Եկամուտներ, պարտքեր, գաղտնիացված տվյալներ. ի՞նչ են ցույց տալիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրերը

2018 թվականի իշխանափոխությունից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի ֆինանսական պատկերը նկատելիորեն փոխվել է։ Հաջորդող տարիների նրա հայտարարագրերն արձանագրում են եկամուտների կտրուկ աճ, կայուն պարտքային բեռ, կանխիկ միջոցների զգալի ծավալներ և տվյալների մի մասի համակարգված գաղտնիացում, ինչը բազմիցս դարձել է լրագրողական հետաքննությունների և ստուգումների առարկա։

Արդեն 2018 թվականի հայտարարագրում՝ իշխանության գալու առաջին իսկ տարում, 560 հազար դրամ հայտարարագրված աշխատավարձի պայմաններում Ալեն Սիմոնյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 14 միլիոն 560 հազար դրամ։ Նույն տարում նշվել են բնակարան, 12 միլիոն դրամով Range Rover Evoque մեքենայի գնում, Mitsubishi ASX-ի վաճառք, ինչպես նաև դրամական միջոցներ՝ դրամով և դոլարով։ Կնոջ՝ Մարիամ Մարգարյանի եկամուտը այդ ժամանակահատվածում կազմել է մոտ 1,5 միլիոն դրամ։

Հենց այս ժամանակահատվածի հայտարարագրերն են դարձել «Փաստերի ստուգման հարթակի» (FIP) հետաքննության առարկան,  որը մատնանշել էր ընթացակարգային խախտումներ, անճշտություններ գույքի ձեռքբերման ամսաթվերում և հարցեր՝ կապված միջոցների աղբյուրների հետ, մասնավորապես՝ Range Rover մակնիշի ավտոմեքենայի գնման ժամանակ։ Ստուգման արդյունքներով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կիրառեց կարգապահական տույժ՝ նախազգուշացման տեսքով։

2020–2022 թվականներից սկսած՝ հայտարարագրերի կառուցվածքը դառնում է պակաս թափանցիկ։ Եկամուտների, արժեթղթերի և միջոցների ծագման վերաբերյալ տվյալների զգալի մասը գաղտնիացված է։ Ընդ որում, տարեցտարի պահպանվում է խոշոր պարտքը՝ մոտ 53,8 միլիոն դրամ, ինչպես նաև հայտարարագրվում են կանխիկ միջոցների զգալի գումարներ, որոնք չափվում են տասնյակ միլիոնավոր դրամներով։

2022 թվականին Ալեն Սիմոնյանի հայտարարագրված եկամուտը կազմել է մոտ 70 միլիոն դրամ։ Այդ գումարից ավելի քան 48 միլիոն դրամը ստացվել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ից։ Տարեվերջին Ալեն Սիմոնյանն ունեցել է ընդհանուր 65,942,291 դրամի փոխառություններ և վարկեր։

Հայտարարագրում նշված են նաև գույքի վարձակալությունից ստացված եկամուտներ և դատական որոշումներով ստացված մուտքեր։ Նույն ժամանակահատվածում Սիմոնյանը բնակարան է ձեռք բերել Արշակունյաց պողոտայում գտնվող «Բյուրեղ» բնակելի համալիրում՝ գնումը ձևակերպելով հիփոթեքային վարկով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում, որը վերահսկվում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի կողմից։ Ընդ որում, այս ժամանակահատվածի գույքի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկությունների զգալի մասը բացակայում է հանրային հասանելիությունից։

2024 թվականի հայտարարագրում տվյալների մեծ մասը կրկին գաղտնիացված է։ Չփակված տեղեկություններից հետևում է, որ Ալեն Սիմոնյանի մոտ պահպանվում է 2019 թվականին ձեռք բերված բնակարանը և նույն խոշոր պարտքը՝ մոտ 53,8 միլիոն դրամի չափով՝ չնայած դրա մարմանն ուղղված նշված վճարումներին։ Հաշիվների վրա եղած դրամական միջոցները նվազում են մինչև նվազագույն արժեքների, մինչդեռ կանխիկ միջոցների ծավալն աճում է։ Տարեկան ընդհանուր եկամուտը նվազում է մինչև մոտ 29 միլիոն դրամ, սակայն դրա կառուցվածքում կրկին առկա են բանկային փոխառություններ և մուտքեր պետական ու մասնավոր աղբյուրներից։ Կնոջ գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները այս ժամանակահատվածի համար գաղտնիացված են։

Հայտարարագրերի զանգվածում առանձին դրվագ է հանդիսանում Աբովյան 62 հասցեում գտնվող անշարժ գույքը, որտեղ FIP֊ը մատնանշում էր սեփականության բաժնեմասի հնարավոր թաքցնումը։ Հրապարակումներից հետո Կադաստրի կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ, ըստ որի՝ սեփականության իրավունքը օտարվել էր դեռևս 2016 թվականին, իսկ նախկինում տրամադրված տեղեկատվությունը կարող էր լինել տեխնիկական սխալի հետևանք։ Այս դրվագը լավագույնս պատկերում է լրագրողական հետաքննությունների և դրանց հաջորդող պաշտոնական «ճշգրտումների» միջև առկա հակասությունը, որը բնորոշ է այս ամբողջ պատմությանը։

Համակցության մեջ Ալեն Սիմոնյանի 2018–2024 թվականների հայտարարագրերը ձևավորում են կայուն պատկեր. եկամուտների արագ աճ իշխանության գալուց հետո, բանկային և արտաքին մուտքերի զգալի դերակատարում, քրոնիկական խոշոր պարտքային բեռ, կանխիկ միջոցների մեծ ծավալներ և տվյալների պարբերական գաղտնիացում, ինչը դժվարացնում է հանրային և լրագրողական ստուգումը։

Ուշադրության է արժանի Ալեն Սիմոնյանի կնոջ (այժմ արդեն նախկին կնոջ)՝ Մարիամ Մարգարյանի եկամուտների դինամիկան։ 2019 թվականին նա ձեռք է բերել «ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը և դարձել ընկերության տնօրեն, ինչպես նաև եկամուտներ է ստացել «ՄեդիաՆյուզ» ՍՊԸ-ից։ Հաջորդող տարիներին նրա հայտարարագրերում արձանագրվում են բիզնես ակտիվներ, վարկեր (այդ թվում՝ սեփական ընկերությունից և բանկերից), ինչպես նաև կանխիկ միջոցների զգալի գումարներ։ Եթե 2018-ից հետո առաջին տարիներին նրա հայտարարագրված եկամուտները կազմում էին տարեկան մոտ 1,5 միլիոն դրամ, ապա 2022–2023 թվականներին դրանք աճել են մինչև տարեկան 60–68 միլիոն դրամի։ Ընդ որում, նրա գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալների մի մասը տարբեր տարիներին նույնպես գաղտնիացված է եղել։

Համառոտ. Ի՞նչ են ցույց տալիս Ալեն Սիմոնյանի 2018–2024 թթ. հայտարարագրերը.

• Իշխանության գալուց հետո նրա տարեկան եկամուտը 14,5 միլիոնից աճել է մինչև մոտ 70 միլիոն դրամի։

•Աշխատավարձը կազմում է եկամուտների միայն մի մասը և չի բացատրում դրանց ընդհանուր ծավալը։

•Էական դեր են խաղում բանկային մուտքերը, վարձակալությունը և այլ արտաքին աղբյուրներ։

•Մի քանի տարի շարունակ պահպանվում է մոտ 53,8 միլիոն դրամի պարտքը։

• Տարեցտարի հայտարարագրվում են տասնյակ միլիոնավոր դրամների հասնող կանխիկ միջոցներ։

• Եկամուտների, ակտիվների և միջոցների ծագման վերաբերյալ տվյալների զգալի մասը գաղտնիացված է։

• FIP-ի հետաքննությունները բացահայտել են խախտումներ և անճշտություններ։

•Խնդրահարույց դրվագների մի մասը հետագայում շտկվել է պաշտոնական պարզաբանումների միջոցով»։

• Հայտարարագրերում արձանագրված են վարկային պարտավորություններ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում, որը վերահսկվում է Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի կողմից, ինչպես նաև գործարքներ կառուցապատող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի հետ, որը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև