Հանրային Տրիբունալ․ Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնություն. հարցերի ժամանակը եվ պատասխանների անհրաժեշտությունը

2018 թվականի քաղաքական փոփոխությունները հասարակության մեջ ձևավորեցին ոչ միայն իշխանափոխության, այլև ակնկալիքների մի ամբողջ համակարգ։ Այդ ակնկալիքների կենտրոնում, թերևս, կոռուպցիայի վերացումն էր՝ որպես պետական կառավարման արատավոր մեխանիզմների ապամոնտաժում և արտոնյալ խմբերի ազդեցության սահմանափակում։ Կոռուպցիայի դեմ պայքարը հռչակվեց նոր իշխանության ոչ միայն քաղաքական առաջնահերթություններից մեկը, այլև նրա բարոյական առավելության գլխավոր հիմնավորումներից մեկը։

Սակայն հետագա տարիները ցույց տվեցին, որ կոռուպցիայի թեման ոչ միայն չի անհետացել հանրային օրակարգից, այլև աստիճանաբար ստացել է նոր բովանդակություն։ Հասարակական ուշադրության կենտրոնում ավելի ու ավելի հաճախ սկսեցին հայտնվել արդեն գործող իշխանության ներկայացուցիչների գույքային հայտարարագրերը, նրանց հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը, պետական գնումների համակարգը, բարեգործական հիմնադրամների աշխատանքը և պետական որոշումների ընդունման գործընթացները։

Հենց այս հանգամանքն էլ հիմք դարձավ «Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնություն» (ՀԱՆ) նախագծի ստեղծման համար։ Նախաձեռնության նպատակն է կոռուպցիայի վերաբերյալ քննարկումները դուրս բերել քաղաքական հռետորաբանության և փոխադարձ մեղադրանքների դաշտից ու տեղափոխել փաստերի, փաստաթղթերի, մասնագիտական վերլուծության և հանրային վերահսկողության հարթություն։

Պետք է ընդգծել, որ խոսքը քաղաքական պայքարի հերթական գործիքի մասին չէ։ Ընդհակառակը, նախաձեռնությունը ձգտում է նպաստել այնպիսի հանրային վերահսկողության մշակույթի ձևավորմանը, առանց որի դժվար է պատկերացնել ժամանակակից և արդյունավետ պետության գործունեությունը։ Եթե հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները, ովքեր են ստանում խոշոր պետական պատվերները և որքանով են թափանցիկ կայացվում որոշումները, ապա այդ իրավունքը պետք է հիմնված լինի ոչ թե ենթադրությունների, այլ ստուգելի փաստերի վրա։

Այդ պատճառով ՀԱՆ-ի գործունեության առանցքում պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումը և ուսումնասիրությունն է։ Նախագծի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է փաստաթղթերի, հետազոտությունների և դոսյեների զգալի բազա, որն ընդգրկում է պետական կառավարման տարբեր ոլորտներ։

Առանձին ուսումնասիրությունների թեմա է դարձել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գործունեությունը։ Նախագիծը վերլուծում է հրապարակված տվյալները նրա եկամուտների աճի, ֆինանսական գործարքների և նրա եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ կապվող ընկերությունների գործունեության վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվում այն տեղեկություններին, ըստ որոնց՝ ԱԺ նախագահի եղբոր հետ փոխկապակցված կառույցները ստացել են ավելի քան 22 միլիարդ դրամի պետական պատվերներ։ Իհարկե, պետական պատվերների ստացումն ինքնին օրենքի խախտում չէ, սակայն նման ծավալների դեպքում հանրային վերահսկողության և շահերի հնարավոր բախումների հարցերը դառնում են առանձնահատուկ կարևորության խնդիր։

Նույնքան կարևոր է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ իրականացվող ուսումնասիրությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից մեկը, նախկին փոխվարչապետը, ANIF-ի խորհրդի նախկին նախագահը և ներկայիս քաղաքապետը նախագծի ուշադրության կենտրոնում է հատկապես իր և ընտանիքի անդամների գույքային վիճակի փոփոխությունների տեսանկյունից։ Հրապարակված տվյալների համաձայն՝ նրա հայտարարագրերում հայտնվել են տասնյակ միլիոնավոր դրամների եկամուտներ, բանկային վճարումներ, առևտրային կառույցներից ստացված միջոցներ, կրիպտոակտիվներ և այլ արժեքավոր գույք։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ միայն մեկ տարվա ընթացքում նրա դրամական մուտքերը գերազանցել են 38 միլիոն դրամը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև քաղաքապետի ընտանիքի անդամների անունով գրանցված ակտիվներին։ Խոսքը վերաբերում է նրա մոր անունով գրանցված ընկերություններին, ավելի քան ինը հեկտար արդյունաբերական նշանակության հողատարածքներին, Երևանի կենտրոնում գտնվող էլիտար բնակելի համալիրի 131 քառակուսի մետր մակերեսով բնակարանին, որի արժեքը գնահատվում է մոտ 66 միլիոն դրամ, ինչպես նաև Նորք-Մարաշում գտնվող առանձնատանը, որի շուկայական արժեքը մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար է։ Նախագծի նպատակը ոչ թե դատավճիռներ կայացնելն է, այլ նման ակտիվների ձևավորման հանգամանքների ուսումնասիրությունն ու հանրային նշանակություն ունեցող տեղեկատվության առավելագույն թափանցիկության ապահովումը։

ՀԱՆ-ի ուսումնասիրությունների կարևոր ուղղություններից է նաև վարչապետի աշխատակազմի գործունեությունը, որը ղեկավարում է Արայիկ Հարությունյանը։ Հենց այս կառույցի միջոցով են իրականացվում կադրային նշանակումները, պետական մարմինների համակարգումը և զգալի ֆինանսական ռեսուրսների կառավարումը։ Առկա տվյալների համաձայն՝ միայն 2024 թվականին վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցել են 21 միլիարդ դրամը։ Ակնհայտ է, որ նման ծավալի բյուջետային միջոցները պահանջում են հանրային վերահսկողության և արդյունավետության անկախ գնահատման մեխանիզմներ։

Նախագիծը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև պաշտպանության ոլորտին։ 2020 թվականի պատերազմից հետո Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարության միջոցով անցնում են հարյուրավոր միլիարդավոր դրամների ֆինանսական հոսքեր՝ ուղղված սպառազինության ձեռքբերմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և բանակի արդիականացմանը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղեկատվության մի մասը հասանելի չէ հանրությանը, սակայն հենց այդ պատճառով է կարևոր դառնում այնպիսի վերահսկողական մեխանիզմների մշակումը, որոնք կկարողանան համատեղել պետական գաղտնիքի պահպանման և ֆինանսական թափանցիկության սկզբունքները։

Առանձին հետազոտական ուղղություն է կազմում նաև առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի գործունեության ուսումնասիրությունը COVID-19 համավարակի տարիներին։ Ուսումնասիրության առարկան պետական գնումներն են, բուժհաստատությունների ֆինանսավորումը, հակահամաճարակային ծրագրերը և դրանց շրջանակներում պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը։ Հետագա քննություններն ու որոշ բուժհաստատությունների շուրջ հարուցված քրեական գործերը միայն ավելացրել են այս թեմայի նկատմամբ հանրային հետաքրքրությունը։

ՀԱՆ-ի ուշադրության կենտրոնում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից 2018 թվականի հուլիսին ստեղծված «Իմ քայլը» հիմնադրամը։ Նախագիծը ուսումնասիրում է հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները, նվիրատվությունների ներգրավման մեխանիզմները, ծախսերի կառուցվածքը և շահերի հնարավոր բախումները։

Հրապարակված տվյալների համաձայն՝ գործունեության առաջին վեց ամիսների ընթացքում հիմնադրամը ստացել է ավելի քան 859 միլիոն դրամի նվիրատվություններ, իսկ ամենախոշոր մեկանգամյա նվիրատվությունը կազմել է 241 միլիոն դրամ։ Հիմնադրամն ունեցել է տասնվեց աշխատակից և հոգաբարձուների խորհուրդ, որտեղ ընդգրկված են եղել իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ և նոր քաղաքական վերնախավի անդամներ։

Նախաձեռնությունն ուսումնասիրում է նաև հիմնադրամի կրթական, մշակութային, մարդասիրական և միջազգային ծրագրերը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ կրթական ծրագրերի համար նախատեսվել է 284 միլիոն դրամ, իսկ մշակութային նախաձեռնությունների համար՝ ավելի քան 142 միլիոն դրամ։ 2020 թվականի պատերազմից հետո հիմնադրամը մեկ միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և հայտարարել իր գործունեությունը մարդասիրական ծրագրերի ուղղությամբ վերակողմնորոշելու մասին։

Միևնույն ժամանակ նախագիծը վերլուծում է նաև հիմնադրամի վարչական ծախսերը։ Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ հրապարակված տվյալների համաձայն՝ 277,5 միլիոն դրամի դրամաշնորհներից ավելի քան 147 միլիոն դրամ ուղղվել է աշխատավարձերին, գործուղումներին և այլ վարչական ծախսերին, որոնցից շուրջ 100 միլիոն դրամը կազմել են միայն աշխատակիցների աշխատավարձերը։

Այս ամենը ցույց է տալիս, որ ժամանակակից հակակոռուպցիոն գործունեությունը չի կարող սահմանափակվել միայն անցյալի երևույթների ուսումնասիրությամբ։ Եթե հանրային վերահսկողությունը արժեք է, ապա այն պետք է տարածվի քաղաքական համակարգի բոլոր մասնակիցների վրա՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, կուսակցական պատկանելությունից կամ քաղաքական կենսագրությունից։

Հենց այդ պատճառով «Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնությունը» իր հիմնական առաքելությունն է համարում իշխանության, պետական կառույցների, դրանց հետ փոխկապակցված հիմնադրամների և առևտրային կազմակերպությունների նկատմամբ անկախ հանրային վերահսկողության համակարգի ձևավորումը։ Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել հայտարարագրերի, պետական գնումների, բյուջետային ծախսերի և շահերի հնարավոր բախումների մասնագիտական ուսումնասիրություն։

Քանի որ արդյունավետ պետությունը չի կարող կառուցվել միայն թափանցիկության մասին հայտարարությունների վրա, այլ պետք է հիմնվի իրական թափանցիկության և հաշվետվողականության վրա, հասարակությունն ունի լիարժեք իրավունք պահանջելու ոչ թե խոստումներ, այլ փաստեր, ոչ թե հայտարարություններ, այլ վերահսկելի և ստուգելի արդյունքներ։

Հանրային Տրիբունալ

Հանրային Տրիբունալ․ Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնություն. հարցերի ժամանակը եվ պատասխանների անհրաժեշտությունը

2018 թվականի քաղաքական փոփոխությունները հասարակության մեջ ձևավորեցին ոչ միայն իշխանափոխության, այլև ակնկալիքների մի ամբողջ համակարգ։ Այդ ակնկալիքների կենտրոնում, թերևս, կոռուպցիայի վերացումն էր՝ որպես պետական կառավարման արատավոր մեխանիզմների ապամոնտաժում և արտոնյալ խմբերի ազդեցության սահմանափակում։ Կոռուպցիայի դեմ պայքարը հռչակվեց նոր իշխանության ոչ միայն քաղաքական առաջնահերթություններից մեկը, այլև նրա բարոյական առավելության գլխավոր հիմնավորումներից մեկը։

Կարդալ ավելին

Իշխանության մատակարարները․ ո՞վ է շահում կառավարության ներկայացուցչական ծախսերից

​Եթե նախորդ հոդվածը պետական միջոցառումների, համաժողովների և հանրային արարողությունների անցկացումն ապահովող կապալառուների մասին էր, ապա վարչապետի աշխատակազմի ներկայացուցչական ծախսերի ուսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտել մշտական մատակարարների ևս մեկ խումբ: ​Խոսքը սննդի կազմակերպման, պաշտոնական միջոցառումների քեյթերինգային սպասարկման և ներկայացուցչական այլ ծառայությունների մասին է, որոնց ուղղությամբ վարչապետի աշխատակազմն ամեն տարի բյուջետային միջոցներ է հատկացնում:

Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանի «տեսարանների գործարանը»․ ո՞վքեր են ստանում բյուջետային միլիարդները

Մինչ իշխանությունները հասարակությանը պատմում են բարեփոխումների, արդիականացման և «իրական Հայաստանի» կառուցման մասին, վարչապետի աշխատակազմի շուրջ ձևավորվել է քաղաքական դեկորացիաների արտադրության մի ամբողջ արդյունաբերություն։ Գագաթնաժողովները, համաժողովները, տոնական շոուները, բեմականացված միջոցառումներն ու թանկարժեք արարողությունները դարձել են պետական կառավարման անբաժանելի բաղադրիչը, որտեղ բովանդակությունն ավելի ու ավելի հաճախ զիջում է տեղը տպավորիչ պատկերին։ Վարչապետի աշխատակազմի գնումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարյուր միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր դրամների պետական պայմանագրերը հետևողականորեն բաժին են հասնում պրոդյուսերական, event- և մեդիա ոլորտների ընկերությունների սահմանափակ շրջանակի, որոնք սերտորեն ներգրավված են հանրային միջոցառումների կազմակերպման մեջ։ Եվ եթե Արայիկ Հարությունյանի կադրային քաղաքականությունը վաղուց արդեն վկայում է, որ նա նախընտրում է իրեն շրջապատել հաղորդակցությունների և հանրային կապերի ոլորտից եկած մարդկանցով, ապա գնումների քաղաքականությունը բացահայտում է նաև այս համակարգի ֆինանսական կողմը, որտեղ հոսքագծի վրա է դրված ժողովրդի համար «տեսարանների» արտադրությունը, այն նույն ժողովրդի, որին միաժամանակ զրկում են պատմական հիշողությունից, ազգային գաղափարից և սեփական երկրի ապագան ինքնուրույն որոշելու իրավունքից։

Կարդալ ավելին

​«Մեդլայն». 829 հիվանդության պատմագիր և 263 միլիոն դրամի վնաս

​Համավարակի դեմ պայքարին հատկացված միջոցների ծախսման հետ կապված ամենաաղմկահարույց քրեական գործը դարձավ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի, «Մեդլայն Կլինիկ»-ի հիմնադիր և տնօրեն Բաբկեն Շահումյանի ու կլինիկայի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանի վերաբերյալ քննությունը։

Կարդալ ավելին

20,6 միլիարդ COVID-ի դեմ պայքարի համար․ ո՞ւմ հասան համավարակի գումարները և ինչո՞ւ են հարցեր առաջանում գնումների գործընթացի վերաբերյալ

Համավարակի դեմ պայքարին հատկացված միջոցների զգալի մասն ուղղվել է կորոնավիրուսով պացիենտներ ընդունող բժշկական հաստատություններին։ Պետական գնումների տվյալների համաձայն՝ միայն ստորև թվարկված բժշկական կենտրոններին առողջապահության նախարարությունը վճարել է ավելի քան 20,6 միլիարդ դրամ։ Ընդ որում, խոշորագույն պայմանագրերի զգալի մասը կնքվել է «մեկ անձից» գնման ընթացակարգով, իսկ պայմանագրերի մեծ մասը թվագրված է նույն օրով՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև