​Համավարակ առանց տենդերների. ինչպես տասնյակ միլիարդավոր դրամներ դուրս բերվեցին պետական գնումների սովորական ռեժիմից

​Համավարակի շրջանում իշխանությունների առաջին որոշումներից մեկը դարձավ քովիդյան գնումների փաստացի դուրսբերումը պետական վերահսկողության ստանդարտ համակարգից։ Ավելին, 2020 թվականի մարտի 12-ին ընդունված որոշմանը տրվեց հետադարձ ուժ. դրա գործողությունը տարածվեց հունվարի 25-ից կնքված գործարքների վրա, երբ Հայաստանում դեռևս կորոնավիրուսի ոչ մի պաշտոնական դեպք չէր գրանցվել։ Երկրում COVID-19-ի առաջին պաշտոնական դեպքն արձանագրվել էր միայն մարտի 1-ին։

​Կառավարության որոշման համաձայն՝ մեկ անձից կատարվող գնումներն այլևս չէին սահմանափակվում նախկինում սահմանված 30 օրացուցային օր ժամկետով, կարող էին իրականացվել գնումների էլեկտրոնային համակարգից դուրս, իսկ առանձին դեպքերում թույլատրվում էր գործարքներ կնքել առանց գրավոր պայմանագրի, հաշիվ-ապրանքագրի կամ ՀԴՄ կտրոնի։ Նման միջոցների անհրաժեշտությունը իշխանությունները բացատրում էին արագ զարգացող համաճարակային իրավիճակին օպերատիվ արձագանքելու պահանջով։

​Մարտի 26-ին կառավարությունը հաստատեց համավարակի հետևանքների հակազդման համալիր ծրագիր։ Հետագայում ընդունվեց ևս 25 որոշում՝ ուղղված COVID-19-ի տնտեսական և սոցիալական հետևանքների հաղթահարմանը։

​«Transparency International»-ի տվյալներով՝ հակաճգնաժամային միջոցառումների ընդհանուր ծավալը գնահատվում էր մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրանց ֆինանսավորման համար Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց պետական բյուջեում, ինչը թույլ տվեց պակասուրդն ավելացնել մոտ 320 միլիարդ դրամով կամ շուրջ 660 միլիոն ԱՄՆ դոլարով։

​Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2020 թվականին COVID-19-ի կանխարգելման և հիվանդների բուժման նպատակով ուղղվել է 26 միլիարդ 491 միլիոն 923 հազար դրամ։ 2021 թվականին ծախսերը կազմել են ևս 27 միլիարդ 744 միլիոն 225 հազար 703 դրամ։

​Բյուջետային միլիարդավոր ծախսերին զուգահեռ՝ Հայաստանը ստացել է նաև զգալի արտաքին ֆինանսական աջակցություն։ 2020 թվականի մարտի 11-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում համավարակի դեմ պայքարի համար ներգրավվել է 472,4 միլիոն դոլարի միջազգային օգնություն, որից 358,6 միլիոն դոլարը (76%) կազմել են վարկերը, իսկ 113,7 միլիոն դոլարը (24%)՝ դրամաշնորհները։

​Կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ միջոցներն ուղղվել են առողջապահական համակարգի կարիքներին, համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և օպերատիվ արձագանքման ապահովմանը։

​Այնուամենայնիվ, նման լայնածավալ ծախսերն ուղեկցվում էին դրանց բաշխման թափանցիկության վերաբերյալ հարցերով։ «Transparency International»-ն իր ամփոփիչ զեկույցում Հայաստանը դասել է COVID-19-ի հետ կապված բյուջետային ծախսերի սահմանափակ հաշվետվողականություն ունեցող երկրների շարքին։ 

​Մասնավորապես, խոսքը վերաբերում էր առողջապահության նախարարության՝ մեկ անձից գնման և մեկ անձից հրատապ գնման ընթացակարգերով կատարված գնումների մասին տեղեկատվության բացակայությանը բաց հասանելիության մեջ։ Բացի այդ, կազմակերպությունը փորձում էր տվյալներ ստանալ կորոնավիրուսի դեմ պայքարի նվիրատվությունների կուտակման հատուկ գանձապետական հաշվով միջոցների շարժի վերաբերյալ։ Սակայն առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի իրավիճակի կարգավորումից և տվյալների ամփոփումից հետո։

​Միայն «Transparency International»-ի զեկույցի հրապարակումից հետո իրավիճակը մասնակիորեն փոխվեց։ 2020 թվականի հուլիսի 20-ից սկսած՝ առողջապահության նախարարության հրատապ գնումների մասին տեղեկությունները սկսեցին հրապարակվել պետական գնումների էլեկտրոնային համակարգում։ Հենց այդ պահից հնարավորություն ընձեռվեց հետևել, թե որ ընկերություններին և ինչ ծավալներով են բաշխվել համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցները։

​Այս գնումների վերլուծությունը ցույց է տալիս, որ միլիարդավոր դրամների պայմանագրերի զգալի մասը կենտրոնացած էր մատակարարների սահմանափակ շրջանակի շուրջ։

Յոթ անշարժ գույք, տասնյակ միլիոնների գործարքներ և նոր պաշտոն․ Հրաչյա Հակոբյանի պատմությունը

«Հրապարակը» գրում է, որ Հակոբյանը նշանակվել է «Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։ Ակումբից հայտնել են, որ նա համակարգելու է «Նոա Պարկի» աշխատանքների մի ուղղությունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է անելու։

Կարդալ ավելին

Factor TV․ Մանկապարտեզի տնօրենի պաշտոնը՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց

Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակումը հարցեր է առաջացրել մրցույթի արդարության և հնարավոր քաղաքական միջամտության վերաբերյալ։ Factor TV-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցած Գոհար Վարդանյանը ճիշտ է պատասխանել բոլոր հինգ հարցերին, իսկ տնօրեն նշանակված Անի Աբրահամյանը՝ ընդամենը երեքին։ Չնայած դրան՝ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը մրցույթից մեկ օր անց պաշտոնը վստահել է Աբրահամյանին։

Կարդալ ավելին

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև