69 միլիարդ դրամի պարտքերից մինչև 467 միլիոն դոլարի հնարավոր յուրացումներ․ Արցախի ներդրումային հիմնադրամի շուրջ հարցերը շարունակում են կուտակվել

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի կողմից հրապարակված տվյալները կրկին ուշադրության կենտրոն բերեցին «Արցախի ներդրումային հիմնադրամի» գործունեությունը։ Հրապարակված ցանկի համաձայն՝ հիմնադրամից փոխառություններ ստացած 30 իրավաբանական անձինք ընդհանուր առմամբ պարտք են ավելի քան 69 միլիարդ դրամ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, հրապարակված ցանկում ընդգրկված կազմակերպությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց զգալի մասը կապվում է Արցախի և Հայաստանի նախկին կամ ներկա պաշտոնյաների, ազդեցիկ գործարարների ու քաղաքական շրջանակների հետ։

Ցանկում ընդգրկված է «Ար Փաուեր» ՍՊԸ-ն, որը ներկայացնում էր Մաղավուզի քարածխի հանքը։ «Գոլդ Սթար» ՓԲԸ-ն պատկանել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին և զբաղվել է ոսկու հումքի արտահանմամբ։ «Դոմինիկ Սիստեմ» ՍՊԸ-ն կապվում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Գագիկ Սարգսյանի հետ, իսկ «Պետրոլ Սերվիս» և «Էվե Քոնսթրաքշն» ընկերությունները՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մերձավոր շրջապատից Էդուարդ Վերդյանի ընտանիքի հետ։

Հրապարակված նյութերում հիշատակվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի շրջապատին առնչվող անձինք, ինչպես նաև երկար տարիներ տարբեր պաշտոններ զբաղեցրած Կոմիտաս Կարապետյանի անունը։

Հատկանշական է, որ, ըստ «Ժողովուրդ»- ի աղբյուրների, հիմնադրամի ժամկետանց պարտավորությունների դատական կարգով բռնագանձման գործընթացը սկսվել է միայն 2023 թվականի հուլիսին՝ Արցախի նախկին պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, նույն աղբյուրների պնդմամբ, Ներսիսյանին պաշտոնից ազատելու պատճառներից մեկը հենց այդ գործընթացն էր։ Սկզբնական շրջանում դատարան ներկայացված հայցերը նույնիսկ վարույթ չէին ընդունվել պետական տուրքի չվճարման պատճառով, սակայն հետագայում վերաքննիչ ատյանը բեկանել էր այդ որոշումները և գործերը վերադարձրել վարույթ։ Թե ինչ ընթացք են ստացել այդ հայցերը դրանից հետո, առ այսօր հստակ տեղեկություններ չկան։

Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2024 թվականի հոկտեմբերի 19-ին «Վելես» կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ Արցախի ներդրումային հիմնադրամից կատարված ենթադրյալ յուրացումների վերաբերյալ։

Հաղորդման հեղինակների պնդմամբ՝ հիմնադրամի միջոցով շրջանառված միջոցների մի մասը հայտնվել է օֆշորային կառույցներում, իսկ ընդհանուր խոսքը վերաբերում է շուրջ 467 միլիոն դոլարի, որը տարիներ շարունակ ՀՀ կառավարության կողմից փոխանցվել է Արցախում զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մանրամասները՝ այս հրապարակման մեջ։

Հաղորդման առանցքային դրվագներից մեկը վերաբերում է «Իմաստ» ՍՊԸ-ին, որի 100 տոկոս բաժնեմասը ժամանակին պատկանել է Բերձորի նախկին քաղաքապետ Արթուր Սահակյանին։ Հետագայում ընկերությունը վերանվանվել է «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ, ապա՝ «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ։

Ըստ հրապարակված տվյալների՝ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ընկերության 75 տոկոս բաժնեմասը և «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի 37,6 տոկոս բաժնեմասը պատկանել են շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին, որը հանդիսանում է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահը և «Արմսվիսբանկի» սեփականատերը։

2017 թվականին ընկերության բաժնետերերի թվում հայտնվել է Կարեն Բախշյանը՝ ՊԵԿ Սևանի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Նաիրի Բախշյանի որդին, իսկ նույն տարվա սեպտեմբերին բաժնեմաս է ձեռք բերել նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։

2018 թվականին բաժնետերերի ցանկում ավելացել է նաև Գևորգ Մաչանյանը, որը հանդիսանում է «Արմսվիսբանկի» գործադիր տնօրենը։ Ըստ հրապարակումների հեղինակների՝ այս ամբողջ ֆինանսական շղթայի կենտրոնում գտնվել է հենց Վարդան Սրմաքեշը։

Մեկ այլ դրվագ վերաբերում է «Հակարի» ՍՊԸ-ին, որը շահագործել է «Հագարի 2» փոքր հիդրոէլեկտրակայանը։ Ընկերության բաժնետերերի թվում են եղել Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կոմիտաս Կարապետյանի կինը՝ Մերի Կարապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի կինը՝ Արմենուհի Ղուկասյանը, Սյունիքի նախկին մարզպետ և ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, ինչպես նաև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի կինը՝ Անահիտ Ղալթախչյանը։

Հաղորդման հեղինակների պնդմամբ՝ միայն այս չորս ընտանիքների մասնակցությամբ իրականացված սխեմաների շրջանակում հիմնադրամին կարող էր պատճառված լինել շուրջ 27 միլիոն դոլարի վնաս։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, որը հրապարակայնորեն բարձրաձայնել է այս թեման, պնդում է, որ դեռևս ամիսներ առաջ ներկայացված հաղորդումների շրջանակում իրավապահ մարմինները բավարար ակտիվություն չեն ցուցաբերել։ Նրա խոսքով՝ խոսքը Հայաստանի հարկատուների միջոցների հնարավոր անարդյունավետ կամ ոչ նպատակային օգտագործման մասին է, ինչը պահանջում է համակողմանի և թափանցիկ քննություն։

Արցախի ներդրումային հիմնադրամի պատմությունը, որը ժամանակին կոչված էր խթանելու Արցախի տնտեսական զարգացումը, այսօր վերածվել է բազմաթիվ անպատասխան հարցերի շղթայի։ 69 միլիարդ դրամի չվերադարձված պարտավորություններից մինչև 467 միլիոն դոլարի հնարավոր յուրացումների վերաբերյալ պնդումներ՝ այս ամենը շարունակում է մնալ հանրային և իրավական լուրջ հետաքրքրության առարկա։

Աղբյուրներ՝

  1. Ու՞ր է անհետացել Արցախի ներդրումային հիմնադրամի 69 մլդ․ դրամը:
  2. Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է:
  3. Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում:

Դարի գործարքը, թե՞ կոռուպցիոն սխեմա․ պետական եվ կալանքի տակ գտնվող գույքի վաճառքը Նարեկ Նալբանդյանին

Գրոշներով վաճառված հյուրանոց։ Նախկին վարչապետի առանձնատուն, որն իրացվել է՝ չնայած դրա նկատմամբ դրված կալանքին։ Երկրի խոշորագույն ցեմենտի գործարաններից մեկը, որն անցել է մեկ գործարարի ձեռքը։ Եվ վարչապետ, որը հրապարակավ անիծում է նրա անունը։ Նարեկ Նալբանդյանի պատմությունը մի դետեկտիվ պատմություն է այն մասին, թե ինչպես մի քանի տարվա ընթացքում սուպերմարկետների ցանցի համեստ սեփականատերը դարձավ Հայաստանի ամենաաղմկահարույց ակտիվների գլխավոր ձեռքբերողներից մեկը։ Եվ այն մասին, թե ինչու պաշտոնյաները դրանում կոռուպցիա չեն տեսնում։

Կարդալ ավելին

Ստվերային տոնախմբություն․ ինչպես երկու ընկերություններ առանց մրցույթի ավելի քան 7 միլիարդ դրամ ստացան Երևանի զարդարման համար

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը բացահայտել է մի սխեմա, որի շրջանակում պետական միջոցները զանգվածաբար, շրջանցելով օրենքը, փոխանցվում են երկու փոխկապակցված ընկերությունների։ Նրա գնահատմամբ՝ ծառայությունների իրական արժեքը ստացված գումարների ընդամենը 10–15 տոկոսն է կազմում։ Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության (ՀԱՆ) լրագրողական հետաքննությունն ուսումնասիրել է այս սկանդալի մանրամասները։

Կարդալ ավելին

ORAGIR.NEWS. 1 մլրդ. 450 հազար դրամի վերանորոգում՝ Աննա Հակոբյանի ազգականի ղեկավարած պոլիկլինիկայում

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքում հունիսից մեկնարկել են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Գյումրիի ամենամեծ և ամենահին պոլիկլինիկաներից մեկը հիմնանորոգվում է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի ներդրմամբ։

Կարդալ ավելին

75 միլիոն դրամ՝ մի դռան համար․ Փաշինյանի իշխանության նոր «գլուխգործոցը»

Հայաստանի կառավարությունը 2025 թվականի դեկտեմբերին որոշում է ընդունել, որը, անկախ փորձագետների կարծիքով, պետական միջոցների բացահայտ ոչ նպատակային օգտագործման ցայտուն օրինակ է։ Խոսքը լոնդոնյան «Sam Fogg» պատկերասրահից XII դարի դռան փեղկ ձեռք բերելու մասին է։ Գործարքի արժեքը՝ ներառյալ առաքումը, կազմել է 175 մլն 360 հազար դրամ՝ մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար։

Կարդալ ավելին

Հանրային Տրիբունալ․Պետական տեռոր՝ ժողովրդավարության մասին փաշինյանական դասերը

Հայաստանում՝ մի երկրում, որն իշխանությունների շուրթերով 2018 թվականից ի վեր հպարտորեն իրեն հռչակում է «ժողովրդավարության բաստիոն», այսօր քաղբանտարկյալների թիվը հասնում է 248 -ի։ Իրավապաշտպանները ահազանգում են, միջազգային դիտորդները խոսում են «քաղաքական բռնաճնշումների» և «ավտորիտար միտումների» մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին երդվում էր, թե «թավշյա հեղափոխությամբ» Հայաստանում սկսվել է օրենքի գերակայության դարաշրջանը, այսօր առավոտից երեկո հրահանգներ է տալիս՝ հաջորդը ում պետք է ձերբակալել։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև