաստանի իշխանությունները հերթական անգամ փորձում են հանրությանը մատուցել «պայքար կոռուպցիայի դեմ» ներկայացման նոր սերիան։ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Գնումների մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն պետական գնումներին այլևս չեն կարող մասնակցել այն ընկերությունները, որոնց հիմնադիրները կամ ղեկավարները նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, ինչպես նաև պետական գնումների ոլորտը վերահսկող բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր ազգականներն են։ Նույն սահմանափակումները տարածվում են նաև գերատեսչությունների և համայնքային կառույցների ղեկավարների հարազատների վրա։

Առաջին հայացքից՝ ամեն ինչ գեղեցիկ է։ Իշխանությունը փորձում է ներկայանալ որպես անզիջում բարեփոխիչ ուժ, որը վերջապես որոշել է կտրել կոռուպցիոն կապերի, ընտանեկան հովանավորչության և պետական ռեսուրսների յուրացման «գորդյան հանգույցը»։ Հանրությանը կրկին առաջարկվում է հավատալ, թե ութ տարի անց իշխանությունները հանկարծ հայտնաբերել են, որ պետական գնումների համակարգում գոյություն ունի խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատող մեխանիզմ։

Բայց այստեղ առաջանում է ամենապարզ և ամենաանհարմար հարցը․ իսկ ինչո՞ւ այս ամենը չէր արվում 2018 թվականին։ Ի՞նչն էր խանգարում «թավշյա հեղափոխության» օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փողոցներում երդվում էին կառուցել արդար պետություն, հենց սկզբից նման սահմանափակումներ մտցնել։ Եթե իշխանությունը իսկապես եկել էր համակարգը մաքրելու, ապա ինչո՞ւ ութ տարի շարունակ ոչ միայն չվերացվեցին այդ մեխանիզմները, այլ ընդհակառակը՝ դրանք հասցվեցին աննախադեպ մասշտաբների։

Իրականությունն այն է, որ այս տարիներին Հայաստանում ձևավորվեց ոչ թե իրավական և մրցակցային պետություն, այլ յուրայինների փակ համակարգ։ Այն, ինչ նախկինում քննադատվում էր որպես «օլիգարխիկ կոռուպցիա», այսօր վերածվել է իշխանական հովանավորչության նոր մոդելի՝ ավելի ցինիկ, ավելի բաց և հաճախ նույնիսկ չթաքցվող ձևերով։ Պետական գնումների համակարգը դարձավ իշխանությանը մոտ կանգնած շրջանակների հարստացման գլխավոր գործիքներից մեկը։

Ավելին, հենց Փաշինյանի կառավարման տարիներին պետական գնումների ծավալները իշխանության հետ փոխկապակցված անձանց շրջանում գերազանցեցին նախկին բոլոր ժամանակաշրջանների ցուցանիշները։ Նախկին իշխանությունների օրոք անգամ դժվար էր պատկերացնել այնպիսի մասշտաբի մեկ անձից գնումներ, ինչպիսիք այսօր դարձել են գրեթե սովորական երևույթ։ Հարյուրավոր միլիոնների, երբեմն միլիարդների պայմանագրեր են կնքվել առանց իրական մրցակցության, նույն ընկերությունների, նույն շրջանակների և նույն մարդկանց միջև։

Եվ ահա հիմա, երբ իշխանության վարկանիշը անկում է ապրում, սոցիալական դժգոհությունը խորանում է, իսկ առաջիկա քաղաքական գործընթացների ստվերը գնալով տեսանելի է դառնում, հանկարծ հիշեցին «բարեփոխումների» մասին։ Հասարակությանը կրկին առաջարկվում է հավատալ հերթական գեղեցիկ կարգախոսին՝ իբր իշխանությունը պայքարում է տարիներով ձևավորված արատավոր համակարգի դեմ։ Այն համակարգի դեմ, որը հենց իրենք են ոչ միայն պահպանել, այլև կատարելագործել։

Բայց կա մի հարց, որից իշխանությունը հետևողականորեն խուսափում է։ Եթե այսօր ընդունվում են նման օրենքներ, նշանակում է՝ իշխանությունն անուղղակիորեն ընդունում է, որ մինչ այժմ համակարգը գործել է կոռուպցիոն և հովանավորչական սկզբունքներով։ Այդ դեպքում ո՞վ է պատասխան տալու նախորդ ութ տարիների համար։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու պետական միջոցների յուրացման, բյուջետային հոսքերը յուրայինների միջև բաժանելու, պետական պաշտոնը անձնական հարստացման աղբյուրի վերածելու համար։

Ութ տարվա ընթացքում այս իշխանությունը ոչ միայն չի կատարել իր հիմնական նախընտրական խոստումները, այլ շատ դեպքերում արել է ճիշտ հակառակը։ Խոստանում էին պայքարել կոռուպցիայի դեմ՝ ստեղծեցին յուրայինների համար աննախադեպ արտոնյալ համակարգ։ Խոստանում էին հաստատել օրենքի իշխանություն՝ ձևավորեցին ընտրովի արդարադատություն։ Խոստանում էին պաշտպանել պետականությունն ու անվտանգությունը՝ Հայաստանը հասցրին պետականության կործանման եզրին։ Խոստանում էին միավորել հասարակությունը՝ խորացրին ներազգային պառակտումը և ատելության մթնոլորտը։ Օրինակները անվերջանալի բազմաթիվ են։

Եվ այսօր նույն մարդիկ կրկին փորձում են ներկայանալ որպես «հին համակարգի դեմ պայքարողներ»՝ այն դեպքում, երբ հենց իրենք են դարձել այդ համակարգի ամենախոշոր շահառուները։ Հետևաբար հանրությունը չպետք է հերթական անգամ դառնա գեղեցիկ, բայց դատարկ խոստումների զոհը։ Անբացատրելի անխոհեմություն կլինի հավատալ մի իշխանության, որը ութ տարվա ընթացքում ապացուցել է, որ իր յուրաքանչյուր բարձրաձայնված կարգախոս ընդամենը քաղաքական մանիպուլյացիա է՝ իշխանությունը պահպանելու համար։

Մնում է հուսալ, որ այս անգամ հայ ժողովուրդը արժանի քաղաքական գնահատական կտա Նիկոլ Փաշինյանին և նրա գրպանային «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ այն աղետալի հետևանքների համար, որոնց առաջ կանգնեցվել է Հայաստանը։ Որ հասարակությունը այլևս չի տրվի հուզական շանտաժին, փողոցային պոպուլիզմին և հերթական «փրկչական» ներկայացումներին։ Քանզի Հայաստանը և հայ ժողովուրդը այլևս սպառել են պետության ճակատագիրը դատարկ խոստումների և քաղաքական դերասանության զոհասեղանին դնելու բոլոր ռեսուրսները։ Այս անգամ նման արկածախնդրությունը կդառնա ճակատագրական։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև