«Փաստինֆո». Արսեն Թորոսյանի եկամուտները 4 տարում կրկնապատկվել են

«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված՝ Արսեն Թորոսյանի 2021 թվականի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և այն համեմատել 2025 թվականի հայտարարագրի հետ։

Եկամուտների աճ

Հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականին Թորոսյանի, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց ընդհանուր եկամուտը կազմել է 12 միլիոն 843 հազար դրամ։ 2025 թվականին այդ ցուցանիշն արդեն հասել է 28 միլիոն 955 հազար դրամի՝ գրեթե կրկնապատկվելով։

Անշարժ գույք

2021 թվականի հայտարարագրում Արսեն Թորոսյանը նշել է երկու անշարժ գույք՝ մեկը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, մյուսը՝ Ծաղկաձորում։ Երկուսն էլ համատեղ սեփականության իրավունքով են եղել։ 2025 թվականի հայտարարագրում արդեն երեք անշարժ գույք է ներկայացված։ Նախկին երկու գույքերը պահպանվել են, սակայն դրանցից մեկը՝ Ծաղկաձորում գտնվողը, համատեղ սեփականությունից դարձել է Թորոսյանի միանձնյա սեփականությունը։

Բացի այդ, 2024 թվականին նա Ծաղկաձորում ևս մեկ անշարժ գույք է ձեռք բերել, որն ամբողջությամբ պատկանում է իրեն։

Տրանսպորտային միջոց

Փոփոխություն է արձանագրվել նաև տրանսպորտային միջոցի մասով։ 2021 թվականին Թորոսյանը հայտարարագրել էր 2017 թվականի արտադրության BMW ավտոմեքենա։ 2025 թվականի հայտարարագրում արդեն նշված է 2022 թվականի արտադրության TESLA։

Արժեթղթեր

2021 թվականին Թորոսյանի հայտարարագրում առկա է եղել Bank Austria-ում 20 հազար 804 եվրո արժողությամբ արժեթուղթ։ 2025 թվականի հայտարարագրում արդեն նշված է UniCredit Bank Austria AG-ում ունեցած արժեթուղթ։ Դրա արժեքը տարվա սկզբին կազմել է 50 հազար 500 եվրո, իսկ տարեվերջին՝ 51 հազար 500 եվրո։

Փոխառություններ և ավանդներ

2021 թվականի հայտարարագրում Թորոսյանը չի նշել հանձնված կամ վերադարձված փոխառություններ, ինչպես նաև բանկային ավանդներ։ Իսկ 2025 թվականին հայտարարագրում արդեն առկա են փոխառություններ։ «Ծաղկաձոր Պարկ» ՍՊ ընկերությունից նա ստացել է 15 միլիոն 750 հազար դրամ և 1 միլիոն 750 հազար դրամ փոխառություն։

Բանկային հաշիվներ և կանխիկ գումար

2021 թվականի հայտարարագրում Թորոսյանը նշել է բանկային հաշիվների մնացորդներ՝ 10 հազար 360 եվրո, 12 հազար 177 դոլար և 1 միլիոն 46 հազար 49 դրամ։ 2025 թվականի տարեվերջին բանկային հաշիվների մնացորդների շարքում նշված են 79 դոլար, 10 միլիոն 270 հազար 664 դրամ, 18 եվրո, 11 հազար 581 դրամ և 2 հազար 376 եվրո։ Բացի բանկային միջոցներից, 2025 թվականին Թորոսյանը հայտարարագրել է նաև 3 միլիոն դրամ կանխիկ գումար, մինչդեռ 2021 թվականին կանխիկ դրամ չի հայտարարագրել։

Վարկեր և ծախսեր

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թորոսյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 15 միլիոն 229 հազար 337 դրամ։ Վարկի մարմանն ուղղված ծախսերը նույն տարում կազմել են 2 միլիոն 179 հազար 688 դրամ։

Բիզնես և կապեր

Թորոսյանի 2025 թվականի հայտարարագրում նշված է նաև, որ նա «Միբս» ՍՊ ընկերության տնօրենն է։ Ընկերությունում նրա կինը՝ Վարդանուշ Թևանյանը, ունի 10 տոկոս մասնակցություն։

Պայմանագրեր

Հայտարարագրում առանձին բաժին կա նաև ՀՀ կամ համայնքների հետ կնքված՝ 5 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերի վերաբերյալ։ Այստեղ նշված տվյալների համաձայն՝ այդ պայմանագրերով փաստացի վճարված գումարի ընդհանուր չափը կազմել է 337 միլիոն 155 հազար դրամ։

Pastinfo.am

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև