«Պարզապես բիզնե՞ս». Նարեկ Նալբանդյանի հարցազրույցը նոր հարցեր է առաջացնում

«Հրապարակ»-ի՝ գործարար Նարեկ Նալբանդյանի հետ հարցազրույցը, որի նպատակն ակնհայտորեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալն էր, որոշ դրվագներում հակառակ արդյունքն է տվել․ պատասխանների փոխարեն նոր հարցեր են առաջացել։

Նալբանդյանը փորձել է ներկայացնել իր բիզնեսի ընդլայնումը որպես բացառապես տնտեսական հաշվարկների արդյունք՝ բանկային ֆինանսավորում, ներդրումներ, խնդրահարույց ակտիվների ձեռքբերում, աճուրդներ և շուկայական ռիսկ։ Նա հերքել է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հետ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապի առկայությունը։

Սակայն երբ խոսքը հասնում է ամենազգայուն հարցերին՝ «ՀրազդանՑեմենտի» ձեռքբերման գնին, աճուրդների ընթացքին, նախկին աշխատակիցների աշխատավարձերի պարտքերին և իշխանության հետ հնարավոր կապերին, պատասխանների մեջ նկատվում է նույն օրինաչափությունը․ կոնկրետ հարցին հաջորդում է ընդհանուր ձևակերպում, իսկ խնդրի էությունը տեղափոխվում է փաստաթղթերի, ընթացակարգերի կամ ընդհանուր տնտեսական տրամաբանության դաշտ։

Այդ պատճառով հարցազրույցը դժվար է դիտարկել որպես թեմայի վերջնական պարզաբանում։ Ավելի շուտ՝ այն ցույց է տալիս, թե որքան հարցեր են դեռ մնացել պատասխան չունեցած։

45 միլիոնից՝ 11,101 միլիարդ դրամ. «ՀրազդանՑեմենտի» գնի մաթեմատիկան

Ամենից ուշագրավը «ՀրազդանՑեմենտի» գործարքն է։

Նալբանդյանին ուղղվում է պարզ հարց․ գործարանը սկզբում վաճառքի հանվե՞լ է մոտ 45 միլիոն դոլարով, իսկ հետո ձեռք է բերվե՞լ մոտ 31 միլիոն դոլարով։

Սակայն այդ երկու թվերի վերաբերյալ ուղղակի պատասխան չի հնչում։

Փոխարենը Նալբանդյանը հղում է անում պաշտոնական փաստաթղթերին և ներկայացնում այլ թվեր՝ մոտ 15,228 միլիարդ դրամ գնահատված արժեք և 11,101 միլիարդ դրամ՝ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստի» վճարած գումար։

Այսինքն՝ հարցը դոլարով է, պատասխանը՝ դրամով։

Բայց թվերը, նույնիսկ այդ ձևով ներկայացված, ամբողջությամբ չեն վերացնում նախնական հարցը։ 11,101 միլիարդ դրամը տվյալ ժամանակահատվածի փոխարժեքով մոտ 28-29 միլիոն դոլար է։ Այսինքն՝ խոսքը դարձյալ նույն կարգի գումարի մասին է, որի շուրջ հարց էր բարձրացվել։

Ուրեմն ինչո՞ւ պարզապես չասել՝ այո, գործարքի վերջնական գինը կազմել է այսքան, սկզբնական գինը՝ այսքան, իսկ գնի նվազեցումը տեղի է ունեցել այսինչ ընթացակարգով և այսինչ պատճառներով։

Փոխարենը հանրությանը ներկայացվում է աճուրդային ընթացակարգի ընդհանուր նկարագրությունը։

Այստեղ, սակայն, մնում է ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ գնորդներ չեն եղել։

Աճուրդի գնի նվազեցման մեխանիզմը ինքնին որևէ բան չի ասում այն մասին, թե ինչու ակտիվը մի քանի անգամ չի վաճառվել։ Եթե խնդիրը բարձր գինն էր, դա պետք է հիմնավորվի։ Եթե գործարանի հետ կապված կային պարտքեր, պարտավորություններ կամ այլ ռիսկեր, դրանք նույնպես պետք է հայտնի լինեն։ Իսկ եթե պայմաններն այնպիսին էին, որ պոտենցիալ գնորդներին հետ էին պահում, ապա այդ պայմանները նույնպես կարևոր են գործարքի ամբողջական պատկերը հասկանալու համար։

Հատկապես այս համատեքստում ուշադրություն է գրավում նախկին աշխատակիցների աշխատավարձերի պարտքի հարցը։

Նալբանդյանը հստակ չի ասում, թե այդ պարտավորությունների համար ով է պատասխանատու՝ նշելով, որ հարցը պետք է պարզվի պայմանագրերից և մյուս փաստաթղթերից։ Բայց նման պարտավորությունը սովորական մանրուք չէ։ Խոշոր արտադրական ակտիվ ձեռք բերելիս դրա ֆինանսական և իրավական վիճակը պետք է նախապես ուսումնասիրված լինի, իսկ պարտքերի հետագա ճակատագիրը՝ հստակեցված։

Հենց այստեղ էլ առաջանում է ավելի լուրջ հարց՝ որքանո՞վ էին աճուրդի պայմանները իրականում թափանցիկ և բոլոր հնարավոր գնորդների համար նույնը։

Տեսականորեն հնարավոր է, որ աճուրդի պաշտոնական պայմանները բոլոր մասնակիցների համար նույնն են եղել, սակայն հենց այդ պայմաններն են պոտենցիալ գնորդներին հետ պահել մասնակցությունից։ Բայց հնարավոր է նաև այլ վարկած, որը նույնպես պետք է բացառվի փաստերով․ հրապարակային պայմաններից բացի, կոնկրետ գնորդի համար կարող էին գոյություն ունենալ ոչ հրապարակային պայմանավորվածություններ կամ խոստումներ, որոնք փոխել են գործարքի իրական ռիսկերը։

Այստեղ իրավական և «սոցիալական» մոտեցումները խառնվում են՝ կոնկրետ հարցից խուսափելու համար։ Հարցը իրավական էր՝ ո՞վ է վճարելու։ Պատասխանը՝ այն մասին, որ «տրամաբանական է դիտարկել նախկին աշխատակիցներին վերադարձնելու հնարավորությունը»։ Բայց աշխատանքի վերադարձը նախկին պարտքի մարում չէ։ Սա հարցի էության փոխարինում է. այն մարդկանց, որոնց աշխատավարձ պարտք են, պետք է վճարել։ Իսկ նրանց հետագա աշխատանքի հրավիրելը բոլորովին այլ հարց է։

Նալբանդյանի խոսքերը նույնիսկ որոշակի շանտաժի տարր է պարունակում. եթե պահանջեք աշխատավարձերի հին պարտքերի մարումը, կարող եք զրկվել հետագայում աշխատելու հնարավորությունից։

Այս պահին «ՀրազդանՑեմենտի» գործարքի շուրջ ամենաշատ հարցեր առաջացնում են հենց այն դրվագները, որոնց վերաբերյալ ուղիղ պատասխան չկա՝ նախնական և վերջնական գների հարաբերակցությունը, գնորդների բացակայության պատճառները, ձեռնարկության պարտավորությունները և նախկին աշխատակիցների աշխատավարձերի պարտքի ճակատագիրը։

Փաշինյանի ընտանիքի հետ կապը․ միանշանակ հերքում, բայց՝ առանց մանրամասների

Նալբանդյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների հետ չունի ո՛չ անձնական, ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ գործարար կապեր։ Նա նաև հայտնում է, որ վարչապետը իրավապահ մարմիններին հանձնարարել է ստուգել իր անվան շուրջ շրջանառվող տեղեկությունները՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքն էլ շահագրգռված է Փաշինյանի հետ իր կապի մասին տարածվող «միֆերի» հերքմամբ։

Սակայն շահագրգռվածության մասին խոսելը դեռևս կապի բացակայության ապացույց չէ։ Նալբանդյանը պահանջում է «կոնկրետ փաստ՝ ում եմ դա ասել, երբ եմ ասել, որ գործարքի ժամանակ եմ ասել»։ Բայց նման կապերը գրեթե երբեք չեն ձևակերպվում «ես վարչապետի անունն եմ օգտագործում» տիպի արտահայտություններով։ Դրանք կարող են դրսևորվել անուղղակիորեն՝ համաձայնությունների արագության, աճուրդների վերաբերյալ տեղեկություններին հասանելիության, պաշտոնյաների վարքագծի միջոցով։ Ուստի բացառապես ուղղակի ապացույց պահանջելը ի սկզբանե չափազանց բարձր շեմ է սահմանում՝ մեղադրանքը փաստացի դարձնելով սկզբունքորեն չապացուցվող։

Ավելին՝ «ես չունեմ ո՛չ անձնական, ո՛չ ընտանեկան, ո՛չ գործարար կապեր» ձևակերպումը կատեգորիկ հերքում է, բայց առանց որևէ կոնկրետ մանրամասնության։ Նալբանդյանը չի ասում՝ երբևէ հանդիպե՞լ է Փաշինյանին, շփվե՞լ է նրա շրջապատի հետ, 2018 թվականից առաջ ճանաչե՞լ է նրա ընտանիքի որևէ անդամի։ Պարզապես փակում է թեման։

Իսկ ո՞րն է այս ամբողջ պատմության իրական իմաստը

Սակայն այս բոլոր աղմկահարույց պատմությունների իրական իմաստը բոլորովին այլ հարթության մեջ է։

Նարեկ Նալբանդյանի շուրջ ծավալված արշավը, դրան Աննա Հակոբյանի միանալը և «88» սուպերմարկետների ցանցը բոյկոտելու կոչը, ավելի վաղ՝ Փաշինյանի «բարկացած հայտարարությունները, քրեական գործերի հարուցումը, ըստ էության, միայն մեկ բան են հաստատում՝ այս պատմության շուրջ ստեղծված աղմուկը, ամենայն հավանականությամբ, արհեստականորեն գեներացվում է հենց իշխանության կողմից։ Սկանդալի ծավալները վերահսկվում են, և, եթե անկեղծ խոսենք, Փաշինյանի համար այս պատմությունն առանձնապես վտանգավոր չէ։ Նա իշխանությունը պահեց նույնիսկ հայրենիքի բացահայտ դավաճանությունից հետո։ Նալբանդյանի հետ իր կապերի բացահայտումը նրա համար որևէ էական վտանգ չի ներկայացնում։

Նալբանդյանի մասնակցությունը այս ներկայացման մեջ, ամենայն հավանականությամբ, այն «վճարն» է, որը պետք է կատարվի իր բիզնես կառույցների «սրընթաց աճի և հաջողության» դիմաց։

Իսկ այս ամբողջ պատմության հիմնական նպատակը մեկն է՝ աղմկահարույց սկանդալներով լրացնել տեղեկատվական դաշտը, որպեսզի Հայաստանի համար առավել կարևոր գործընթացները մնան ստվերում ։

Քանի ժողովուրդը քննարկում է «ՀրազդանՑեմենտի» գինը և «88» խանութների ցանցի բոյկոտը, ստվերում են մնում այն թեմաները, որոնք իրականում երկրի ապագան են որոշում։

«Պարզապես բիզնե՞ս». Նարեկ Նալբանդյանի հարցազրույցը նոր հարցեր է առաջացնում

«Հրապարակ»-ի՝ գործարար Նարեկ Նալբանդյանի հետ հարցազրույցը, որի նպատակն ակնհայտորեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալն էր, որոշ դրվագներում հակառակ արդյունքն է տվել․ պատասխանների փոխարեն նոր հարցեր են առաջացել։ Նալբանդյանը փորձել է ներկայացնել իր բիզնեսի ընդլայնումը որպես բացառապես տնտեսական հաշվարկների արդյունք՝ բանկային ֆինանսավորում, ներդրումներ, խնդրահարույց ակտիվների ձեռքբերում, աճուրդներ և շուկայական ռիսկ։ Նա հերքել է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հետ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապի առկայությունը։

Կարդալ ավելին

«Փաստինֆո». Արսեն Թորոսյանի եկամուտները 4 տարում կրկնապատկվել են

«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված՝ Արսեն Թորոսյանի 2021 թվականի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և այն համեմատել 2025 թվականի հայտարարագրի հետ։

Կարդալ ավելին

«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով տրվել է կաշառք ամերիկյան օլիգարխատին, իսկ թե ո՞վ պիտի էդ փողը հետ դնի տեղը՝ ոչ մեկ չգիտի… Էսօրվա օրով ապրելու կայֆն էլ էդ ա». Արթուր Դանիելյան

Սկզբից մեզ ասվեց, որ ԱՄՆ-ն 4 մլրդ դոլար է ներդնելու «ԱԲ գործարանի» մեջ: Հետո պարզ դարձավ, որ 4 մլրդ չի, այլ 300 մլն է, և ոչ թե ԱՄՆ-ն է Հայաստանում ներդրում անելու, այլ Հայաստանն է ԱՄՆ-ից գնելու անհրաժեշտ չիպերը: Հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը դա անելու է ոչ միայն տեղական բանկերի փողերով, այլ նաև մեր կենսաթոշակային հիմնադրամի գումարներով: Ընդ որում, քանի որ կենսաթոշակային հիմնադրամին օրենքով արգելված է նման ավանտյուրաների մեջ մարդկանց թոշակների գումարները քամուն տալ, մեր լեգիտիմները փոխեցին այդ օրենքը: Թեպետ, իհարկե, բանկերն էլ նենց չի, որ բանկիրների փող են ներդրել: Ո՛չ, դա բանկերի ավանդատուների փողերն են:

Կարդալ ավելին

Հայաստանի դեղագործական շուկան․ մեծ փողեր, նեղ շրջան եվ պետական վերահսկողության ձախողումները

Շուկայի զգալի մասը կենտրոնացած է սահմանափակ թվով խոշոր ներմուծողների ձեռքում։ Խոշոր խաղացողների գործունեության վերաբերյալ տարիներ շարունակ արձանագրվել են հակամենաշնորհային վարույթներ։ Դեղագործական բիզնեսի և պետական համակարգի միջև առանձին դեպքերում ի հայտ են եկել մասնագիտական ու ընտանեկան կապեր, որոնք պահանջում են շահերի բախման նկատմամբ խիստ վերահսկողություն։ Չգրանցված դեղեր հայտնաբերվում են սովորական դեղատներում, դրանց վաճառքի համար սահմանվող տուգանքները հասնում են միլիարդավոր դրամների, իսկ նոր ահազանգերն ու խախտումների դեպքերը շարունակում են հայտնվել հանրային օրակարգում։

Կարդալ ավելին

«Հետք». Վեդու համայնքապետի մորեղբոր ընկերությունը 389 միլիոն դրամի պայմանագրեր է ստացել համայնքապետարանից

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի ղեկավարած համայնքապետարանը 2022 և 2023 թվականներին ընդհանուր 389 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Ընկերության 100 տոկոս բաժնետերը Գարիկ Սարգսյանի մորեղբայր Գրիգոր Մանուկյանն է։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև